Լրահոս
Օրվա լրահոսը

Իրեն հարգող և ոչ մի ուժ չի սատարի Փաշինյանին՝ նույնիսկ իր սեփական շահերից ելնելով. Արթուր Վանեցյան

Հունիս 16,2021 14:20

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի հարցազրույց է տվել ուկրաինական «Страна» հեղինակավոր լրատվամիջոցին, որը ներկայացնում ենք հատվածաբար։

 – Ինչպիսի՞ն է Արևմուտքի և Ռուսաստանի դերն այս ընտրություններում։ Ո՞ւմ են նրանք սատարում։

Բոլորս քաջ գիտակցում ենք, որ ցանկացած արտաքին դերակատար առանձին և տարբերակված կերպով ունի իր հետաքրքրությունները, որոնց համաձայն էլ իրականացնում է որոշակի քայլեր։ Մի բան կարող եմ հստակորեն ասել՝ իրեն հարգող և ոչ մի ուժ չի սատարի Փաշինյանին՝ նույնիսկ իր սեփական շահերից ելնելով։ Հայաստանի ժողովուրդն է այժմ որոշում ընդունում, և աշխարհը պետք է ընդունի այդ որոշման արդյունքները։

– Ընդհանուր առմամբ, ինչի՞ վրա կազդի Հայաստանում անցկացվող ընտրությունների արդյունքը։ Ինչպե՞ս այն կարող է փոխել երկրի քաղաքականությունը, հարաբերությունները հարևանների հետ, և ինչպե՞ս կազդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա։

– Ընտրությունները և դրանց արդյունքները կազդեն առանց բացառության ամեն ինչի վրա՝ սկսած կենսապահովման անվտանգությունից, վերջացրած սոցիալ-տնտեսական իրավիճակով և բարեկեցությամբ։ Փաշինյանին հեռացնելով իշխանությունից՝ Հայաստանը կվերականգնի պետականությունը և առաջին հերթին հասարակական համերաշխությունը։ Ինչ վերաբերում է հարևանների և աշխարհի հանդեպ մեր քաղաքականությանը, ապա ընտրությունների արդյունքում ներկա իշխանության հեռացմամբ Հայաստանը պետք է վերականգնի արժանապատվությունը, իմիջը, կանգնեցնի անվերջ պարտությունները և ռացիոնալ ու կանխատեսելի գործընկերոջ դերում զարգացնի հարաբերությունները արտաքին աշխարհի հետ։ Ընդ որում, երբեք չի կարելի անել այն, ինչ անում են այս իշխանությունները՝ փորձելով դիվիդենտներ քաղել տարբեր աշխարհաքաղաքական ուժերի հետաքրքրությունների բախման հաշվին։ Հակառակը՝ հարկավոր է անել ամեն հնարավորը՝ մեր արտաքին քաղաքականությունը և գործընկերությունը կառուցելու այնպես, որ դրանք հիմնված լինեն փոխադարձ վստահության և ուժային կենտրոնների հետաքրքրությունների համընկնման կետերում։

Ինչ վերաբերում է նրան, թե ընտրությունների արդյունքն ինչպես կազդի Ղարաբաղյան հակամարտության վրա, կրկնեմ՝ առաջինը մենք կհեռացնենք այս ապիկարներին, ստախոսներին և կապիտուլյանտներին, կվերականգնենք մեր ոգին, կուղղենք մեր մեջքը և խաղաղ գործընթացների միջոցով կհասնենք Ղարաբաղյան խնդրի իրական քաղաքական հանգուցալուծմանը՝ հաստատելով երկարատև և կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Այո՛, մենք պետք է ուղղենք մեր մեջքը, իսկ դրա համար հարկավոր է առանց ձեռքերը ծալելու քրտնաջան աշխատել բոլոր ոլորտներում, որոնցում աղետալի իրավիճակ է։ Միայն այդ դեպքում մենք շոշափելի արդյունքների կհասնենք Հայաստանի բարեկեցության ճանապարհին։

«Պատիվ ունեմ» դաշինք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930