«Ես ասել եմ, որ ոչ՝ չեմ հավակնելու վարչապետի պաշտոնին։ Վարչապետի պաշտոնում պետք է առաջադրվի մեկը, որը կունենա բոլոր ուժերի աջակցությունը եւ կլինի պրոֆեսիոնալ ոլորտի մարդ։ Այսինքն, մենք կառավարություն ենք գործուղելու մասնագետների, քաղաքական ուժերն էլ պետք է հսկեն։ Կառավարություն պետք է գնան մասնագետները, իսկ քաղաքական գործիչները մնան խորհրդարանում»,- նախընտրական քարոզարշավի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Հարցին ի պատասխան, թե կա՞ն նման մասնագետներ, Մարուքյանը պատասխանեց․ «Օ՜, այն էլ ինչքան կան։ Ուղղակի պրոֆեսիոնալները խուսափում են քաղաքականացված, ավելի ճիշտ՝ կուսակցականացված կառավարությունների մաս կազմել։ Պետք է մի կողմ դնել «մեր հետ ես քայլել, նախարար կնշանակենք» ու նման մոտեցումները»։
Մարուքյանի խոսքով՝ եթե որեւէ քաղաքական ուժ հիսուն տոկոսից ավելի չհավաքի, հակամարտող ուժերը ստիպված են նստելու համերաշխության սեղանի շուրջը եւ կառավարություն ձեւավորելու։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ