Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հարցում աջակիցներ պե՞տք է ունենալ, թե՞ ոչ. Կուսակցությունների դիրքորոշումները

Հունիս 16,2021 17:50

Ինչպես արդեն հայտնել ենք, «Սիվիլիթաս» հիմնադրամը «Արցախի հարց և անվտանգություն թեմայով բանավեճ էր կազմակերպել: Բանավեճին մասնակցում էին Հանրապետական, Լուսավոր Հայաստան, Հայ ազգային կոնգրես, Բարգավաճ Հայաստան, Քաղաքացու որոշում, Ազատական կուսակցությունների ներկայացուցիչները: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները չէին մասնակցում բանավեճի՝ չնայած հրավիրված են եղել:

Բանավեճի մասնակիցները անդրադարձան նաև Արցախի հարցում դաշնակից ունենալու կամ չունենալու հարցին:

Արման Աբովյան, ԲՀԿ. «Պատմականորեն, տրամաբանորեն գոյություն ունի մի շատ պարզ իրողություն. տարածաշրջանում լինելու է կա՛մ Թուրքիան, կա՛մ Ռուսաստանը: Ուրիշ տարբերակ չկա: Ով էլ հակառակ բանն է խոսում, ինքը կա՛մ չի հասկանում տարածաշրջանային գործընթացներից, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում է: Միացյալ Նահանգների կամ Եվրոպայի փորձերը մտնել տարածաշրջան, իհարկե՛, կան: Մենք ունենք որոշ պետությունների օրինակների վրա, բայց արի ու տես՝ միևնույնն է, տարածաշրջանում հիմնական խաղացողները երկուսն են: Եվ սա պատմականորեն, բոլոր առումներով՝ շատ պարզ գաղափար է:

Երկրորդ՝ բացի Ռուսաստանից գրեթե ոչ ոք գործնական քայլեր չի ձեռնարկել: Այո՛, կիլոգրամներով ջղային բանաձևեր էին գալիս տարբեր երկրներից, բայց այդ բանաձևերը Բայրաքթարը չէին կարողանում կանգնեցնել:

Մենք պետք է լինենք իրատես: Այսօր, Արցախի անվտանգությունը ապահովում են ռուս խաղաղապահները, և սա փաստ է, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Արցախի զինված ուժերը, և սա էլ է փաստ: Դրա հետ մեկտեղ, երբ որ խոսում են ուրիշ դաշնակից գտնելու մասին, ես հարց եմ տալիս՝ ուրիշ դաշնակից գտնելը ո՞րն է՝ Թուրքիայի գործընկեր ՆԱՏՕ երկրներին բերենք, հա՞, մեզ մոտ, հեն է՝ Թուրքիային կանչենք էլի:

Եվ ամենավերջինը՝ պարզապես տրամաբանեք՝ ո՞ւմ է ձեռնտու տարածաշրջանից Ռուսաստանին դուրս հանել: Պարզ է՝ առաջին հերթին Թուրքիային և Ադրբեջանին է ձեռնտու: Պարզապես ձեզ հարց տվեք՝ եթե ձեռնտու է այդ պետություններին, իսկ այն ուժերը, որոնք ջատագովն են, որ Ռուսաստանը տարածաշրջանից դուրս գա ո՞ւմ շահերն են միգուցե չգիտակցելով պաշտպանում»:

Հայկ Մամիջանյան, ՀՀԿ. «Անհրաժեշտ է, որ քո ռազմական դաշնակցի հետ կարողանաս կանխատեսելի և ընկալելի ձևակերպես քո պահանջմունքները: Ուզում եմ հիշեցնել, որ պատերազմի ժամանակ, եղել է տևական մի ժամանակահատված, երբ Հայաստանի օդը ռազմական աջակցության համար փակ է եղել բոլոր կողմերից՝ և՛ Վրաստանից, և՛ Իրանից: Խոսքը բնականաբար այն մասին չէ, որ իրենք վատ հարևաններ են, խոսքը մեր կառավարության ապաշնորհ արտաքին քաղաքականության մասին է: Այո՛, Ռուսաստանը եղել է կա և կլինի Հայաստանի առաջնային ռազմավարական դաշնակիցը: Առանց ռուսական ռազմատեխնիկական աջակցության հնարավոր չէ հայոց բանակի վերազինումը: Նորից շեշտեմ աջակցություն արտահայտությունը: Բայց այդ ամենը իրականացնելու համար դու պետք է կարողանաս ձևակերպել քո անհրաժեշտությունները, և կարողանաս այնպես անել, որ քո առաջնահերթությունները և հետաքրքրությունները համընկնեն քո ռազմավարական գործընկերոջ առաջնահերթությունների և հետաքրքրությունների հետ»:

Գևորգ Գորգիսյան, ԼՀԿ. «Մեր ռազմական խորքը, մեր մարտավարական խորքը փոքր է: Մենք պետք է պատերազմը հաղթեինք մինչև այն սկսելը: Եվ հենց այսպես մենք պետք է տնտեսապես քայքայենք մեր հակառակորդներին: Մենք պիտի կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեինք: Օրինակ, մենք պարտվեցինք բայրաքթարներին, մենք պետք է այնպես անենք, որ Թուրքիան չկարողանա արտադրել բայրաքթարներ, պիտի Ադրբեջանը չկարողանա գնել Իսրայելից անօդաչու թռչող սարքեր: Այս ամեն ինչը արդեն տնտեսական և ոչ միայն տնտեսական դիվանագիտության և այլ ամեն ինչի արդյունք է: Եվ փոխարենն այս ուղղությամբ աշխատենք՝ ուզում ենք ունեցած միակ ռազմավարական գործընկերոջն էլ կորցնել: Ի՞նչ են առաջարկում այդ մարդիկ: Հայաստանի երկու սահմանները հենց այսօր պահում են ռուսական զորքերը՝ Թուրքիայի հետ և Իրանի հետ: Եթե մենք ունենայինք այդ ռեսուրսը պահելու, կարծում եմ, վաղուց դա արած կլինեինք: Ո՞ւմ են ուզում այդտեղ բերել դնել՝ ՆԱՏՕ-ի զորքի՞ն, Թուրքիայի՞ն»:

Գոռ Հակոբյան, ՔՈ. «Երբ մենք խոսում ենք անցյալից, պատմական վերլուծություն չենք անում: Շատ կարևոր հարցեր են սրանք, որովհետև հենց ամբողջ խնդիրը նրանում է, երբ մենք սկսում ենք խնդրի էության մեջ խորանալ, որ հասկանանք որտե՞ղ է, միշտ ասում են՝ եկե՛ք խոսենք ապագայից: Բայց հասկանաք ի՞նչ է եղել, որ իմանանք՝ ապագան ո՞նց է կառուցվում: Այստեղ շատ կարևոր է հասկանանք՝ 30 տարվա մեջ ով, ինչ է արել այս երկրում և ինչի պատասխանատվություն է ստանձնել և չի արել: Թե չէ գալիս է հարցը, որը պետք է քննարկվի, հասկացվի՝ ով ինչի համար է պատասխանատու և որտեղ է ձախողել, որտեղ է հաջողություն ունեցել, փակում ենք, ասում ենք՝ դե եկե՛ք խոսենք ապագայի մասին: Բա այն խնդիրնե՞րը: Դրանք կուտակվում են, դրանց պետք է լուծում տրվի, չէ՞: Եվ այս 30 տարվա մեջ հազար տեսակ խնդիր կա, հավաքվել է սեղանին դրվել է, պատերազմը եղել է, բոլորը մոռացել են խնդիրների մասին, մտածում են ապագայի մասին խոսակցությունների մասին: Բա խնդիրնե՞րը»:

Արամ Ղլեչյան, Ազատական կուսակցություն. «Եթե որևէ քննարկման ժամանակ մենք առաջարկում ենք ձևավորել Հայաստանի Հանրապետության նոր արհեստավարժ բանակ, դա անել թե՛ Ռուսաստանի Դաշնության, թե՛ այլ գործընկերների աջակցությամբ, որևէ պարագայում չի կարելի ընկալել, թե ինչ-որ մեկը կա, որ հերքում է Ռուսաստանի Դաշնության կարևորությունը և նշանակությունը տարածաշրջանում: Այո՛, մենք պետք է օգտվենք մեր բոլոր դաշնակիցների կողմից մեզ տրամադրվող օգնություններից, պիտի ձևավորենք ռազմաքաղաքական համագործակցության նոր հարթակներ, պիտի անենք բոլոր հնարավոր քայլերը, որոնք կբերեն մեր պետականության կայացմանը և անվտանգային համակարգի կայունացմանը: Դրա հետ մեկտեղ, մենք չպիտի մոռանանք, որ պատմականորեն ունեցել ենք դասեր, որոնք պետք է ուսանելի լինեն, մասնավորապես՝ մինչև 2018 թվականը Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժը ակնհայտորեն ձախողել է պետական անվտանգության քաղաքականությունը, և դրա ապացույցը՝ 2016 թվականին ԼՂ-ի նկատմամբ ռազմական ագրեսիան էր: Որովհետև ինչքան էլ փորձենք վերամբարձ արտահայտություններով ներկայացնել, որ բանակը կայացած էր, հզոր էր, եթե բանակը հզոր և կայացած լիներ որևէ երկիր չէր հանդգնի մեր նկատմամբ ռազմական ագրեսիա ձեռնարկել»:

Աննա Գևորգյան, ՀԱԿ. «Դաշնակիցներ ընտրելիս կամ նրանց փոխելիս էլի երբեմն տպավորություն է, որ հեքիաթասացության գիրկն ենք ընկնում: Մի շատ կարճ գեղարվեստական այլաբանություն եմ ուզում բերել: Գրիգոր Զոհրապը «Ռեհան» խորագրով մի պատմվածք ունի գլխավոր հերոսը, մտածելով, որ պատուհանից տեսնում է իր սիրեցյալի մազերը, ողջ գիշեր արթուն կանգնում է, առավոտյան պարզվում է դա ռեհանի թումբ էր: Հիմա ամեն անգամ, երբ որ այս կամ այն երկրից մենք աջակցության որևէ ուղերձ ենք ստանում, ամենևին չնսեմացնելով այդ ուղերձների և աջակցությունների կարևորությունը, բայց դրանք վերագրելով, որ նրանք պատրաստվում են մեզ հետ ռազմական դաշինք կնքել, շատ նման է այդ պատմվածքի հերոսի կարգավիճակում հայտնվելուն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930