ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Աշոցքում խոսեց երկրի համաչափ զարգացման մասին, անդրադարձավ այնտեղ առկա խնդիրներին՝ ճանապարհներին, մշակույթի տուն չունենալուն։ Նա առաջարկեց «տնավարի» հանդիպում ունենալ, քանի որ դահլիճը փոքր էր։
«Քանի որ մենք իշխանության ենք գալիս, մենք արդեն պատրաստվում ենք բեռ ստանձնել տարածքների համաչափ զարգացման համար և մեզ համար իսկապես հետաքրքիր է, թե ինչո՞վ է շնչում մեր ժողովուրդը, ի՞նչ դարդեր ունի», -ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հարց ու պատասխանի մեջ մտնելով աշոցքցիների հետ։
Փոքր Սեպասար գյուղի բնակիչներից մեկը՝ Նվեր Մինասյանը նրան հարց ուղղեց ՀՀ-ում ռազմարտադրություն հիմնելու վերաբերյալ; Նա ասաց՝ վերջին պատերազմները ցույց տվեցին, որ մեր բանակն առավել զգում է նորագույն տեխնոլոգիաներով զենքի կարիք, հնարավոր չէ՞ զենք արտադրել Հայաստանում, քանի որ մեր երկիրն ունի ներուժ՝ և՛, գիտական առումով, և՛ մյուս առումներով։
Կարդացեք նաև
Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․«Մենք այս պատերազմի ժամանակ, ըստ էության, միայն տեսել ենք թշնամու օդային առավելությունը, շեշտակի առավելությունը, մյուս բոլոր զինատեսակներով մենք հետ չէինք։ Այն, ինչ մեզ էապես խանգարեց, դա անօդաչու թռչող սարքի զանգվածային կիրառումն էր հակառակորդ կողմից։
Մեր նախընտրական ցուցակում ընդգրկված է նաև Սեյրան Օհանյանը, իր հետ խոսակցություն ունեցել ենք, ապրիլյան պատերազմից հետո ծրագիր է մշակված եղել Հայաստանի զինված ուժերն անօդաչու սարքերով զինելը։ Այստեղ երկու գործոն կա,՝ միջոցներ, որոնք պայքարում են անօդաչու սարքերի դեմ, և ունենալ սեփական անօդաչու սարքերը, որոնցով դու կարող ես վնաս հասցնել հակառակորդին։
Երկու ուղղությամբ էլ պիտի զարգանայինք, մեկ ուղղությամբ այդ «Տոր» համակարգերը գնելու ծրագիր կար, մի մասն են հասցրել գնել և 2018 թվից հետո մի մասը ստացել են, բայց ծրագիրը փոխել են, կանգնեցրել են և գնել են այդ «Սու-30»-ները։ Սա կոպտագույն սխալ է, գնել են «Սու-30»-ները, որոնք նաև պարզվեց առանց հրթիռների էին, ուղղակի մնացել են օդանավակայանում կանգնած։ Ըստ էության, այդ ծրագրերը կային, ուղղակի այդ ծրագրերը փոխել են»։
Նա նշեց, որ կոռուպցիոն մեծ գործարք է տեղի ունեցել, գնել են հակաօդային հին «ԱՍԱ»-ներ, որոնք ժամանակակից անօդաչու սարքերին չեն տեսնում, և գնված ամբողջ խմբաքանակը անօգուտ զինատեսակ է դարձել։
«Բանակում ոչ թե չէին հասկանում՝ ինչ պետք է անել, այլ ուղղակի առաջին դեմքի կողմից սխալ, պարտադրված որոշում էր բանակին։ Թե ինչից էր դա գալիս՝ կոռուպցիոն հանգամա՞նք կար, թե՞ մարդիկ չէին հասկանում ինչ էին անում, դժվարանում եմ էս պահին գնահատական տալ, բայց հունիսի 20-ից հետո իմանալու ենք՝ ինչու այսպես եղավ։
Ինչ վերաբերում է արտադրել Հայաստանում, գիտեք սրանք այն սարքերը չեն, որ զրոյից սկսենք, արտադրենք, ուղղակի այդ փորձը չունենք: Արտադրել կարելի է որակյալ, երբ որ լիցենզիան գնում ես, արդեն նախագծված, փորձարկված ինչ-որ մի բան սկսում ես արտադրել, երևի դա պետք է անել։ Համենայնդեպս Ադրբեջանն իր մոտ մեծ գործարան դրեց և բավական մեծ քանակով սկսեցին արտադրել անօդաչու սարքեր»։
Ռոբերտ Քոչարյանը խոսեց նաև անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու այլ միջոցի` ռադիոէլեկտրոնային անվտանգության համակարգի։ Ռոբերտ Քոչարյանի պարզաբանմամբ, այնտեղ կառավարման կետ կա, մի մարդ նստած կառավարում է անօդաչու սարքը և կան ազդանշաններ, որոնք խափանում են կառավարումը։ Ըստ Քոչարյանի, նման սարքերը կարելի էր մատչելի գներով ձեռք բերել, սակայն իր համար անհասկանալի է՝ ինչու չեն ձեռք բերվել, մեծ քանակի զոհեր ենք տվել սխալ որոշումների պատճառով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ