2018թ. ՀՀ-ում տեղի ունեցած գունավոր հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժերը, անցած երեք տարիների ընթացքում, ծրագրավորված քանդեցին պետության կարևորագույն հենասյուներ հանդիսացող բանակը և կրթական համակարգը, հեղինակազրկեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հարվածելով հասարակության ավանդական-բարոյական նորմերին, հանրության մեջ ներարկեցին գլոբալիստական սին արժեքներ՝ աղավաղելով ընտանեկան և ազգային արժեքները: Տապալեցին արտաքին քաղաքականությունը՝ վատթարացնելով հարաբերությունները ստրատեգիական դաշնակցի հետ: Համավարակի սխալ կառավարման ադյունքում հազարավոր մարդկանց հասցրեցին մահվան:
Ապիկարության և ապաշնորհության դրոշ պարզած իշխանությունը, որի տեսլականը, ըստ էության, հպարտությունն ու պարտությունն է, մեզ հասցրեցին 44-օրյա պատերազմի՝ իր կործանարար հետևանքներով: Հազարավոր զոհեր և վիրավորներ, Արցախի 75 տոկոսի կորուստ և մշուշոտ ապագա: Պառակտում, ատելություն, հպարտություն և պարտություն, ահա այս իշխանության էությունը և ապագան:
2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրումից հետո, ՀԺԱՄ կուսակցությունը մեկն էր այն 17 կուսակցություններից, որոնք նախաձեռնեցին «Հայրենիքի փրկության շարժում» և պայքարեցին կապիտուլյանտին օր առաջ իշխանությունից հեռացնելու համար: Այդ պայքարի արդյունքում էր նաև, որ այսօր ՀՀ-ում արտահերթ ընտրություններ են ընթանում:
Այսօր ընթացող ընտրությունները ՀՀ անկախության 30 տարիների ընթացքում ամենակարևորն ու արտառոցն են՝ արտառոց են այն առումով, որ թշնամին գտնվում է ՀՀ սահմաններից ներս, թուրքը մտել է մեր տուն, և այդ թուրքին մեր երկիր է հրավիրել ներկայիս ապաշնորհ իշխանությունը: Դա դեռ ամենը չէ. այս մարդիկ դեռ չեն իրականացրել իրենց հրեշավոր ծրագրի գլխավոր դրույթը՝ ՀՀ-ի կործանումը: Այսօր ՀՀ-ն վիրավոր է, բայց դեռ կանգուն է և մեր որոշումից է կախված՝ կբուժենք վիրավոր հայրենիքը՝ հեռացնելով ապաշնորհ իշխանություններին, թե կթողնենք, որ վերքն այրունահոսի և կորցնենք երկիրը:
Կարդացեք նաև
Սիրելի՛ հայրենակիցներ, եկել է որոշում կայացնելու ժամանակը: Պարզ է, որ այս կործանարար վիճակը շտկելու պոտենցիալ ունի Արցախի առաջին նախագահ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով փորձառու է, հավասարակշիռ, արժանապատիվ և ճշմարտախոս: Մարդ, ով ունի ճգնաժամային կառավարման փորձ, ով հաղթել է թուրքին, ով ունի ստրատեգիական դաշնակցի և մյուս գործընկերների հետ հարաբերություններ կառուցելու փորձ և հմտություն:
Համոզված ենք, որ Ռոբերտ Քոչարյանն ընտրվելով վարչապետ կհամախմբի պրոֆեսիոնալ, ազդային դիմագիծ ունեցող կադրերի և համատեղ ուժերով մեր սահմաններից դուրս կքշենք թշնամուն, կվերադարձնենք մեր արժանապատվությունն ու անվտանգ ապագան, երկիրը դուրս կգա այս քաոսից և կունենանք արժանապատիվ խաղաղություն:
Հաշվի առնելով վերը նշվածը, նաև այն, որ ՀԺԱՄ կուսակցության կառույցներն արդեն իսկ ներգրավված են «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբերում՝ ՀԺԱՄ-ը իր համակիրներին կոչ է անում հունիսի 20-ին ակտիվ մասնակցել ընտրություններին և իրենց ձայնը տալ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին:
«Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցության վարչություն