Այսօր Վանաձորի Հայքի հրապարակում իր քարոզարշավն անցկացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: ԲՀԿ առաջնորդ, վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանն իր ելույթը սկսեց երկրի ու ժողովրդի անվտանգության մասին խոսելով: Իսկ այդ ճանապարհը նա տեսնում է միայն Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում. «Դրա լուծումը միանշանակ պետք է Ռուսաստանի հետ: Միշտ ասել եմ՝ մեր դարավոր բարեկամի հետ պետք է նոր փաստաթուղթ ստորագրենք, որ մեր ռուս ու հայ զինվորներն իրար կողք-կողքի սահմանը պահեն, որ ճանճ չանցնի այդ սահմաններում»,- ապա օրինակ բերելով, որ Թուրքիան մշտապես գտնվում է Ադրբեջանի կողքին ասաց. «Անհրաժեշտ է օդ ու ջրի պես, որ Ռուսաստանի հետ նոր փաստաթուղթ ստորագրվի` ռազմաքաղաքական, որ լիարժեք վերջ դնենք ամեն ինչին»:
Խոսքն ուղղելով վարկերից տուժած քաղաքացիներին, Ծառուկյանն ասաց, որ իշխանության գալուց հետո, իրենք պետք է տարբերակներ գտնեն ժողովրդի վարկերը փակելու համար: Խոստանալով, որ այդ ճանապարհին չեն տուժի՝ ոչ վարկատուները, ո՛չ էլ վարկառուները. «Այս 2 տարվա ընթացքում ամբողջ ազգը տուժել ա, վնասվել ա, տուժ ու տուգանք վճարելով, պայքարելով, հույս ունենալով, որ լավ բան է լինելու, տնտեսական հեղափոխություն է լինելու, որ կարողանալու են վարկերն ու պարտքերը փակեն: Բայց 2 տարի ա միայն տույժ տուգանքն ավելանալով, մարդկանց ունեցվածքը բանկերում գրավ դնելով, մարդիկ էսօր ժպիտ չկա: Մտածում են, որ վաղը կորցնելու են տունը, փողոցում են հայտնվելու: Պետությունը պետք է քայլ կատարի իր ժողովրդի համար, որ ժողովրդին կարողանա փրկի այդ անդունդից: Մենք բանկերին վնաս չենք տալու, որ բանկիրները վախում են, կարողա բանկերը տրաքեն, որ Ծառուկյանը եկավ իշխանություն որոշում է կայացնելու բանկերը փակել: Մենք բերելու ենք գումար այդ գումարով ենք փակելու, բանկերին ձեռք չենք տալու»:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ