«Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակը ներկայացնող Տիգրան Ուրիխանյանը խոսելով քարոզարշավի յուրահատկությունից` նշեց. «Իսկ քարոզարշավի յուրահատկությունը դրսեւորվում է նրանով, ինչը մենք եւ մեր մի շարք այլ գործընկերներ որակել են կեղծ օրակարգ»:
Նա անընդունելի է համարում պաշտոնական քարոզչության ընթացքում եւ դրան նախորդող ժամանակահատվածում սկիզբ առած եւ շարունակվող, իր ձեւակերպմամբ` նախկինա-ներկայական, գոտկատեղից ներքեւ փոխհրաձգությունն ու դուելը:
Տիգրան Ուրիխանյանը հորդորեց հասարակությանը չխաբվել այս իրավիճակում. «Որովհետեւ այդ նույն տպավորությունը ստեղծող, պատվիրված եւ նրանց կողմից հրամցվող սոցիոլոգիական հարցումները խոսում են նրա մասին, որ առնվազն ընտրելու պատրաստ 45 տոկոսի հասնող մեր հայրենակիցներ իբր կողմնորոշված չեն: Այս կարճ քարոզարշավի ընթացքում առանց այն էլ բարդ ու հոգեբանական ծանր վիճակում գտնվող հասարակության համար նախկինների եւ ներկաների իբր անայլընտրանքային մրցապայքարի տպավորությունն անշուշտ ծուղակ է»:
«Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակը ներկայացնող Ուրիխանյանը կոչ է անում ձայնը տալ 10 համարի ուժին, որովհետեւ իր խոսքով, այդպիսով ձայն է տրվում ծրագրերին, ոչ թե այն ուժերին, որոնք բարձագոչ ու կոպիտ հայհոյանքներով հարվածում են այս կամ այն մրցակցին:
Կարդացեք նաև
Նա, ի թիվս այլնի, անդրադարձավ գերիների խնդրին, թշնամական ուժերի ներկայությանը Հայաստանի տարածքում, սոցիալական ճեղքվածքին, ասաց, որ այդ ամենի վերաբերյալ առաջարկում են կոնկրետ լուծումներ:
«Մենք արդեն մոտեցել ենք անդառնալիության կետին, ու եթե հանկարծ հունիսի 20-ի ընտրության արդյունքում չձեւավորվի երկրի ճգնաժամային իրավիճակում բեկում մտցնելու ունակ իշխանություն, սկիզբն էլ մեկ ամսվա ընթացքում, ապա մեր հասարակությունն ու ժողովուրդը ունենալու է այն, ինչ ունենք հիմա` դրանից բխող էլ ավելի վատ իրավիճակով»:
Ինչ վերաբերվում է Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցին, Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ Արցախի Հանրապետությունը պետք է աշխարհի կողմից ճանաչվի անկախ պետական միավոր: Իսկ առաջին հերթին դա պետք է արվի մեր ռազմավարական դաշնակից, գործընկեր, տարածաշրջանային սեփական ու պետական շահեր ունեցող պետության` Ռուսաստանի Դաշնության հետ: Հենց մեր դաշնակցի հետ էլ պետք է սկսել նոր ձեւաչափի բանակցություններ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ