Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աննա Գեւորգյան․«Ունենալ նորմալ հարաբերություններ հարեւանների հետ, չի նշանակում հանդուրժել նրանց թշնամական վերաբերմունքը կամ չունենալ բանակ»

Հունիս 16,2021 20:44

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի կին թեկնածուները հանդիպել են երիտասարդների հետ։

Հանդիպման ընթացքում հարց հնչեց՝ այսքան տարիներ հետո խաղաղության գաղափարը հասարակությունում տարածելու ի՞նչ մեխանիզմներ եք տեսնում։ Հարցը տվեց Լյուսի Քոչարյանը եւ մի դրվագ պատմեց, երբ իր վեց տարեկան երեխան նրան հարցրել է՝ մամա, երբ մենք մեծանանք՝ առաջինն ո՞ւմ պետք է սպանենք, թուրքերի՞ն, թե՞ ադրբեջանցիներին։

Ի պատասխան այս հարցի, Աննա Գեւորգյանը, որը ՀԱԿ ընտրական ցուցակում 6-րդ համարն է, ասաց՝ այս հարցի հիմքում ընկած է այն իրողությունը, որ մենք նախ շատ տարբեր բաներ ենք հասկանում խաղաղություն ասելով։ Օրինակ՝ քաղաքական ուժերը տարիներ շարունակ ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի մենք խաղաղություն ասելով՝ հասկանանք գլխիկորություն, հանձնվել, պարտություն եւ ազգային ինքնությունից հրաժարում․«Այս բոլորն արհեստականորեն ստեղծված թեզեր են։

Մյուսն այն թեզն է, որ խաղաղությունը դրսից պարտադրված օրակարգ է, եթե մարդը խոսում է խաղաղության մասին, ուրեմն, անպայման, դրսի օրակարգի մի մաս է, ֆինանսավորվում է դրսից եւ չի կարող սեփական կամքով եւ սեփական խելքով իր սեփական երեխայի համար խաղաղ ապագա ցանկանալ։ Այս ամենից բխող ամենամեծ խնդիրն ինքնախաբեությունն է, որովհետեւ պատերազմից եւ հակառակորդ հարեւանների հետ թշնամությունից խոսում են մարդիկ, որոնք տուրիստական գործակալություններ բացելիս՝ ուղղությունները նշելիս՝ բոլորի դեպքում երկրների անուններն են նշում, Թուրքիայի դեպքում Անթալիա են նշում։ Դրանով խաբում են իրենց եւ տպավորություն ստեղծում, թե խաբել են բոլորին։ Եւ այս սկզբունքը կիրառում են մյուս բոլոր ոլորտներում»։

Աննա Գեւորգյանը հայտարարեց՝ ՀԱԿ-ը, որպես քաղաքական ուժ, բոլոր հնարավոր միջոցներով պետք է մերկացնի այդ ինքնախաբեության բոլոր դրսեւորումները, որովհետեւ անհնար է, որ որեւէ հասարակություն լինի պատերազմի հասարակություն, մարդիկ՝ կին, թե՝ տղամարդ, չեն կարող հիմնվել մեռնելու ծրագրերի վրա․«Բայց մեր հավաքական ծրագրերը, որպես կանոն, եղել են մեռնելու մասին, հերոսությունը կապվել է միայն մարտադաշտում անձնազոհության հետ, խաղաղ պայմաններում ինչպես հերոսանալու օրակարգեր մենք չենք ունեցել։

Իշխանությունները, որոնք որդեգրել են այս փաստը, կոնկրետ դրանից շահ են ունեցել, որովհետեւ այդ ինքնախաբեության կեղծ պաթոսի շղարշի տակ իրենք արել են կոնկրետ իրենց անձնական շահից բխող ծրագրեր եւ ամենեւին պետության եւ հասարակության մասին չեն մտածել նման գաղափարներ շրջանառելով»։

Աննա Գեւորգյանի կարծիքով․«Տարիներ շարունակ այս բոլոր խոսակցություններում բացակայում էր մեր հասակակիցների, մարդկանց ձայնը, որոնք վաղը այն մայրերի դերում պետք է հանդես գան, ում համար քաղաքական գործիչները սահմանելու են թե ինչպես պիտի հերոսանալու դրվագներում մասնակից լինեն։ Լռեցված էր այդ ձայնը եւ այսօր էլ, ցավոք, անգամ այդքան զոհերից հետո փորձում են նորից պաթոսախառը շղարշով ներկայացնել տեղի ունեցածը եւ նորից խոսել այն մասին, որ մենք զինվորներ պետք է ծնենք, աղջիկներին էլ պետք է դաստիրակենք այնպես, որ զինվորներ պետք է ունենալ։ Այսինքն, այդ խոսույթից դուրս ոչ մի կերպ չի ստացվում քաղաքական քննարկում ունենալ»։

Տիկին Գեւորգյանը մինչ երիտասարդների հետ հանդիպման գալն, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ բանավեճի էր մասնակցում, ինչ վերաբերյալ ասաց․«Այդ միջոցառման ժամանակ խոսում էինք երկրի ապագայի մասին, եւ ինչ-որ մի պահի ինձ մոտ տպավորություն եղավ, որ մենք ինչ-որ զորամասի ապագայի մասին ենք խոսում, մենք մեր երկիրը մի մեծ զորամասի ենք վերածել՝ մեր մտածողության իմաստով, եւ որեւէ տեղ չենք թողել հասկանալու համար, որ մենք պետություն ենք եւ պետության քաղաքացիներ ենք»։

Աննա Գեւորգյանի խոսքով՝ իշխանություն ունենալու դեպքում, սկսած մանկապարտեզով ու չվերջացրած դպրոցով, որովհետեւ, ինչպես ինքն ասաց, բուհերում էլ է նույնը տիրում՝ գիտական հետազոտություններ են արվում այդ ոչմիթիզական սկզբունքներով, ու գիտակրթական ոլորտում այդ խոսույթը գեներացվում է․«Վերջապես, պետք է բացատրել, որ ունենալ նորմալ հարաբերություններ հարեւանների հետ, ամենեւին չի նշանակում հանդուրժել նրանց թշնամական վերաբերմունքը, հրաժարվել քո ինքնությունից կամ չունենալ բանակ, սա մյուս ծայրահեղական մոտեցումն է, երբ ասում են՝ եթե դու խոսում ես խաղաղությունից, նշանակում է դու նսեմացնում ես բանակը կամ ուզում ես կազմաքանդել բանակը։ Դրանք մեկը մյուսին չհակասող գաղափարներ են, ամենախաղաղ երկրներն անգամ ունեն ծրագրեր իրենց բանակն ամուր եւ հզոր պահելու համար։ Մենք պետք է փորձենք ամեն առիթ օգտագործելով՝ այս ամենը հասցնել քաղաքացիներին»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930