«ԶՊՄԿ-ն հայտարարություն է արել: Ես ձեզ զգուշացրել էի մի քանի անգամ, որ աշխատողների նկատմամբ չփորձեք քաղաքական ներգործություն ցուցաբերեք: Դո՛ւք, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուճը առաջինը ձեր գլխին է ջարդվելու: Ինչ հայտարարեք-չհայտարարեք՝ ձեր հարցը լուծված է, դուք հանգիստ սպասեք ձեր դատավճռին»,- Վայքում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ արդեն ունեն բոլոր այն պաշտոնյաների ցուցակը, որոնք առավել ակտիվ են ու խորհուրդ են տալիս չթպրտալ, հանգիստ սպասել իրենց «ճակատագրին». «Այսօր արդեն նախաձեռնող խմբեր են ձեւավորվել կոմբինատի աշխատողների, մեզ ասում են՝ պե՞տք է՝ գործադուլ անենք: Մենք ասում ենք՝ պետք չի, չնայած գործադուլն էլ պայքարի օրինական միջոց է: Եթե պետք լինի՝ կինքնակազմակերպվեք: Մի քանի գյադա-գյուդա կան այդ տարածքներում, նրանց երգն էլ երգված է: Նրանց մենակ մի խորհուրդ տամ՝ ասֆալտի վաննաներ ընդունեք, դա ամենաօգտակար գործն է, որ դուք կարող եք անել»:
Նա հայտարարեց, որ Սյունիքի ժողովուրդը առաջինը ծնկի է բերելու ԶՊՄԿ-ի էլիտային:
Ավելի վաղ Գորայքում Փաշինյանը հայտարարել էր, որ մարդասիրական առաջարկ է անում. «Մեղրիում, Քաջարանում խոստացել եմ, որ որոշ պաշտոնյաների տեսնելու են ասֆալտի վրա պառկած եւ դա իմ անձնական հանձնառությունն է, ես, որպես բարի կամքի արտահայտություն, առաջարկել եմ՝ ասել եմ՝ իմ ցույց տված կոորդինատներում պառկեք ասֆալտների վրա, սելֆի արեք ու ձեր պաշտոնական էջերում դրեք, դա կհամարենք որպես լուծում: Ժամանակը շատ կարճ է, կարող է չհասցնեք անել: Ռացիոնալ օգտագործեք այդ ժամանակը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ