Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին այսօր լրագրողները հարցրին՝ ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ընտրվելու պարագայում աննախադեպ կադրային ջարդ է անելու, հետեւաբար, մտավախություն կա՞, որ դա կտարածվի նաեւ ոստիկանության վրա: «Կադրային հարցերով, այն էլ՝ ղեկավար կազմի կադրային հարցերով, որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ: Մենք կատարում ենք մեր աշխատանքը: Եթե նպատակահարմար կհամարվի շարունակել մեր ծառայությունը, մենք պատրաստ ենք շարունակել ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Եթե նպատակահարմար կհամարվի, որ այլեւս այդպես չէ, մենք պատվով կդադարենք ծառայությունը ոստիկանությունում եւ կշարունակենք այլ բնույթի ծառայություններ մատուցել Հայաստանի Հանրապետությանը»,-պատասխանեց գնդապետ Ֆիդանյանը:
Իսկ հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ կադրային ջարդ ասվածի իրականացմանը ներգրավվի ոստիկանությունը, պարոն Ֆիդանյանը պատասխանեց. «Կրկնեմ՝ որեւէ մեկնաբանություն այդ հարցի առնչությամբ չեմ կարող տալ: Մենք մեր աշխատանքն ենք կատարում եւ կադրերի հետ կապված որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ