Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխոստիկանապետ. «Մենք ստացել ենք նաեւ այլ ուժերից դիմումներ եւ պատշաճ կերպով եւս իրականացրել թե ուղեկցումը եւ թե անվտանգությունը»

Հունիս 16,2021 15:13

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Արա Ֆիդանյանը այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց ԱԺ ընտրությունների նախընտրական փուլում ոստիկանության կողմից իրականացված եւ կատարելիք աշխատանքները՝ կապված հասարակական կարգի պահպանության եւ անվտանգության ապահովման հետ, անդրադարձավ ընտրացուցակների ճշգրտման եւ հրապարակման խնդիրներին, իրավախախտումների կանխարգելման եւ բացահայտման միջոցառումներին, ընտրատեղամասերում ոստիկանական վերակարգերի աշխատանքի կազմակերպմանը, իսկ վերջում պատասխանեց լրագրողների հարցերին:

Հարցին, թե նորմա՞լ է, արդյոք, որ թեկնածուներից մեկին հանրապետության տարբեր վայրերում ուղեկցում են տասնյակ ոստիկանական մեքենաներ, ինչը դիտվում է որպես վարչական ռեսուրսի օգտագործում, քանի որ պարզ է, որ ծախսերը կատարվում են պետական միջոցներից, փոխոստիկանապետը պատասխանեց. «Այդ հարցին ես անձամբ բազմիցս անդրադարձել եմ: Խնդիրն այն է, որ ոստիկանությունը կատարում է իր ծառայությունը, իր աշխատանքը: Եվ յուրաքանչյուր դեպքով հասարակական անվտանգության ապահովման նախնական գնահատում է իրականացվում: Դուք նշեցիք կոնկրետ անձի հետ կապված, բայց մենք ստացել ենք նաեւ այլ ուժերից նման դիմումներ, եւ պատշաճ կերպով եւս իրականացվել է թե ուղեկցումը եւ թե անվտանգությունը»:

Արա Ֆիդանյանը նշեց, որ հարցը 10-ից ավելի մեքենաները չեն: «Արդեն նշեցի, մենք իրականացնում ենք գնահատում: Եվ եթե առկա են հստակ, որոշակի խնդիրներ կամ հասարակական անվտանգության հետ կապված հարցեր, ապա համապատասխան ուժերով իրականացվում է անվտանգության ապահովման ծառայությունը»,-ասաց նա:

Նույն թեմայով լրացուցիչ հարցին, թե մամուլում եւ տելեգրամյան ալիքներում տեղեկություն շրջանառվեց, թե ոստիկանները ոչ միայն ի պաշտոնե են ուղեկցում վարչապետի պաշտոնակատարին, այլեւ քաղաքացիական հագուստով հսկայական թվով ոստիկաններ են գնում, այսպես ասած, աջակիցների թիվը շատ երեւալու համար, գնդապետ Ֆիդանյանը պատասխանեց. «Արձագանքելու որեւէ բան չունենք, որովհետեւ դա չի համապատասխանում իրականությանը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930