Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հարցը. կուսակցությունները ներկայացնում են իրենց դիրքորոշումը

Հունիս 16,2021 15:37

«Սիվիլիթաս» հիմնադրամը «Արցախի հարց և անվտանգություն թեմայով բանավեճ էր կազմակերպել: Բանավեճին մասնակցում էին Հանրապետական, Լուսավոր Հայաստան, Հայ ազգային կոնգրես, Բարգավաճ Հայաստան, Քաղաքացու որոշում, Ազատական կուսակցությունների ներկայացուցիչները: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները չէին մասնակցում բանավեճի՝ չնայած հրավիրված են եղել:

Նրանք նախ ներկայացրեցին իրենց դիրքորոշումները հարցի վերաբերյալ:

The Civilitas Foundation is organizing a debate on the topic of ‘Artsakh issue and Security’ at Ani Plaza Hotel

Արման Աբովյան, ԲՀԿ. «Պետք է ձերբազատվել իլյուզիաներից և հասկանալ, որ Արցախի հիմնախնդրի միակ լուծումն, իհարկե՛, Արցախի տարածքի ամբողջականության վերականգնումն է և Արցախի դե յուրե լեգիտիմիզացիան: Մնացած բոլոր խոսակցությունները իլյուզիա են, որոնք վաղ թե ուշ բերելու են Հայաստանին պատերազմի, հենց Հայաստան: Իհարկե՛, որ սա չլինի ցանկությունների տիրույթում կամ կենացների տիրույթում, ապա գոյություն ունի շատ հստակ և պարզ համակարգ, որն իր մեջ ներառում է թե՛ անվտանգային հարցերի լուծումը, թե՛ շատ կարևոր է, տնտեսական հարցերի լուծումը տարածաշրջանային առումով և ոչ միայն, խոսքը Հայաստանի մասին է, և իհարկե՛, այն գործընթացները, որոնք կապ ունեն մեր գործընկերների հետ: Մասնավորապես՝ մենք պնդում ենք, որ Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը պետք է լինի, կոպիտ ասած, երկշերտ՝ միջազգային հարաբերությունների վրա կառուցված: Մենք հանդես ենք գալիս շատ պարզ մի սխեմայով, որ որքան հնարավոր է ռազմադիվանագիտական ոլորտում ավելի շատ խորացնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ կնքելով նոր ռազմադիվանագիտական կամ ռազմաքաղաքական փաստաթուղթ, որը համահունչ կլինի այն նոր ստեղծված իրավիճակին, որը գոյություն ունի»:

The Civilitas Foundation is organizing a debate on the topic of ‘Artsakh issue and Security’ at Ani Plaza Hotel

Հայկ Մամիջանյան, ՀՀԿ. «Ցավով պիտի արձանագրենք այն փաստը, որ այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն դադարել է դե ֆակտո լինել Արցախի անվտանգության երաշխավորը, այլ վերածվել է աշխարհից դեպի Արցախ սոցիալական աջակցություն փոխանցող մի կազմակերպության: Իրականությունը կայանում է նրանում, որ Հայաստանը այս կապիտուլյանտ իշխանությունների օրոք չի կարողանում նույնիսկ իր սեփական անվտանգությունը ապահովել, որը առաջին հերթին գալիս է պետական կառավարման համակարգում տիրող, կներեք արտահայտությանս համար, բայց դա այլ կերպ բնորոշել հնարավոր չէ, «բարդակից»: Մենք պիտի փաստենք, որ մեր բանակը այն նույն բանակն է, որը երկու անգամ հաղթել է թշնամուն: Ուստի՝ միակ բանը, որ փոփոխվել է, պետական կառավարման համակարգն է: Անցնելով ապագայի տրամաբանությանը՝ երկու տրամաբանություն կարող է լինել Արցախի խնդրի կարգավորման և անվտանգային համակարգերի վերաստեղծման տրամաբանության մեջ: Առաջին հերթին՝ բանակի սպառազինության, ռազմատեխնիկական բազայի և բանակի մարտունակության բարձրացումն է: Սրա մասին կարելի է շատ երկար խոսել: Պետք է փաստել, որ դա անհնար է իրականացնել առանց ռազմատեխնիկական աջակցության: Ես ընդգծում եմ աջակցություն բառը, այլ ոչ թե ռազմատեխնիկայի գնումը. երկուսն էլ անհրաժեշտ են: Եվ անհրաժեշտ է նաև ապահովել դիվանագիտական կուռ թիմի աշխատանքը: Մենք հիմա դիվանագիտական տեսչություն չունենք, դա արդեն փաստ է, խոսքը նախարարների և փոխնախարարների մասին է, բայց մեր հաղթանակից հետո անհրաժեշտ է, որ միջազգային հանրության հետ շփումների միջոցով նախ վերադարձվի բանակցային սեղան Արցախի կարգավիճակի հարցը, որը փաստացի այս իշխանությունների օրոք կարելի է ասել վերացել էր»:

The Civilitas Foundation is organizing a debate on the topic of ‘Artsakh issue and Security’ at Ani Plaza Hotel

Գևորգ Գորգիսյան, ԼՀԿ. «Արցախի նկատմամբ տեղի է ունեցել ագրեսիա, Արցախի ինքնիշխան տարածքները զավթվել են Ադրբեջանի Հանրապետության կողմից: Եվ մեր արտաքին հարաբերությունների կառուցման ընթացքում պետք է փաստենք, որ Արցախում անհնար է հայի և հայկականության գոյությունը, որովհետև Ադրբեջանը վարում է հակահայկական քաղաքականություն, պատերազմի ընթացքում բազմաթիվ են եղել մարդկության դեմ ուղղված և ռազմական հանցագործությունները, որոնք պիտի պատշաճ առաջ բերվեն: Իսկ Արցախի հարցի կարգավորման, հետագա զարգացման համար որպես սկզբունք պետք է ընդունվի Հայաստանի անկախության հռչակագրում նշված սկզբունքը՝ միավորում Հայաստանի Հանրապետության հետ: Սրա համար պետք է նաև վերականգնել Մինսկի խմբի աշխատանքները: Եվ ակնհայտ է մի պարզ բան, որ հզոր Հայաստանը կարող է Արցախի հարցի հայանպաստ լուծում բերել: Ըստ այդմ, պետք է ամեն ինչ գործադրել Հայաստանում հզորացնելու տնտեսությունը, տնտեսությունից գեներացված ռեսուրսներով վերականգնել բանակը: Սրա հետ մեկտեղ՝ զարգացնել հարաբերությունները ռազմավարական գործընկերների հետ, ինչպես նաև սկսել աշխատանքներ նոր ռազմավարական համագործակցությունների հետ կապված: Ակնհայտ է, որ սպառազինությունների պայքարում մենք Ադրբեջանի հետ ֆինանսներով այս պահին գոնե չենք կարող մրցել, և պետք է լրջագույն ներդրումներ անել գիտության մեջ և գիտությունը կապենք ռազմաարդյունաբերությանը: Հայաստանի բանակը պետք է կրկին վերաձևակերպել: Առաջին հերթին մենք պետք է շեշտը դնենք պրոֆեսիոնալ բանակի վրա»:

Գոռ Հակոբյան, ՔՈ. «Արցախի հարցը քննարկելիս մենք պետք է ֆիքսենք՝ մենք հռչակել ենք իրավունքներ, մենք իրավունքների կրող ենք եղել, և որևէ խոսակցություն պետք է դիտանկյունից նայել՝ հասկանալու համար՝ մենք տե՞ր ենք այդ իրավունքներին, թե չէ, մենք շարունակելո՞ւ ենք պաշտպանել այդ իրավունքները, թե՞ ոչ, և ի՞նչ ռեսուրս ենք դնելու դրա համար, ի՞նչ ստեղծագործական էներգիա ենք ներդնելու համար, որ այդ իրավունքները կարողանանք իրացնել: Երկրորդ խնդիրը Արցախի հարցում այն է, որ այս ամբողջ ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետությունը իր համար վերջնական չի ձևակերպել Արցախի կարգավիճակի հարցը՝ Արցախը Հայաստանի մա՞ս է, Արցախը անկախ պետությո՞ւն է, թե՞ ինչ-որ այլ տեսակ հարաբերություն պետք է ստեղծվի Արցախի հետ: Սա շատ կարևոր է, երբ որ արտաքին հարաբերությունների կառուցման ժամանակ, շատ հստակ ձևակերպում եք, թե ի՞նչ եք ակնկալում այն մարդկանցից, այն պետություններից կամ շահագրգիռ այն կազմակերպություններից, որոնց հետ դուք համագործակցում եք: Մենք կարծում ենք, որ մինչև 2025 թվականը, որ վերջնականապես հայ հանրությունը և Հայաստանի Հանրապետությունը պետք է ձևակերպի իր համար Արցախի կարգավիճակի հարցը, Արցախի նկատմամբ իր դիրքորոշումը և հարաբերությունը: Սա պետք է լինի, որ մենք կարողանանք միասնական որոշենք՝ ինչպես ենք ըստ դրա կառուցում մեր արտաքին ամբողջ քաղաքականությունը և մեր անվտանգային համակարգերը»:

The Civilitas Foundation is organizing a debate on the topic of ‘Artsakh issue and Security’ at Ani Plaza Hotel

Արամ Ղլեչյան, Ազատական կուսակցություն. «Որևէ պարագայում, երբևէ մեր անվտանգային համակարգը չի կարող առանձնացվել Արցախի անվտանգային համակարգից: Դա մեկ ամբողջական պաշտպանական համակարգ է: Եվ այդ պաշտպանական համակարգի հիմքում դրված են մեր զինված ուժերը: Այսօր մեր զինված ուժերը վերափոխման կարիք ունեն: Մենք երկու տասնամյակ շարունակ ոչ բավարար ուշադրությամբ ենք վերաբերվել մեր զինված ուժերին, արդյունքում՝ բանակը կորցրել է իր մարտունակությունը, կորցրել է այն հնարավոր հեռանկարները, որոնք այսօր կարող էինք ունենալ: Դրա համար մենք առանց ժամանակ կորցնելու, առանց հապաղելու պետք է ձեռնամուխ լինենք արհեստավարժ բանակի ձևավորմանը, այն պետք է պատրաստ լինի 5-րդ սերնդի պատերազմներին: Պատերազմներին պատրաստ լինելու պայմանը նա չէ, որ մենք պատերազմենք, այլ հիմնական նպատակը այն է, որ հաստատենք երկարատև խաղաղություն տարածաշրջանում: Մեր բանակը պետք է ունակ լինի լուծել ցանկացած մարտավարական խնդիր, և դա անել ոչ թե կենդանի ուժի հաշվին, այլ բացառապես տեխնիկական միջոցների և մարտավարության կիրառմամբ: Մեր բանակում այլևս չպետք է ծառայեն 18 տարեկան տղաները, նրանք պետք է զորակոչվեն, 1 տարի անցնեն համապատասխան ուսումնառություն, մարտավարական հնարքների տիրապետեն, զենքի հետ վարման կանոններին ծանոթանան և զորացրվեն: Փոխարենը՝ առաջադրանքները պետք է կատարեն տեխնիկապես գերգրագետ մեր զինված ուժերը, որոնք հետ հերոսական տրամաբանության շրջանակներում իրականացնեն բոլոր հնարավոր մարտավարական առաջադրանքները, և դա առավել շատ պետք է իրականացվի կենդանի ուժի խնայմամբ, քանի որ անմիջական շփում և ներգործություն հակառակորդի վրա ունենալու են տեխնիկական միջոցները՝ բարձր տեխնիկական զինատեսակների միջոցով: Որպեսզի կարողանանք ապահովել թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի համար անվտանգային միջավայր, պետք է ձևավորենք նաև արդարացի օրենսդրական բազա: Մեր գործող օրենսդրությունը չի բավարարում այդ պահանջներին, այն չի կարողանում իր առջև դրած խնդիրները ամբողջությամբ իրացնել»:

Աննա Գևորգյան, ՀԱԿ. «Մենք դադարել ենք լինել Արցախի անվտանգության երաշխավորը: Եթե Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականության արդյունքում՝ 1998-ից սկսած Ղարաբաղը դադարեց ընկալվել որպես հակամարտության կողմ, ապա Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությամբ և պատերազմը չկանխելու և աղետալի պարտության արդյունքում Հայաստանը նույնպես այսօր այդ վտանգի առաջ է կանգնած՝ չընկալվելու որպես հակամարտության կողմ: Այսօր հարցերը, որոնք վերաբերում են Արցախի անվտանգությանը քննարկվում և որոշակի որոշումներ են ընդունվում ձևաչափերով, որտեղ միշտ չէ, որ Հայաստանը ներկա է լինում: Այսօր Հայաստանը չի կարողանում ապահովել իր սահմանների անվտանգությունը, և հաճախ հարցերը, որոնք կապված են անվտանգության հետ պատվիրակում են երրորդ կողմին, և որոշակի մանր և փոքր հաջողությունների դեպքում դա վերագրում է իրեն: Հետևաբար՝ այս իրողությունները հաշվի առնելով՝ Հայ ազգային կոնգրեսը ևս մեկ անգամ շեշտադրում է այն հանգամանքը, որ ցանկացած իրավիճակում իրողությունների հետ առերեսվելու, սթափ գնահատականներ տալու և ըստ այդմ ռազմավարական ծրագրեր կազմելու և հասարակությանը այդ ճշմարտությունը ասելու սկզբունքի վրա հիմնվելու ցանկացած հարց և ծրագիր ներկայացնելիս: Եվ անվտանգության ապահովման համատեքստում չափազանց կարևորելու է ոչ միայն անվտանգության ռազմական կոմպոնենտը, այլ նաև հասարակական, քաղաքական մտքի մեջ ճշմարտությունը՝ որպես հակազգային կոմպոնենտ ընկալելու այդ աղետալի իրավիճակը, որ ունենք այսօր»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930