Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մամիջանյան. Սամվել Բաբայանը բանակցում է ներքին գործերի նախարարի պաշտոն ստանալու կամ չստանալու հարցը

Հունիս 16,2021 18:14

Ինչպես արդեն հայտնել ենք, «Սիվիլիթաս» հիմնադրամը «Արցախի հարց և անվտանգություն թեմայով բանավեճ էր կազմակերպել: Բանավեճին մասնակցում էին Հանրապետական, Լուսավոր Հայաստան, Հայ ազգային կոնգրես, Բարգավաճ Հայաստան, Քաղաքացու որոշում, Ազատական կուսակցությունների ներկայացուցիչները: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները չէին մասնակցում բանավեճի՝ չնայած հրավիրված են եղել:

«Ազատական» կուսակցությունից Արամ Ղլեչյանը իր խոսքում անդրադարձել էր ՀՀԿ-ին՝ նշելով. «Մենք չպիտի մոռանանք, որ պատմականորեն ունեցել ենք դասեր, որոնք պետք է ուսանելի լինեն, մասնավորապես՝ մինչև 2018 թվականը Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժը ակնհայտորեն ձախողել է պետական անվտանգության քաղաքականությունը, և դրա ապացույցը՝ 2016 թվականին ԼՂ-ի նկատմամբ ռազմական ագրեսիան էր»:

ՀՀԿ-ից Հայկ Մամիջանյանը պատասխանեց այս հայտարարությանը. «Ձեր տպավորությամբ՝ 41 թվականին ԽՍՀՄ-ն թո՞ւյլ էր, որ Հիտլերը հարձակվեց Ռուսաստանին: Լա՛վ, պարզ է, շարունակելը, կարծում եմ, ավելորդ է: Ամեն դեպքում՝ Ապրիլյան պատերազմը եղել է հաղթանակ: Զուտ որպես հայը՝ հային խնդրում եմ այդպես անել՝ անկախ նրանից՝ ընտրություններում ի՞նչ արդյունքներ կգրանցենք: Անձամբ Ձեր դերակատարումը Արցախյան խնդրին շատ փոքր է, որ Դուք կարողանաք մեր կուսակցության առաջնորդների դերակատարումը կասկածի տակ դնել: Հաջորդ կետը՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք պատրաստվում են ձայն տալ պարոն Բաբայանի ղեկավարած քաղաքական ուժին, ուզում եմ հիշեցնել, որ վերջին երկու ամսում շաբաթական առնվազն 2-3 օր, այնպես է ստացվել, որ ես հրապարակի մոտ եմ աշխատում, ամեն երեկո պարոն Բաբայանը իր 100.000 դոլարանոց մեքենայով և 8 միլիոն դոլարանոց պետական համարանիշներով, որոնց հետ կապված յուրացումների քրեական գործ կա, անցկացնում է կառավարության շենքում և բանակցում է ներքին գործերի նախարարի պաշտոն ստանալու կամ չստանալու հարցը: Այդ բանակցությունների արդյունքը հետագայում կտեսնենք»:

Արամ Ղլեչյանը արձագանքեց. «Մենք այսօր ունենք իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետությունում իրավապահ մարմինների կողմից հարուցվել են քրեական գործեր, որոնցով առանցքային դերակատարներ են Ձեր կուսակցության ներկայացուցիչները: Հիշեցնեմ մի հետաքրքիր իրողություն՝ պարոն Բաբայանին չարախոսում են միայն թուրքերը, և դա տարիներ շարունակ ընդունված երևույթ է, և հանցագործները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930