«Ունենք սարսափելի մեծ կորուստներ թե՛ հոգեւոր թե՛ տարածքային առումով»,-այսօր ասաց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքով, հասարակության ճնշող մեծամասնություն անտարբեր է՝ Ալիեւի, Թուրքիայի նախագահ Էրդողանի այցին Շուշի. «Միացյալ նահանգներում եւ այլուր ամեն տեղ լցրել են այդ ֆաստֆուդերը, մարդիկ մտածում են ստամոքսի մասին: Մարդ արարածը բոլոր տեղերը գրեթե նույնն է. Մտածում են՝ ես լավ եմ, կուշտ եմ, խոշոր առումով դժվարություններ չկան, ուրեմն՝ ի՛նչ Արցախ, ի՛նչ Շուշի, ի՛նչ Սյունիք: Սեւանն էլ նրանց պետք չէ, կասեն՝ երբեմն ցուրտ է լինում Սեւանում»:
Վարդան Բոստանջյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի եւ նրա քաղաքական թիմի քարոզարշավը սկզբնական փուլում անցնում էր համեմատաբար զուսպ, սակայն օրեցօր դարձավ «ագրեսիվ ու անթույլատրելի բառապաշարով»: Ըստ պարոն Բոստանջյանի, Փաշինյանին ծափահարող ամբոխն էլ ուզում է դա լսել. «Դեռեւս խորհրդային տարիներից սկսած՝ մենք չդաստիարակվեցինք որպես ազգային քաղաքացի, եւ ստացվում է այնպես, որ մեր ապրելու հեռանկարը գտնվում է մարդկանց ձեռքում, որոնք դպրոց չեն հաճախել, տգետ են, որոնք ամբոխ են: Փաստորեն, ստացվել է այնպես, որ նրանց տեսակարար կշիռը որոշում է կայացնում մեր հեռանկարի վերաբերյալ: Մենք պետք է այդ ողորմելի վիճակից դուրս գանք»:
Հարցին՝ թե Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո 4 օրով «ամրագրել» է Հանրապետության հրապարակը, արդյոք նրան թույլ կտա՞ն իրականացնել այն ինչ ծրագրել է, Վարդան Բոստանջյանն ի պատասխան ասաց. «Նա շարունակում է գործել այնպես՝ ինչպես սկսել է: Նա ամբոխին լցնելով Ազգային ժողով, տարբեր տեղեր, վերցրեց իշխանությունը: Նա ուզուրպացրեց ե՛ւ գործադիր ե՛ւ օրենսդիր իշխանությունը: Տես՛ք նրա ջղաձգային շարժումները՝ դատական իշխանությունները կործանելու մոլուցքով: Նա մնում է իր նախկին մոտեցմանը, հավաքել տգետ զանգվածին եւ այդ միջոցով կարողանալ ճնշում գործադրել բոլորի վրա»:
Վարդան Բոստանջյանի կարծիքով, բոլոր դեպքերում՝ անկախ նրանից դիմացինն ինչպես է իրեն դրսեւորում, քարոզարշավի ընթացքում դիմացինին «փչացնելը, փնովելն ու նման բառամթերքով արտահայտվելը» մեծ սխալ է. «Նա ով այդպես վարվեց՝ անհաջողության է մատնվելու: Եթե դու հասարակության հետ ես խոսում, պետք է ցույց տաս՝ ինչ ես անում»: Վարդան Բոստանջյանը կարծում է, որ երկիրն այս իրավիճակից կարող է հանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը, ըստ նրա, «ուժեղ կառավարիչ է, մարդկային հարաբերությունների գիտակ, հարաբերությունները հարգող անձնավորություն»:
Կարդացեք նաև
Նա հույս հայտնեց, որ մարդիկ դադարում են սատարել Նիկոլ Փաշինյանին եւ հասունացման գործընթաց է տեղի ունենում ու շարունակվում. «Մարդիկ աստիճանաբար սթափվում են»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ