Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի հոգևոր առողջության համար պետք է անխափան աղոթել». Արշակ եպիսկոպոս Խաչատրյան. 168.am

Հունիս 16,2021 00:12

Հակառակ Մայր Աթոռից հնչող զսպվածության կոչերի՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է քարոզարշավի շրջանակներում քննադատության սլաքները պարբերաբար ուղղել Հայ Առաքելական եկեղեցուն ու եկեղեցականներին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի նման կեցվածքի պատճառները շատ են ու տարբեր, բայց 168.am-ի հետ զրույցում նա առանձնացրեց միայն մեկը՝ «հոգեբանականը». «Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարման առաջին իսկ օրից ուղղակի մատնված է անճարության, որը իր մեջ ստեղծել է չափազանց դեպրեսիվ հոգեվիճակ:

Մտածում եմ, որ վարչապետի պաշտոնակատարը մեծ դիլեմայի առջև է, մի կողմից՝ սեփական անձի մասին գերչափազանցված պատկերացումներ և մեսսիական առաքելության հիվանդագին ինքնավերագրումներ, իսկ մյուս կողմից՝ պոզիտիվ արդյունքներ ստեղծելու անկարողություն և, ըստ էության, համատարած ձախողումների պատկերներ:

Ակնհայտ է, որ այս երկու իրողությունները համադրելու անկարողությունը վարչապետի պաշտոնակատարի մեջ հանգեցրել է հոգեբանական լուրջ և խորը ճգնաժամի: Ապրելու իմաստը չկորցնելու և ինքնասպանությունից խույս տալու համար Փաշինյանին ուղղակի օդի պես անհրաժեշտ են մեղավորներ, որոնց ուսերին նա կկարողանա բեռնել իր ձախողումների պատասխանատվությունը: Երևում է նաև, որ այս հակումը Փաշինյանի մեջ այնքան է խորացել, որ կարելի է ձևակերպել մոտավորապես հետևյալ կերպ. «բոլորը, բոլորն են մեղավոր, բայց ոչ երբեք՝ ես»:

Մեղավորների ու պատասխանատուների փնտրտուքի ճանապարհին Փաշինյանը կառչում է քիչ թե շատ հայտնի որևէ հաստատության կամ անձի, և զարմանալի կլիներ, որ այդ մեղավորների ցանկի առաջին շարքում նրա կողմից ներկայացված չլինեին եկեղեցին և եկեղեցականները»:

Հարցին, թե որն է ելքը՝ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակը, իհարկե, կմնար սոսկ մասնավոր անձի ներքին անհամերաշխության մի պատմություն, որպիսիք շատ են հանդիպում հոգևորականներին իրենց ծառայության ընթացքում: Այս դեպքերում մենք փորձում ենք աղոթքի, հոգևոր խնամքի միջոցով աջակցել և մխիթարություն բերել նման անձանց, ինչպես պատվիրել է Տերը, հրավեր կարդալով. «Եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթեոս 11․28):

Վարչապետի պաշտոնակատարի պարագային խնդիրն առավել բարդանում է, քանի որ նա զբաղեցնում է բարձրագույն պետական պաշտոն, տիրապետում է ազդեցության կարևորագույն լծակների և ունի հանրային լուրջ ազդեցություն: Հետևաբար, Փաշինյանի անհատական, ներքին անհամերաշխությունը շղթայական ռեակցիայով առավել լայն ու հանրային ընդգրկում է ստանում: Այսպիսով անհատի մասնավոր դեպրեսիան վերածվում է զանգվածային, հանրային դեպրեսիայի: Այսինքն այն, ինչ ունենք այսօր՝ հասարակական տարբեր խմբերի միջև սուր դիմակայություն, խորացող անջրպետներ և հանրային անհամերաշխություն»:

«Ուրեմն, հենց Նիկոլ Փաշինյանի հոգևոր ու հոգեկան առողջության համար պետք է շարունակ աղոթել ու գործել, որ նա հեռանա իշխանությունից և հնարավոր առանձնության մեջ հաղթահարի իր ներքին ողբերգությունը և հոգեբանական, ես կասեի՝ հոգևոր ճգնաժամը: Եվ ամենակարևորը՝ դա պետք է անել ի սեր մեր երկրի և մեր ժողովրդի կյանքում համերաշխության վերականգնման: Հետևաբար՝ հունիսի 20-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, չպետք է ընտրել Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը, որպեսզի առիթ ստեղծվի հանգստանալու թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ բազմատանջ մեր երկրին ու ժողովրդին»,- եզրափակեց հոգևորականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930