Լրահոս
Օրվա լրահոսը

Այս երևույթները ոչ մի աղերս չունեն 2018 թվականին լավ կյանքի, արդարության համար փողոց դուրս եկած մարդկանց երազանքների հետ. Արթուր Վանեցյան

Հունիս 16,2021 13:24

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի հարցազրույց է տվել ուկրաինական «Страна» հեղինակավոր լրատվամիջոցին, որը ներկայացնում ենք հատվածաբար։

– Փաշինյանն իշխանության եկավ հայերի՝ փոփոխությունների ձգտման ալիքի վրա։ Եթե համեմատենք իրավիճակը պատերազմից առաջ և հետո, ապա ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Հայաստանում՝ կոռուպցիայի, կյանքի մակարդակի և տնտեսական զարգացման առումով։

– Փաշինյանն, իրոք, եկավ փոփոխության սպասումների ալիքով՝ արդարության խոստումներով։ Բայց պետք է տարբերակենք փոփոխությունների մասին պոպուլիստական հայտարարությունները և իրական փոփոխությունները։ Ինչպես ասում են, դժոխքի ճանապարհը պատված է բարի մտադրություններով։ Ցավոք, ունենք հենց այդ դեպքը։ Սպեկուլյատիվ հայտարարություններում խեղդվեց պայքարը հանցագործությունների, կոռուպցիայի դեմ։ Ավելին, քաղաքական կոռուպցիան երկրում հասել է աննախադեպ չափերի՝ ընդգրկելով տեղայնականությունը, խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, միլիոնների հասնող անհիմն պարգևավճարները պետծառայողներին, խորհրդարանականներին` քաղաքական հավատարմության դիմաց, անհատական նվիրվածության սկզբունքով պետական բարձր պաշտոնների նշանակումը և այլն։ Ցանկը կարելի է երկար շարունակել։

Բացի իշխանությանը մոտ շրջանակից, որևէ մեկն իր կյանքը չբարելավեց։ Գների և աղքատության աճ, գործազրկություն, տնտեսության փլուզում, շանտաժ և ճնշում դատական համակարգի վրա, այլախոհության դեմ իրավապահ համակարգի օգտագործում, ծայրահեղ ոչ կոմպետենտություն բոլոր ոլորտներում։ Այս շարքը ևս կարելի է շատ երկար շարունակել։

Միաժամանակ, առերեսվում ենք ժողովրդավարության մակարդակի անկման, մարդու իրավունքների համատարած խախտումների, խոսքի ազատության նկատմամբ ճնշումների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, առաջատար մեդիա մենեջերների վրա հարձակումների և իշխանության տարանջատման սկզբունքի համընդհանուր տապալման հետ, ինչը համակարգվում է ամենաբարձր մակարդակով։ Եվ այս ամենն իրականացվում է Փաշինյանի միակ բանաձևով, այն է՝ «պետությունը ես եմ»։ Այս և այլ երևույթները, որոնք ոչ մի աղերս չունեն 2018 թվականին լավ կյանքի, արդարության համար փողոց դուրս եկած մարդկանց երազանքների հետ, հասարակության մեջ «նիկոլիզմ» անվանումն են ստացել։ Այս եզրույթը ծագել է Նիկոլ անունից։ «Նիկոլիզմը» կամ ինչպես համավարակից հետո են ՀՀ-ում կոչում՝ «նիկոլավիրուսը», ինքնատիպ մուտացիայի ենթարկված պոպուլիզմի մի ձև է, որը պատերազմի, ավերածությունների և անկման է հանգեցրել երկիրն ու հասարակությունը։

Կարճ ասած՝ Փաշինյանի և ոչ մի խոստում չի կատարվել, իսկ քաղաքացիները խաբվել են։ Եվ նրանց ճնշող մեծամասնությունը դա գիտակցում է։

 «Պատիվ ունեմ» դաշինք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930