«Ոչ, իհարկե: Մեր թիմը չի ցանկանում նոր պատերազմ»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում, Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վիկտոր Սողոմոնյանը:
Հիշեցնենք, երեկ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր քննադատել Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը`Արցախի տարածքային ամբողջականությունը նախկին ԼՂԻՄ սահմաններում վերականգնելու հնարավորության մասին`ասելով, որ Ռոբերտ Քոչարյանը խոստանում է նոր պատերազմ, զոհեր, արյուն, քանի որ առանց պատերազմի դա անել հնարավոր չէ:
Վիկտոր Սողոմոնյանի հավաստմամբ, պատերազմ կլինի, եթե այս իշխանությունները մնան պետության ղեկին. «Մենք տեսնում ենք, թե ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան մեզ չեն նկատում»: Վիկտոր Սողոմոնյանը հայտարարեց, որ արժանապատիվ խաղաղության գաղափարը տեսանելի կդառնա ընտրություններից հետո առաջին իսկ օրերից: «1998 թվականից ի վեր Տեր-Պետրոսյանը Քոչարյանին մեղադրում է «պատերազմի կուսակցության» ղեկավար դառնալու մեջ, չնայած վերջինիս նախագահության շրջանը ամենախաղաղն է եղել: Այդպես կլինի նաեւ այս անգամ: Ցավում եմ, որ նա նման էժանագին մանիպուլյացիայի է դիմում»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը:
Ի դեպ, ավելի վաղ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսել էր ՀԱԿ-ի`խորհրդարան անցնելու դեպքում «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների հետ կոալիցիա կազմելու հավանականության մասին, որպեսզի կանխվի Նիկոլ Փաշինյանի բացարձակ իշխանության հավանականությունը: Իսկ առհասարակ, առաջին նախագահը խոսել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի բացարձակ իշխանությունը բացառելու մասին`ասելով, որ լավագույն տարբերակը տեխնոկրատների կառավարության գոյությունն է:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին`«Հայաստան» դաշինքում պատրա՞ստ են ՀԱԿ-ի հետ կոալիցիա կազմելու կամ ո՞ր դեպքում կհամաձայնվեն նման տարբերակի, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. «Տպավորություն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը խճճվել է, նրա հայտարարությունները հակասում են իրար»:
«Սկզբում նա ասում է, որ թույլ չի տա, որ Քոչարյանը գա իշխանության, իսկ հետո ասում է, որ պատրաստ է նրա հետ կոալիցիա կազմել: Այժմ նա քննադատում է այն անձին, որը կյանքի է կոչել «Ղարաբաղը բեռ է» չարաբաստիկ հայեցակարգը, որին նա աջակցում է, իսկ այժմ ասում է, որ պետք է ազատվենք այդ մարդուց»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը:
Այլ մանրամասները`տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ