ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Եղեգնաձոր քաղաքի 37-ամյա բնակչի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի բոլոր հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021 թ. ապրիլի 3-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, 34-ամյա տղամարդը, ընկերոջ հետ Եղեգնաձոր քաղաքում ավտոմեքենայով երթևեկելու ընթացքում նկատելով Եղեգնաձորի 37-ամյա բնակչին, ում հետ տևական ժամանակ ունեցել է լարված փոխհարաբերություններ, իջել են ավտոմեքենայից և վիճաբանության մեջ մտել նրա հետ։
34-ամյա տղամարդը վիճաբանության ընթացքում բռնել է Եղեգնաձորի բնակչին, իսկ ընկերը ավտոմեքենայի բեռնախցիկից հանել է իր անվամբ հաշվառված «TG 1» տիպի որսորդական ողորկափող հրազենը, ինչը նկատելով և իր կյանքի ու առողջության համար իրական վտանգ զգալով՝ Եղեգնաձորի բնակիչը դիմել է փախուստի: Այդ պահին 34-ամյա տղամարդը, ընկերոջից վերցնելով հանցագործության գործիք հանդիսացող վերոնշյալ զենքը, հետապնդել է Եղեգնաձորի բնակչին ու ապօրինաբար նրան կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, 20-30 մետր հեռավորությունից երեք կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ նրա ընկերոջը՝ 38-34-104-րդ հոդվածի (սպանության փորձի օժանդակող) 1-ին մասով ու խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Կարդացեք նաև
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին