«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի հարցազրույց է տվել ուկրաինական «Страна» հեղինակավոր լրատվամիջոցին, որը ներկայացնում ենք հատվածաբար։
-Ձեր կարծիքով ինչո՞ւ պարտություն կրեցիք Ղարաբաղյան պատերազմում։ Որո՞նք են հիմնական պատճառները։
– Պատճառները բազմաթիվ են։ Բանն այն է, որ Փաշինյանին հաջողվեց երկու-երեք տարվա ընթացքում ոչ միայն խարխլել պետական ինստիտուտները, այլ նաև քանդել Հայաստանի արտաքին քաղաքականությունը և փչացնել հարաբերությունները առանց բացառության բոլոր գործընկերների հետ։ Հզոր հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության սուբյեկտայնությանը։ Այդ ֆոնի վրա չունենալով որևէ իրատեսական ռազմավարություն բանակցային գործընթացի վերաբերյալ, չունենալով և չձևավորելով պատկերացում դրա մասին՝ Փաշինյանը իրարամերժ և հակասական հայտարարություններով քաոսի վերածեց ողջ բանակցային գործընթացը, ինչը բերեց բոլոր նախորդ ձեռքբերումների ոչնչացմանը։
Միաժամանակ, իր քաղաքական ուժի կողմից բանակի և վաստակաշատ գեներալների նկատմամբ նպատակաուղղված արշավ էր իրականացվում։ Պաշտպանության ոլորտում վարվում էր տարերային կադրային քաղաքականություն, տեղի էր ունենում գերակայությունների փոխարինում, անհասկանալի տրամաբանությամբ սպառազինությունների ձեռքբերման պլանների փոփոխություն։ Վերոնշյալը զուգակցվում էր արտաքին քաղաքականության մեջ վստահության մակարդակի անկմամբ և գործընկերային հարաբերությունների փլուզմամբ, ինչպես նաև ներքին պետական ինստիտուտների կազմաքանդմամբ։
Կարդացեք նաև
Այս իրավիճակում Ադրբեջանը, ինչպես ասում են, որսաց պահը, երբ Հայաստանը և Արցախը հայտնվեցին մի իրավիճակում, որ կարելի էր պատերազմ հրահրել՝ որոշակի հաջողության հույսով։ Կարծում եմ՝ պատահական չէ, որ այսօր, խոսելով Ղարաբաղում պատերազմի արդյունքների մասին, հաճախ է հնչում «նախապատրաստված պարտություն» ձևակերպումը։ Դա եղավ հիմարությա՞ն արդյունքում, թե՞ կանխամտածված, ցույց կտա հատուկ քննությունը, որն, անխոս, սկիզբ կառնի իշխանափոխությունից հետո։ Ընդ որում, այդ պարտությունը շարունակվում է մինչ օրս։
Պատերազմը և պարտությունը, ինքնին, արդյունք են «կազմակերպված անկազմակերպության»։ Բանակային ստորաբաժանումները, թիկունքը, մոբիլիզացիան, բոլոր գործընթացներն ու միջոցառումները, որոնք անհրաժեշտ էին պատերազմի ժամանակ, ինչպես հարկն է, պատշաճ կազմակերպված չէին։ Կարծում եմ՝ հետաքննությունը կբացահայտի դրա պատճառները, և ամեն բան իր տեղը կընկնի՝ արդյո՞ք դրանք կանխամտածված գործողություններ էին, թե՞ անգործություն, կամ ապիկարության և ոչ կոմպետենտության հետևանք։
Փաստն այն է, որ պատերազմն ու կորուստները համատարած անկազմակերպության արդյունք են։ Այս ամենի համար մեղավոր և պատասխանատու է միայն գործող իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի։
«Պատիվ ունեմ» դաշինք