Այսօր Մարալիկում «Հայաստան դաշինք»-ի քարոզարշավը սկսեց Շիրակի նախկին մարզպետ, գյուղատնտեսության նախկին նախարար, դաշնակցական Արթուր Խաչատրյանը։ Նա ասաց, որ որքան նախընտրական քարոզարշավը մոտենում է իր գագաթնակետին, իրենք այդքան վճռական են դառնում ու հզորանում։
Ըստ նրա, ամսի 21-ից Հայաստանը կթոթափի խավարը ու կվերադառնա զարգացման փուլ։
«Այլևս որևէ մեկը, որևէ շուն ու շանգյալ չի համարձակվի Հայաստանին սպառնալ, Հայաստանին վերևից նայել ու չի համարձակվի հոխորտալ»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Նախկին մարզպետն անդրադարձ կատարեց Շիրակի մարզի խնդիրներին, խոսեց Անիի տարածաշրջանի որոշ գյուղական համայնքներում ջուր չլինելուց, դույլով ջուր գնելուց, մթերման խնդրից։
Կարդացեք նաև
«Մեր որևէ խոստում դատարկ հնչած կրակոց չկա»,- ասաց նա։
Անդրադարձավ նաև անօթևանության խնդրին, ասաց, որ աղետի գոտում 1998-2008 թվականներին բազային խնդիրը լուծվեց, հիմա զարգացման խնդրի առաջ են կանգնած։
Ըստ նրա, 2021 թվականի հունիսի 21-ից կսկսվի աղետի գոտի արտահայտության մոռացության ժամանակաշրջանը, Շիրակը պիտի դառնա ամենաարագ զարգացող մարզը, կվերագտնի իր նախկին գեղեցկությունը։
Նա անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի՝ քարոզարշավներին մուրճով ներկայանալուն։
«Մեզ որևէ մուրճ չի վախեցնի, կամաց պտտացրու, կընկնի ոտքիդ, չես հասցնի փախնել», խորհուրդ տվեց Շիրակի նախկին մարզպետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ