ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ Aravot.am-ը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Արա Ֆիդանյանից հետաքրքրվեց, թե քարոզարշավի ընթացքում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների կամ դաշինքների ղեկավարների հռետորաբանության մեջ առերեւույթ բռնության, սպառնալիքի, վիրավորանքի կոչեր արձանագրվե՞լ են:
«Ես կարող եմ ներկայացնել՝ դիտարկումների ընթացքում ինչ բնույթի նյութեր են նախապատրաստվել եւ ինչ տեղեկատվություն է ոստիկանությունում ստացվել: Մասնավորապես, ընտրակաշառք ստանալու կամ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ՝ 17, նախընտրական քարոզչությանը մասնակցել հարկադրելու կամ խոչընդոտելու՝ 10, լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու՝ 1, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 14, խուլիգանության, ծեծի, սպառնալիքի՝ 8 դեպք, այլ բնույթի խախտումների՝ 6 դեպք»,-պատասխանեց փոխոստիկանապետը:
Ճշտմանը, թե հարցը վերաբերում էր քարոզարշավին մասնակցող քաղաքական ուժերի ղեկավարների կողմից ելույթներում թույլ տրված առերեւույթ խախտումներին, գնդապետ, Ֆիդանյանը պատասխանեց. «Ներկայացրածս թվերը վերաբերում են ընդհանուր, առհասարակ խախտումներին: Եթե նման տեղեկատվության կարիք կա, մենք միանշանակ լրացուցիչ կտրամադրենք, որովհետեւ այդպիսի տարանջատում մեր կողմից չի իրականացվել»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ