Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա թիմին եթե պաշտոնից դուրս մի երկու հոգի բարևում էին, էդ երկուսն էլ չեն բարևելու». Ռոբերտ Քոչարյան

Հունիս 16,2021 12:55

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր իր քարոզարշավն անցկացնում է Շիրակի մարզում, նրա ծրագիրը բավական ընդգրկուն է․ նա հերթով այցելում է Շիրակի մարզի բոլոր տեղանքներ՝ Արթիկ, Մարալիկ, Ախուրյան, Ամասիա, Աշոցք։ Նրա հանդիպումները կավարտվեն ուշ երեկոյան՝ Գյումրու Թատերական հրապարակում, որտեղ տեղի կունենա հանրահավաք։

Ռոբերտ Քոչարյանի առաջին հանդիպումը Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում էր։ ՀՀ երկրորդ նախագահն այստեղ իր ներածական խոսքը սկսեց պետական կառավարման համակարգում պրոֆեսիոնալ կադրերի ընդգրկման անհրաժեշտությամբ։

Նա քննադատեց Նիկոլ Փաշինյանին գիտելիքներ, փորձառություն չունեցող, պատահական անձանց պետական կառավարման համակարգում ընդգրկելու, օրինակ՝ իրավաբանին առողջապահության նախարար նշանակելու, պատմաբանին ջրային տնտեսության պետ, արտգործնախարարությունն ամբողջապես կաթվածահար անելու համար։

«Սիրելի արթիկցիներ, քարոզարշավն ավարտին է մոտենում և ակնհայտ է, որ մրցաշարի ընթացքում կա երկու քաղաքական միավոր, ընտրություններին մասնակցող երկու ուժեր, որոնք էապես առաջ են անցնել բոլորից»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց՝ վերընտրվել է ցանկանում մի իշխանություն, որը իր տված խոստումներից ոչ մեկը չի կատարել։

«Փորձում է վերընտրվել մի իշխանություն, որն իր մարդկային ռեսուրսով գրեթե զրոյական կետի վրա է գտնվում։ Կադրային ռեսուրսն ի նկատի ունեմ, կան մարդիկ, որոնց ինչ պաշտոնի էլ դնես, արժեքավորում են այդ պաշտոնը՝ իրենց հեղինակությամբ, իրենց գիտելիքներով։ Կան մարդիկ, ինչ պաշտոնի էլ դնես, արժեքազրկում են այդ պաշտոնը՝ իրենց տեսակով, գիտելիքների բացակայությամբ, ընդհանրապես իրենց կեցվածքով։

Մենք, ցավոք, 2018 թվականին իշխանության ենք բերել մի թիմ, եթե կարելի է թիմ անվանել ընդհանրապես մարդկանց, որոնք արժեզրկեցին իշխանություն հասկացողությունն ընդհանրապես։

Այսպիսի իրավիճակ Հայաստանում իրականում երբեք չի եղել, նույնիսկ ամենալուրջ պաշտոնների մարդիկ են նշանակում՝ առանց գիտելիքի, առանց փորձի, որ նույնիսկ երեք համոզիչ բառ իրար հետևից չեն կարող ասել և արժեքազրկեցին ամբողջ պետական համակարգը», -ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Ըստ բանախոսի, չափազանց մեծ աշխատանք է պետք անել իշխանության նկատմամբ նորից վստահությունը վերականգնելու համար։

«Իշխանությանը կարող ես վստահել, չվստահել, բայց երբ իշխանությանը դադարում ես հարգել, դա կատաստրոֆիկ վիճակ է երկրի համար։ Կարող է մի իշխանություն ավելի լավ ծրագրեր իրականացնել, մյուսն ավելի վատ, բայց արժեքազրկված իշխանությունը նշանակում է ոչ մի ծրագիր, ոչ մի լավ բան Հայաստանում ուղղակի չի իրականացվելու»։

Ռոբերտ Քոչարյանը խոսեց այն մասին, որ ներկայիս իշխանությունները վերացրեցին մի քանի կարևորագույն նախարարություններ՝ գյուղնախարարությունը, մշակույթի նախարարությունը։

Կարևոր գերատեսչությունների մասով ասաց․ «Հայաստանը մի երկիր է, որն անվտանգության առումով ունեցել է լրջագույն սպառնալիքներ, չափազանց լրջագույն սպառնալիքներ և այդ երկրում երեք տարում փոխվում է 5 ԱԱԾ-ի ղեկավար։ Հիմա սա դիվերսիա՞ է, հիմարությո՞ւն է, պետք է ամեն մեկը ինքը գնահատի։

Գլխավոր շտաբի 4 փոփոխություն մի երկրում, որը չհայտարարված պատերազմի մեջ էր գտնվում մինչ այս վերջին դեպքերը և վերջին դեպքերից հետո, չորս նշանակում գլխավոր շտաբում, պաշտպանության նախարարությունում, տնտեսական բլոկում երեք էկոնոմիկայի նախարար, մի երկրում, որը տնտեսական ճգնաժամ է ապրում։

Սա ի՞նչ է նշանակում, կարող եմ շարունակել այդ ամենը, սա նշանակում է, որ այս մարդիկ չեն հասկանում, թե ինչ է նշանակում իշխանական համակարգում կայունությունը ներսում, էլ չեմ խոսում երկրի մասին։ Համեմատության համար ասեմ, որ իմ պաշտոնավարման ժամանակ գյուղնախարար Լոքյանն աշխատեց մոտ վեց տարի, եթե չեմ սխալվում։ Ոստիկանապետը՝ մեծ հարգանք վայելող Հայկ Հարությունյանն աշխատել է 8 տարի»

Ըստ Ռոբերտ Քոչարյանի, հաճախակի փոփոխությամբ՝ մարդը չի հասցնում ծանոթանալ աշխատանքին, չի հասցնում խոստումը կատարի։

Նա անդրադարձավ նաև արտգործնախարարությանն ՝ ասելով, որ այն գոյություն չունի, շենքը կա, մարդիկ գնում- գալիս են, շենքի պատուհաններից նայում են դեպի Արարատ լեռը, բայց իրականում նախարարությունը չկա։

«Եվ այս համակարգի գլխին կանգնած է մարդ, որն ինքն իրեն չի կարում կառավարի, բայց համարում է, որ կարող է երկիրը կառավարի»,-քննադատեց Ռոբերտ Քոչարյանը։

Ըստ ՀՀ երկրորդ նախագահի, «Հայաստան» դաշինքը կառանձնանա իր փորձով և գիտելիքներով։

«Մենք երբեք իրավաբանին չենք դնի առողջապահություն ղեկավարելու կամ պատմաբանին չենք դնելու ջրային տնտեսություն կառավարելու համար։ Ուղղակի չենք անելու, դա ապուշության գագաթնակետն է։ Մենք հենվելու ենք ամեն ինչում մասնագիտական գիտելիքների վրա և նշանակելու ենք մարդկանց, որոնք իրենց տեսակով ի վիճակի են ուրիշներին կառավարել։ Մենեջմենթի, կառավարման հմտությունը ենթադրում է մարդկային ինչ-որ որակներ։ Հիմա մարդ կա չէ, որ պաշտոնը թողնում է, սկի հարևանն էլ իրեն չի բարևում։ Երևի, ձեզանից ամեն մեկը նման մարդու ճանաչում է, մարդ էլ կա կապ չունի, պաշտոնը թողնում է, ավելի շատ մարդ է մոտը գնում, ավելի շատ մարդ է բարևում և հեղինակությունն այդ մարդու մնում է։ Հեղինակությունը պաշտոնի ուղղակի հետ կապված չէ»։

Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ պաշտոններում, կառավարման համակարգում պիտի ներգրավեն մարդկանց, որոնք իրենց հեղինակություն մասին մտածեն։

«Այսօրվա թիմին եթե պաշտոնից դուրս մի երկու հոգի բարևում էին, էդ երկուսն էլ չեն բարևելու», -ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա ասաց, որ նպատակ ունեն ազգային պետություն կառուցելու և անվտանգության հարցերն արագ կարգավորելու։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930