Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի համակիրը հարվածել է Ափինյանի գլխին

Հունիս 16,2021 16:55

Հունիսի 14-ին ժամը 14-ին գրականագետ Աբգար Ափինյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ նույն օրը ժամը 11.30-ի սահմաններում, Քուչակ գյուղում, զրույցի ընթացքում, «Միցուբիշի» ավտոմեքենայի վարորդը իջել է մեքենայից եւ հարվածել իր գլխին` պատճառելով ֆիզիկական ցավ:

Aravot.am-ի հետ զրույցում Աբգար Ափինյանը հաստատեց, որ իսկապես նման միջադեպ է տեղի ունեցել, եւ ինքը դիմել է ոստիկանություն:

«Հենց այս պահին էլ նորից Ապարանի ոստիկանություն եմ գնում: Երկուշաբթի օրը Երեւան վերադառնալիս Քուչակ գյուղում տեղի ունեցավ այդ միջադեպը: Մի փոքր մեքենայի վրա տեսնելով Փաշինյանի մեծ պաստառը` ես վարորդին, որը գյուղացի էր, նախ բարեւեցի, ասացի բարեւ սիրելի բարեկամ, ես մտավորականների խորհրդի նախագահն եմ, ապա հարցրի, թե ինչու է իր մեքենայի վրա փակցրել Նիկոլ Փաշինյանի նկարը, գուցե գյուղի համար ինչ-որ լավ բա՞ն է արել… Թե չէ գյուղացին ինչու պետք է քարոզ կատարի:

Այդ մարդը միանգամից բորբոքվեց, հայհոյանքներ տեղաց, դուրս թռավ մեքենայից եւ բռունցքներով հարձակվեց վրաս: Ես ապշել էի, որովհետեւ այնքան բարեկիրթ խոսակցությամբ սկսեցի զրույցը: Ինձ իսկապես հետաքրքիր էր, թե գյուղացին ինչու պիտի Փաշինյանի քարոզն անի: Մեքենայի վարորդը հարձակվեց վրաս, ես ամեն ինչ արեցի, որպեսզի չպատասխանեմ, իր սկսածը չշարունակեմ: Ասացի` դուք վայրենի անձնավորություն եք, ես ձեզ հետ խոսելու բան չունեմ: Ապա գնացի ոստիկանություն, հաղորդում տվեցի խուլիգանության մեղադրանքով, հիմա նորից գնում եմ իմ ցուցմունքին մի քանի բան ավելացնելու»,-նշեց Աբգար Ափինյանը:

«Ես կարծում եմ,, որ միայն այդ անձնավորությունը չէր մեղավոր, այլ Նիկոլ Փաշինյանի ընդգծված համատարած քարոզը բռնություններ կիրառելու: Իր թիմը դա շատ լավ հասկացել է: Այսինքն` այս միջադեպի համար միայն այդ խեղճ ու կրակ գյուղացին չի մեղավոր: Նա ուղղակի կատարում է իր շեֆի հանձնարարականը` մտածելով, որ լավ բան է անում: «Չագուչի» քարոզը անմիջապես արձագանք է տվել:

Ես որպես մտավորական մարդ` միշտ մարդկանց հարցրել եմ, ինչու եք Նիկոլ Փաշինյանի համակիրը, չէ՞ որ այդ մարդը մեղադրվում է ազգի դավաճանության մեջ.. Ու առաջին անգամ էր նման բան պատահում, որ մարդը հարցից հետո հարձակվեր վրաս: Սա չպետք է լինի ապագա Հայաստանը»,-հավելեց մեր զրուցակիցը:

Մեր դիտարկմանը, որ վերջին շրջանում հաճախ են քննադատում մտավորականներին, ասելով, որ նրանք նույնպես ներդրում ունեն այս վիճակին հասնելու համար, Աբգար Ափինյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Դա լուրջ թեմա է, ամբողջ օրը վատաբանել մտավորականներին, ասել, որ մեղավոր ենք, ճիշտ չէ: Մենք 30 տարի ամենածանր պայմաններում աշխատել ենք մեր հայրենիքի համար, մեր գործը լավ ենք կատարել: Անձամբ ես իմ աշխատանքից գոհ եմ, որովհետեւ չունենալով պետական աջակցություն` գործ եմ արել, հիմա էլ ղեկավարում եմ հայ մտավորականների խորհուրդը, փաստում եմ, որ ունենք հիանալի մտավորականներ: Մի խոսքով, բոլորովին ճիշտ չեմ համարում մտավորականների դեմ ուղղված հարձակումները»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930