Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման։ Դատավճռի ուժի մեջ մտնելու դեպքում, Նարեկ Սարգսյանը կդատապարտվի ոչ թե 5 տարի 6 ամիս, այլ 3 տարի 6 ամիս ժամկետով, քանի որ մնացյալ ժամանակահատվածը նա գտնվել է անազատության մեջ։
Հիշեցնենք, 2018թ․ հունիսից Նարեկ Սարգսյանը հետախուզման մեջ էր գտնվում. նա հայտնաբերվել էր Չեխիայում՝ Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագրով՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ, 2019թ․ դեկտեմբերի 21-ին արտահանձվել էր Հայաստան: Ավելի վաղ Նարեկ Սարգսյանի մեղադրանքից հանվել էր Մարտիրոս Սարյանի կտավի հետ կապված հարցը:
Նարեկ Սարգսյանը մեղադրվում է անհայտ անձից ապօրինի կերպով ատրճանակներ և ռազմամթերք հանդիսացող 168 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ ձեռք բերելու, ինչպես նաև առանց իրացնելու նպատակի խոշոր չափի թմրամիջոցներ պահելու և հետագայում այլ վայր փոխադրելու համար։
Սարգսյանը կալանքի տակ է եւ ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը՝ խնդրել դատավարությունն արագացված անցկացնել՝ առանց վկաների հարցաքննությունների, ապացույցների ուսումնասիրության։
Կարդացեք նաև
Նարեկ Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը համաձայն չէ դատարանի որոշման հետ: Նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, նա ասաց, որ բողոքարկելու են վճիռը: Բողոքարկման հիմքերից մեկն, ըստ պաշտպանի, այն է, որ Չեխիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սարգսյանին Հայաստանի քրեական օրենսգրքի այն հոդվածներով, որոնք արտահանձնումից հետո փոփոխվեցին, իսկ իր պաշտպանյալին նոր մեղադրանք առաջադրվեց՝ այլ հոդվածներով։ Ըստ միջազգային կոնվենցիաների, այս դեպքում, ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է հարցներ Չեխիայի իշխանություններին՝ համաձա՞յն են Նարեկ Սարգսյանի մեղադրանքի փոփոխության հետ, թե՞՝ ոչ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ