Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջարանում Փաշինյանի հանդիպմանը քիչ մարդ մասնակցեց, քանի որ վախ կա

Հունիս 16,2021 17:30

Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցանկը գլխավորող Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի Սյունիքի մարզում էր։ Նախընտրական հանդիպումները բոլոր համայնքներում մարդաշատ էր, բացի Քաջարանից։ Քաջարանցիների մեծ մասը աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, եւ ըստ ընտրողների՝ կոմբինատի վարչակազմը հրահանգել է քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին, հակառակ դեպքում՝ աշխատանքից կազատվեն։

«Արտադրամասի պետերը զանգել զգուշացրել են, որ հանկարծ Փաշինյանի հավաքին չմասնակցեք։ Նաեւ ասել են Քոչարյանին ընտրեք, բայց քաջարանցիների մեծ մասը նրան չի ընտրելու։ Կեսն էլ բալկոններից էին նայում, Փաշինյանին պիտի ընտրենք, որ վախի մթնոլորտը իսպառ վերանա»,–ասաց քաջարանցի մի կին։

«Փաշինյանն ազնիվ մարդ է։ Լավ ղեկավար է։ Ճանապարհներ, մանկապարտեզներ է սարքել՝ չի թալանել։ Գյուղերը լույս է քաշել, զինվորը որ խաշած ցորեն էր ուտում, հիմա կարգին սնվում է։ Նախկինի նման հոկտեմբերի 27 չի կազմակերպել, մարդկանց տներից ուժով չի վռնդել՝ էլիտար շենքեր սարքել, մարտի 1-ին բանակը չի հանել ժողովրդի վրա։ Օդը չի ծախել, գազը չի ծախել, ջուրը չի ծախել»,–ասաց քաջարանցի մեկ այլ ընտրող։

Իսկ Փաշինյանի հանդիպմանը քիչ մարդ մասնակցեց, քանի որ մեր զրուցակցի կարծիքով վախ կա։ «Քաջարանում վախ կա։ Հլա քաջարանցուց մեջից վախը դուրս չի եկել։ 5 օրից դուրս կգա»,–ասաց նա։

 

Aravot.am-ը հարցում էր ուղարկել ԶՊՄԿ–ի գլխավոր տնօրեն Յոհաննես Բհատին՝ խնդրելով պատասխանել, թե ինչքանով են հավաստի աշխատակիցներին սպառնալու լուրերը, եւ արդյոք ԶՊՄԿ–ն սատարո՞ւմ է որեւէ քաղաքական ուժի։ ԶՊՄԿ–ի լրատվության հետ կապերի պատասխանատու Սոս Դավթյանը, հարցումն ուղարկելուց մի քանի ժամ անց, զանգահարեց՝ տեղեկացնելով, որ գլխավոր տնօրենի հայտարարությունը տեղադրված է ԶՊՄԿ–ի կայքում։ Հայտարարության մեջ կա մեր հարցերի պատասխանը։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը միշտ զերծ է մնացել եւ չի միջամտել քաղաքական գործընթացներին, ինչպես նաեւ չի խոչընդոտել իր աշխատակիցների քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումների արտահայտմանը՝ բացառելով նաեւ այդ հողի վրա ցանկացած խտրականության դրսեւորում:

Մեր ընկերության առաջնահերթություններից է հանդիսանում արտադրական գործունեության անխափանության ապահովումը, աշխատակիցների կյանքի, առողջության եւ սոցիալական բարեկեցության պաշտպանությունը, պետության եւ մեր գործընկերների հանդեպ ստանձնած պարտավորությունների անխախտ կատարումը:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը միշտ գործում եւ իր շահերը պաշտպանում է բացառապես օրենքների եւ օրինականության շրջանակներում։ Այս անգամ եւս, արձագանքելով երեկ՝ 2021 թվականի հունիսի 15-ին, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան եւ Կապան համայնքներում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության եւ նրա աշխատակիցների հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքներին, տրված որակումներին ու հաշվեհարդարի սպառնալիքներին, դրանք գնահատում ենք որպես պետության բարձագույն պաշտոնատար անձի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի եւ գործող օրենսդրության կոպտագույն խախտում, «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության տնտեսական գործունեության ազատության իրացման խոչընդոտում, սեփականությունից զրկելու եւ մասնավոր տնտեսական գործունեությանը միջամտելու սպառնալիք՝ այդ թվում զուգորդված ֆիզիկական հաշվեհարդարի ակնարկներով, ինքնադատաստանի կոչերով, աշխատողներին աշխատանքային անկարգապահության հորդոր եւ այլն:

Հայտնում ենք, որ հերթական անգամ չենք տրվելու սադրանքների եւ չենք ներքաշվելու քաղաքական բանավեճերի ու գործընթացների մեջ: Անընդունելի ենք համարում որպես տարբեր քաղաքական զարգացումների մեղավոր «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը կարգելը, առավել եւս դա նախապես պլանավորված եւ հետեւողականորեն իրագործելը, ընկերության շուրջ արհեստական «անցուդարձ» ստեղծելով:

Միաժամանակ, օգտվելով առիթից նախընտրական քարոզարշավին մասնակցող բոլոր ուժերին (այդ թվում նաեւ իշխանությանը) հորդորում ենք զերծ մնալ մեզ սեփական քաղաքական նպատակներով օգտագործելու գայթակղությունից, ապատեղեկատվություն տարածելուց, ինչպես նաեւ քաղաքական պրոցեսները չօգտագործել որոշ անձանց եւ շրջանակների անձնական ու խմբային տնտեսական շահերը սպասարկելու նպատակներով։

«ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը եւ ամենօրյա քրտնաջան աշխատանքով բարիք ստեղծող իր բազմահազարանոց կոլեկտիվը չեն հանդուրժելու ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով սահմանված ու երաշխավորված իրենց իրավունքների եւ ազատությունների ոտնահարման փորձերը եւ բոլոր օրինական, պիտանի ու արդյունավետ միջոցներով պաշտպանելու են դրանք ազգային ու միջազգային ատյաններում:Տեղեկացնում ենք նաեւ, որ ընկերությունը պատրաստվում է վերը նշված խախտումների վերաբերյալ համապատասխան դիմում (հաղորդում) ներկայացնել իրավասու պետական մարմիններին։

Գլխավոր տնօրեն՝

Պարագ Յոհաննես Բհատ»,–ասված է տնօրենի հայտարարության մեջ։

 

Ի դեպ Նիկոլ Փաշինյանը կոմբինատի աշխատակիցներին հորդորել է չվախենալ, քանի որ մինչեւ հուլիսի 15-ը  ԶՊՄԿ–ի այն պաշտոնյաները, որոնք սպառնացել են աշխատակիցերին, ազատվելու են աշխատանքից։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930