Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Պետրոսյան. Այսօր որեւէ քաղաքական ուժ չի կարող գալ իշխանության՝ առանց հնարավոր կոալիցիայի՝ «Պատիվ ունեմ» դաշինքի հետ. «Հրապարակ»

Հունիս 16,2021 11:51

Հարցազրույց «Հայրենիք» կուսակցության եւ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, նախկին դատավոր Կարինե Պետրոսյանի հետ

– Իսկ ինչո՞ւ հենց Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությանը որոշեցիք անդամակցել եւ մասնակցել «Պատիվ ունեմ» դաշինքով։

– «Պատիվ ունեմ» դաշինքն էապես տարբերվում է իր որդեգրած քաղաքականությամբ եւ նախընտրական ծրագրով, որովհետեւ այն համերաշխության դաշինք է։ Այսինքն՝ մեր դաշինքը քարոզում է մի քաղաքականություն, որտեղ մարդիկ բաժանված չեն հների-նորերի, սեւերի-սպիտակների, ծերերի-երիտասարդների։ Ինչ-որ մի գիծ է նախանշված, որից սկսած՝ պետք է մոռանալ ամեն ինչ ու քայլել միասին, հանուն բարօրության այն երկրի, որը դեռ կարող ենք պահպանել։

– Ասում եք՝ բաժանված չէ նախկինների ու նորերի, բայց դաշինքում կան նախկիններ, որոնց Նիկոլ Փաշինյանը բնութագրում է որպես մերժված իշխանություն։ Ձեր մտքով երբեւէ կանցնե՞ր, որ Դուք ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի հետ մի թիմում քաղաքական ճանապարհ կանցնեիք։

– Ես, լինելով դատավոր, քաղաքականությանը երբեք ակտիվ չեմ հետեւել, ընդամենը լուրերից եմ տեղեկացել այն մասին, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Այս պահին, երբ անդամակցում եմ այս դաշինքին եւ առաջադրված եմ որպես պատգամավորի թեկնածու, «հներ, նախորդներ» հասկացություն ինձ համար գոյություն չունի։ Նույն հաջողությամբ մարդկանց աչքին 20 տարվա դատավորը եւս կարող է հին թվալ։ Ես ավելի նոր եմ, քան այդ նույն ՔՊ-ում ընդգրկված անդամներից որեւէ մեկը։ Խնդիրը զուտ բարոյահոգեբանական արժեքների ընկալման դաշտում է։ Եվ ընդգրկվելով «Պատիվ ունեմ» դաշինքում՝ ես հասկացա, որ միակ բացն այն է եղել, որ մինչեւ 2018 թվականը պաշտոնավարած իշխանությունն ուշադրություն չի դարձրել այն խորշին, որը լցվել է օտարածին ֆինանսավորվող կազմակերպությունների կողմից՝ մարդկանց ուղեղները լվանալու համար։

– Իսկ դատական համակարգի մասով Դուք նախկինների օրոք որեւէ խնդիր չէի՞ք տեսնում։ Ամեն ինչ իդեալակա՞ն էր արդարադատության իրականացման առումով, նախագահականից դատավորների գործունեությանը միջամտելու մասով խնդիրներ չկայի՞ն։

– Արդարադատության ոլորտը՝ 1991-ից սկսած, անընդհատ ենթարկվել է էվոլյուցիոն փոփոխությունների, եւ դա նորմալ է։ Խնդիրներ, իհարկե, եղել են, իսկ ո՞վ է ասել, որ համակարգը, իշխանությունն աշխատել է առանց խնդիրների։ Բայց կոնկրետ իմ անձի հետ կապված՝ ես երբեւէ զանգովի արդարադատության սուբյեկտ չեմ եղել։ Ես աշխատել եմ մարդկանց հետ, որոնք երբեւէ խնդիր չեն ունեցել։ Քաղաքացիական իրավունքի դաշտում եմ աշխատել ու այդ խնդիրը չեմ ունեցել։ Շատ տարօրինակ կարող է հնչել, բայց իմ բոլոր խնդիրները ծագել են 2018-ից հետո, երբ իշխանության եկած նոր ուժը հայտարարեց, որ վերացվում է զանգովի արդարադատությունը։ Բայց ի՞նչ հաջորդեց դրան՝ մենք տեսանք, որ ավելի վատ երեւույթի ականատես եղանք՝ դատական իշխանության նկատմամբ համատարած սպառնալիքներ Հանրապետության հրապարակում, դատավորների անվանարկում՝ բացասական որակումներով, եւ անկախ Հայաստանի պատմության մեջ, ես կարծում եմ, վատթարագույն քայլը՝ դատարանները շրջափակելը։

– Ձեր թիմակիցներն ասում են, որ խորհրդարան անցնելու պարագայում կոալիցիա կկազմեք «Հայաստան» դաշինքի հետ եւ իշխանություն կձեւավորեք։ Ի՞նչ հետընտրական սցենարներ եք կանխատեսում, հատկապես, որ իշխող ուժը հունիսի 21-ից սկսած՝ մի քանի օրով «բրոնյա է արել» Հանրապետության հրապարակը, ինչից ենթադրում են, որ բախումներ են սպասվում։

– Մենք այսօր ընտրության ցուցանիշների մասին չենք կարող ոչինչ ասել, այն ժողովրդական խոսքը, որ ճտերն աշնանն են հաշվում, ինձ համար ընդունելի է։ Ես կարող եմ ասել հետեւյալը, որ «Պատիվ ունեմ» դաշինքն ունի նախադրյալներ՝ լինելու խորհրդարանում։ Եվ այսօր որեւէ քաղաքական ուժ չի կարող գալ իշխանության՝ առանց հնարավոր կոալիցիայի՝ «Պատիվ ունեմ» դաշինքի հետ։ Մնացածը ժամանակը եւ ընտրությունները ցույց կտան։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930