Համագումարի հայտարարությունը նախագահներ Բայդենի և Էրդողանի ՆԱՏՕ-ի հանդիպման մասին
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հունիսի 14-ին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նախագահ Ջո Բայդենի մամուլի ասուլիսի ժամանակ նախագահը հայտարարեց, որ «արդյունավետ» զրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ըստ The Wall Street Journal օրաթերթի, նախագահների երկկողմ հանդիպման ընթացքում չի քննարկվել Բայդենի վարչակազմի կողմից ցեղասպանության ճանաչումը:
Նախագահներ Բայդենի և Էրդողանի հունիսի 14-ի հանդիպմանն ընդառաջ լայնորեն շրջանառվում էր, որ Էրդողանը պատրաստվում էր «քննադատությունների տեղատարափի ենթարկել (Բայդենին) Հայոց ցեղասպանությունը վերջերս ճանաչելու համար»: Նաև Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշում էր, որ նախագահ Բայդենը պատրաստ էր խոսել Հայոց ցեղասպանության մասին:
Կարդացեք նաև
Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունում է նախագահ Բայդենի նվիրվածությունն Ամերիկայի արժեքներին և ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հաստատումը: Այս տարվա ապրիլին նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հաստատումը ներկայացրեց Ամերիկան իր լավագույն կողմից:
Համագումարը շարունակում է խորապես մտահոգված լինել անցյալ աշնանը Ադրբեջանի կողմից համաճարակի պայմաններում հայ ժողովրդի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի կործանարար դերով և հայերի էթնիկական զտումներով իրենց պատմական հայրենիք Արցախից (Լեռնային Ղարաբաղ): Համագումարը հիշում է նախագահ Բայդենի անցյալ տարվա «պահանջը», որպեսզի Թուրքիան հեռու մնա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից և աշխատանք տարվի, որպեսզի «կանխվի երրորդ կողմերի, այդ թվում` Թուրքիայի պես ազգ-պետությունների միջամտությունը»:
Նախագահ Էրդողանին պետք է դատել իր գործողություններով, այլ ոչ թե խոսքերով: Նա շարունակում է բորբոքել լարվածությունը Արցախում: Հունիսի 16-ին նա նախատեսում է մեկնել Շուշի` պատմական Ղազանչեցոց տաճարի հայրենի քաղաքը. Տաճարն անցյալ աշնան պատերազմում ենթարկվեց կանխամտածված ադրբեջանական ռմբակոծության թիրախավորման: Այցի նպատակն է հիմք դնել «Գորշ գայլեր» դպրոցի համար, որը ղեկավարում է Թուրքիայի «Գորշ գայլեր» կազմակերպությունը, որը վերջերս արգելվեց Ֆրանսիայում և հայտնի է որպես ծայրահեղ ազգայնական ահաբեկչական խմբավորում:
«Մեծ յոթնյակի» (G7) և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների ընթացքում նախագահ Բայդենը պարզ հասկացրեց, որ ժողովրդավարության պաշտպանությունը պահանջում է Ամերիկայի և իր դաշնակիցների ու ամբողջ աշխարհի գործընկերների ուշադրությունը: Իր գործողություններով ներպետական և միջազգային մակարդակներում՝ Արցախում, Կիպրոսում, Լիբիայում, Սիրիայում և Միջերկրական ծովում, պարզ է, որ Էրդողանի ավտորիտար ռեժիմը տրամագծորեն հակադարձում է ժողովրդավարական արժեքներին և օրենքի գերակայությանը: Ինչպես Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր առաջադրման լսումների ժամանակ շեշտեց քարտուղար Բլինկենը՝ ԱՄՆ-ն պետք է իրատես լինի Թուրքիայի հետ իր ներկայիս հարաբերություններում, և Համագումարը հորդորում է Վարչակազմին զգոն լինել այս հարցում:
Ամերիկայի հայկական համագումար