Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ունենք դաշնակիցներ». Վազգեն Մանուկյանն արձագանքում է Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին

Հունիս 16,2021 18:35

Վազգեն Մանուկյանի հայտարարությունը

Հունիսի 20-ին տեղի են ունենալու ընտրություններ: Այս ընտրություններն ու հետագա գործընթացները վճռական նշանակություն են ունենալու ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայության համար:

Ընտրություններն արտահերթ են՝ պայմանավորված նրանով, որ  ներկա իշխանությունը երկիրը հասցրել է մեծ աղետի: Մենք կորցրել ենք ոչ միայն տարածքներ և հազարավոր երիտասարդ կյանքեր, այլև մեր հեղինակությունն ու ինքնիշխանությունը, մեր անվտանգությունը, մեր քիչ թե շատ ներքին համերաշխությունը և մեր հավատն ապագայի նկատմամբ:

Հետևաբար այս ընտրությունները պետք է լուծեն մի կարևորագույն հարց՝ ձերբազատվել այս իշխանությունից:

Ընտրությունների ժամանակ ես միշտ կողմնակից եմ եղել, որպեսզի մարդիկ քվեարկեն ըստ իրենց քաղաքական ճաշակի՝ չանտեսելով նաև փոքր, բայց հրապուրիչ ծրագրեր ու գաղափարներ ունեցող ուժերին՝ քաղաքական դաշտում բազմազանություն ապահովելու նպատակով: Բայց այս վճռական պահին, երբ մենք լուծում ենք այս իշխանությունից ազատվելու կարևորագույն խնդիրը, իրավիճակը թելադրում է ձայնը տալ այն ուժերին, որոնք ակնհայտորեն ունեն անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն, պատրաստ են համախմբվել վարչապետի միասնական թեկնածուի շուրջ և լի են վճռականությամբ ու փորձով փոխելու ստեղծված իրավիճակը:

Դրա հետ մեկտեղ այս պայմաններում շատ վտանգավոր եմ համարում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը, որտեղ նա «դաս է տալիս» քաղաքական գործիչներին ու մտավորականությանը «քաղաքական իրատեսության» վերաբերյալ, և անհրաժեշտ եմ համարում շատ հակիրճ ներկայացնել որոշ դիտարկումներ:

  1. Հայաստանի բոլոր քաղաքական ղեկավարները միշտ էլ գիտակցել են և փորձել են Արցախի հարցում իրականացնել իրատեսական և փոխզիջումային քաղաքականություն: Բանակցությունների ընթացքում քննարկվել են բազմաթիվ փոխզիջումային տարբերակներ: Դրա վառ օրինակներից են Մադրիդյան սկզբունքները, հետագայում դրանց հիման վրա տարբերակների զարգացումն ու փոխզիջումային եզրերի փնտրտուքը:

2.Մենք ունենք դաշնակիցներ:

Արցախի անկախության հարցը համապատասխանեցված է եղել ինչպես ԽՍՀՄ-ի օրենքներին, այնպես էլ ՄԱԿ-ի կանոնադրությանն ու միջազգային օրենքներին: Այդ հարցն այսօր էլ դուրս չի եկել միջազգային օրակարգից: Հենց այսօր ԱՄՆ նախագահն ու Ռուսաստանի նախագահը քննարկելու են Արցախյան հարցը: ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնպես շահագրգռված է բանակցությունների վերսկսման հարցում՝ որոշելու Արցախի կարգավիճակի հարցը, ինչը նշված է նաև 90-ական թվականների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում:

Որոշ պետություններ հետամուտ են այս հարցին՝ ելնելով իրենց աշխարհաքաղաքական շահերից, մի մասն էլ՝ ելնելով միջազգային օրենքների թելադրանքից: Մենք այս հարցում ունենք դաշնակիցներ, բայց նրանց ներդրումն, ինչպես նաև նոր դաշնակիցների ներգրավումը հարցի կարգավորման գործում, կախված է մեզանից:

  1. Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումները քաղաքական պրագմատիզմի մասին պրիմիտիվ են և էապես սահմանափակում են մեր հնարավորությունների դաշտը: Իրատեսական ճանապարհով լուծվող հարցերի դաշտը իրականում շատ ավելի մեծ է, քան թվում է Տեր-Պետրոսյանին:

Նախևառաջ ձևակերպում են ազգային-պետական նպատակներ ու խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել, որքան էլ դրանք այդ պահին դժվար ու անիրագործելի թվան: Հետո արդեն քայլ առ քայլ պետք է ձգտել իրականացնել դրանք՝ հաշվի առնելով աշխարհի զարգացման միտումները, օգտվելով ստեղծված իրավիճակից, զարգացնելով սեփական հնարավորությունները: Դա է քաղաքական պրագմատիզմը:

Ոչ թե հնարավորություններն են թելադրում, թե ինչ խնդիրներ է պետք դնել և լուծել, այլ խնդիրներն են թելադրում, թե ինչ հնարավորություններ է պետք ստեղծել:

Իր պատկերացումներով  Տեր-Պետրոսյանը միշտ թևաթափ է անում մեր ժողովրդին և զրկում նրան մեծ նպատակների ձգտումից՝ դրդելով միայն «իրատեսական» գոյատևման, ինչը, իմ համոզմամբ, այս տարածաշրջանում կործանարար է մեր պետության և ժողովրդի համար: Դրա վառ ապացույցն է այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի սահմանափակ պրագմատիզմի գաղափարներով սնված շերտը, 2018-ին գալով իշխանության, երկիրը հասցրեց այս աղետին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930