Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ներկայացել է որպես ադրբեջանցի և կեղծ խոստումներ տալով, թե հեռախոսազրույց կկազմակերպի գերիների հետ՝ պահանջել է ուղարկել մերկ վիճակում արված լուսանկարներ

Հունիս 16,2021 17:16

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում անհետ կորած համարվող՝ ՀՀ զինված ուժերի զինծառայողների՝ իգական սեռի հարազատներին կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ցանկանալով ներկայանալ որպես Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Գորիս քաղաքի 40-ամյա բնակիչն իր կողմից «Facebook.com»  համացանցային կայքում նախկինում բացված՝ «Arman Armeni Xachatryan» օգտանունով անհատական էջը վերանվանել է «Азиз Мурадов» անվամբ: Այնուհետև՝ 2021թ. հունվար և փետրվար ամիսներին, նույն համացանցային կայքում կատարված որոնումների արդյունքում հայտնաբերել է օգտատերերի, այդ թվում նաև 14-ամյա աղջկա, ովքեր համացանցային կայքում իրենց անհետ կորած զինծառայող հարազատներին որոնելու կամ նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ հրապարակումներ էին կատարել:

Առանձնացնելով իր համար նախընտրելի իգական սեռի օգտատերերին՝ 40-ամյա տղամարդը «Մեսենջեր» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով հաղորդագրություններ է ուղարկել նրանց՝ հայտնելով, թե իբր վերջիններիս անհետ կորած հարազատները գտնվում են Ադրբեջանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում և ինքը անմիջական շփում ունի նրանց հետ: Օգտատերերից շատերը չեն պատասխանել ուղարկված հաղորդագրություններին, սակայն ոմանք, հավատալով և ցանկանալով տեղեկություններ ստանալ իրենց հարազատների մասին, պատասխանել են նամակին և սկսել նամակագրություն վարել վերջինիս հետ:

Տղամարդը, օգտվելով նրանց վիճակի խոցելիությունից, կեղծ խոստումներ տալով, որ կկազմակերպի հեռախոսազրույց գերեվարված զինծառայողների հետ, ուղարկել է «Magicut» և «Cupace» ծրագրային հավելվածների միջոցով վերափոխված լուսանկարներ՝ դրանցում տեղադրելով անհետ կորած զինծառայողի դեմքը: Օգտվելով այն հանգամանքից, որ իր հետ նամակագրություն վարող անձինք հավատացել են իր կողմից հայտնած տեղեկություններին՝ նրանցից պահանջել, ապա հարկադրել է «Մեսենջեր» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով ուղարկել մերկ վիճակում կատարված լուսանկարներ ու տեսագրություններ՝ հակառակ պարագայում սպառնալով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրանց գերեվարված հարազատների նկատմամբ կամ սպանել վերջիններիս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:                                                                                                     

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930