Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանք իրենց ամբողջ կյանքը ինչքան «մանի կաշայից, ավսիանկայից» ուտեն, էդքան ասֆալտ չեն հասցնի անել, ինչքան ես եմ արել»․ Ռոբերտ Քոչարյան

Հունիս 16,2021 14:57

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Մարալիկում խոսեց համայնքի խնդիրներից՝ առանձնացնելով միջհամայնքային ճանապարհների որակը, բազմաբնակարանային շենքերի տարիներ շարունակ չվերանորոգված տանիքներն ու աշխատատեղեր չլինելը։

«Աշխատատեղերի խնդիրը Հայաստանի համար նաև նրա մեջ է, որ այս իշխանությունը զրոյացրել է օտարերկրյա ներդրումները Հայաստանում։ Այս երեք տարվա ընթացքում բազմաթիվ սխալ քայլերի շնորհիվ զրոյացրել է, և ես անձամբ այդ վստահությունն ունեմ, որ զարկ ենք հաղորդելու, նոր տեմպ ենք տալու այդ գործընթացներին։

Ես թվերը բերել եմ որոշ հանդիպումների ժամանակ, բայց մոտավորապես դուք պատկերացնեք, երբ ես նախագահ էի դարձել, կուտակային ներդրումների թիվը Հայաստանում, անկախություն ձեռք բերելուց հետո եղել է 125 միլիոն դոլար։ Դա 1992-1998 թվականներին, իմ տաս տարվա ընթացքում կուտակայինն անցել է 4 միլիարդ դոլարը։ Իսկ ամեն մի միլիոն դոլարի հետևում աշխատատեղեր են, սոցիալական հարցեր են, աճող աշխատավարձ է և այլ և այլն։ Այդ վստահությունը ես ունեմ։

Ճանապարհների հետ կապված, հիմա իշխանությունը շատ է սիրում ասֆալտից խոսել, սկսել են մարդկանց փռելուց, հետո ասֆալտ փռելուց, սրանք իրենց ամբողջ կյանքը ինչքան «մանի կաշայից, ավսիանկայից» ուտեն, էդքան ասֆալտ չեն հասցնի անել, ինչքան իմ նախագահության տարիներին է արվել։

Ընդհանրապես շինարարության նկատմամբ ես թուլություն ունեմ, երբ որ աչքիդ առաջ շենք է բարձրանում, այդ շարժը, ընդհանրապես կյանքը շարժ է, մի հանդիպման ժամանակ մի հայտնի մարդու համեմատություն հիշեցի հեծանիվի հետ, հեծանիվ վարելու համար արագություն պիտի ունենաս, հենց կանգնես, ընկնելու ես։ Նույնը մոտոցիկլն է, կյանքն էլ է այդպես, եթե շարժի մեջ ես, ավելի կայուն ես, ավելի ամուր ես, ինչքան դանդաղ է, այնքան քո ընկնելու հավանականությունն է մեծանում», -ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Նա ասաց, որ այսօրվա իշխանությունները ուղղություններ չգիտեն, շարժը չեն հասկանում, չգիտեն՝ որտեղ կանգնեն, «պաուզա»-ն չեն հասկանում։

«Ընդամենը մնաց մի քանի օր, և ընտրությունը ճակատագրական է, սա ընտրություն է արժանապատիվ խաղաղություն ունենալու և ծնկաչոք կյանքը շարունակելու մեջ։ Եվ սա ընտրություն է իրական թռիչքաձև տնտեսական աճ ունենալու ու գործազրկության, աղքատության աճի և արտագաղթի մեջ։

Իրականում այս երեք տարվա ընթացքում մենք ունենք արտագաղթի ռեկորդային թվեր, ինչպիսին մենք չենք ունեցել վերջին 25 տարվա ընթացքում, մոտ 90 հազար մարդ լքել է երկիրը»։

Ըստ Ռոբերտ Քոչարյանի, մարդկանց հուզում է անորոշությունը, ծրագրային լուծումներ չկան։

«Իրենց կարգախոսը, որ ասում են՝ «Ապագա կա», էլ չեն ասում ի՞նչ ապագա, վերջը՝ վատ ապագա էլ կա, վատն էլ լինում, շատ վատն էլ է լինում, կարող է լավն էլ լինի: Նույնիսկ այստեղ Հայաստանի դրոշը ոնց որ մաշած ջինսի պես է, էնքան են լվանում»։

Նա անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի՝ մուրճով քարոզարշավներին։

«Մենք այն ուժն ենք, որ ձեզ ասում է՝ մուրճով չենք թափահարելու օդում, մենք շինարարությունը սիրում ենք և մուրճը կօգտագործենք միայն շինարարական նպատակների համար, շենքեր կառուցելու համար։ Մենք հիստերիկ դրսևորումների կարիք չունենք, և իմ խորին համոզմամբ՝ հիստերիկությունը թուլության նշան է, մարդ փորձում է իր բարդույթները ինչ-որ տեղ կոմպենսացնել ճղճղան ինչ-որ դրսևորումներով, գոռալով, հիստերիկաներով, մենք դրա կարիքը չունենք»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա ասաց, որ ինքը բարձրագույն պաշտոններ է զբաղեցրել և չի լինի գեթ մեկ մարդ, որը կասի, թե ինքը երբևէ ձայնը բարձրացրել է, գոռացել է։

Ըստ Ռոբերտ Քոչարյանի, իրենց առավելությունը կառավարչական հմտություններն են, իսկ այժմ Հայաստանում կա կառավարման ճգնաժամ, որն էլ պատերազմում պարտվելու պատճառներից մեկն է։

ՀՀ երկրորդ նախագահը հայտարարեց, որ իրենք գալիս են միավորելու համար, ոչ թե մարդկանց սևերի ու սպիտակների, հների ու նորերի, ղարաբաղցիներ ու հայաստանցիների բաժանելու։ Իշխանությունը, ըստ նրա, հենց միավորման համար է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930