«Մենք գտնում ենք, որ Արցախի հարցը պիտի լուծվի ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման սկզբունքի հիման վրա»,- «Տեսակետ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Ազգային-ժողովրդավարական բևեռի» խորհրդի անդամ, քաղաքագետ Արա Պապյանը:
Նրա համոզմամբ՝ Հայաստանի ներկա հանրապետությունն իրավահաջորդը և շարունակողն է Առաջին Հանրապետության, որովհետև Ադրբեջանն ինքը հրաժարվել է 1991-ի հոկտեմբերի 18-ին խորհրդային իրավաքաղաքական ժառանգությունից: Այս առիթով Արա Պապյանը մանրամասնեց. «Հետևաբար Ադրբեջանը չի կարող ակնկալել, որ այդ խորհրդային վարչատարածքային բաժանման գծերը կարող են միջպետական սահմաններ լինել: Ցավոք, մեր որոշ պետական-քաղաքական գործիչներ, մասնավորապես առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին հարցազրույցում ասում էր, որ ամբողջ աշխարհը ճանաչում է Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս: Նախ ասեմ՝ ամբողջ աշխարհն ընդհանրապես որևէ վերաբերմունք չունի և չի կարող ունենալ»:
Ըստ Արա Պապյանի՝ այստեղ կարևոր հարցն այն է, թե մենք ինչ սկզբունք ենք որդեգրել ղարաբաղյան հակամարտության լուծման համար հենց Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակահատվածից. «Ցավոք, այն ժամանակ երկու լրջագույն սխալ արեցինք. պետք էր անսակարկ, միանշանակ կերպով ՀՀ-ն հռչակել Առաջին հանրապետության իրավահաջորդը: Նման պնդում, բայց հպանցիկ ձևով, կա Անկախության հռչակագրի նախաբանի մեջ, բայց դա պիտի արվեր շատ ավելի միանշանակ և հստակ, ինչպես մեր հարևան Ադրբեջանը և Վրաստանը, որը նշանակում է հակամարտությունը պիտի տեղափոխվեր միջազգային իրավունքի դաշտ, և պիտի որոշվեր, թե որոնք են եղել միջազգայնորեն ճանաչված սահմանները»:
Արա Պապյանը պարզաբանեց՝ ասելով միջազգայնորեն ճանաչված սահմաններ՝ նկատի ունի Ազգերի լիգայի կողմից ճանաչված սահմանները, որը հատուկ հանձնաժողով էր ստեղծել ժամանակին և որտեղ իր զեկույց-առաջարկով որոշել էր ՀՀ-Ադրբեջան սահմանը: Արա Պապյանը որպես շարունակություն՝ նշեց. «Հետևաբար այսպես կոչված դելիմիտացիան ևս անօրինական է, որի մասին խոսում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, քանի դեռ չի հստակեցվել՝ որոնք են սահմանները և ինչ փաստաթղթի, իրավական ինչ հիմքի վրա պիտի լինի սահմանազատումը, ապա նաև սահմանանշումը՝ դելիմիտացիան և դեմարկացիան, ցանկացած գործողություն անօրինական է:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ