Մայիսի 12-ին «Առավոտը» ստացել էր «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման hիմնադրամի» վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին վերաքննիչ քաղաքացիական դատարանի ապրիլի 20-ի որոշումը:
Ըստ այդ որոշման. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը բերվել է uահմանված ժամկետը լրանալուց հետո եւ չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մաuին միջնորդություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռի, ինչպես նաեւ գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում: Տվյալ դեպքում դատարանի 09.02.2021 թվականին կայացված վճռի դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 16.03.2021 թվականին` վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ եւ չի ներկայացվել միջնորդություն բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ»:
Երեկ` մայիսի 14-ին, վերաքննիչ քաղաքացիական դատարանից կրկին ստացանք գրություն` կից որոշմամբ, համաձայն որի՝ հունիսի 3-ին բողոքը վարույթ է ընդունվել, բաց թողնված ժամկետի վերականգնմամբ:
Ինչպես տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակումներում, այս տարվա փետրվարի 9-ին հրապարակվեց «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ»-ն ընդդեմ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք` «Առավոտ օրաթերթ», «Թերթ Էյ Էմ» եւ «168 ժամ» ՍՊ ընկերությունների` զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու եւ փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ գործով վճիռը:
Կարդացեք նաև
Հայցը մերժվել է, հիմնադրամի պատասխանատուն էլ այլեւս ազատվել է աշխատանքից:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ այս տարվա ապրիլի 30-ին ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը www.facebook.com սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է գրառում. «Կառավարությունը փոխեց անհետացած գումարների մասին հարցը բարձրացնողին: Մեկ տարուց ավելի փորձում եմ պատասխան ստանալ, թե ուր է արդեն մեկ միլիարդից ավելի կազմող զինծառայողների սոցապահովության հիմնադրամի հաշվետվություններում չերեւացող գումարը։ Վստահ եմ՝ վարչապետի հետ իմ ունեցած մի քանի հարցուպատասխանները հիշում են բոլորը, հիշում են նաեւ վերջինը, երբ ես համաձայնեցի վարչապետ Փաշինյանի առաջարկին` հանձնարարել ՊՎԾ-ին ստուգում իրականացնել։
Մինչ օրս որեւէ տեղեկություն դրանից չկա։ Մինչդեռ տեղի ունեցավ այլ բան՝ կառավարությունը որոշեց հանել ինձ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից՝ ներկայացնելով այն որպես ԲՀԿ-ի առաջարկ` խմբակցությունից իմ դուրս գալու պատճառով, ինչը կամ ապօրինի է, որովհետեւ նման բան չի կարող լինել ըստ Հիմնադրամի կանոնադրության (այս հանգամանքը կարող է ստուգել յուրաքանչյուր մարդ բաց տիրույթում), կամ սուտ է, որովհետեւ ոչ խորհրդարանը, ոչ էլ որեւէ խմբակցություն իրավասու չեն Հիմնադրամի խորհրդի ձեւավորմանը մասնակցել։
Հատկապես, վստահ եմ, որ ԲՀԿ-ի մեր գործընկերները հիանալի հասկանում են, թե ժողովրդին պատկանող անհետացած գումարների վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնողի փոխարինումը հենց այս պահին ինչ ընկալում կարող է հանրության մեջ առաջացնել (…)»։
Հիմնադրամը մեջբերել էր նաեւ մայիսի 6-ի Ազգային ժողովի նիստի էլեկտրոնային հղումը, երբ պատգամավորը Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո, անդրադառնալով հիմնադրամին, նշում է. «Բազմաթիվ ամիսներով, մի վեց ամսվա կտրվածքով փողը չկար։
Դատախազությունից գրություն ունեմ ստացած, էլի Ձեզ ցույց եմ տվել, որտեղ գրած ա, որ գաղտնի ծախսեր են իրականացվել, բա՞ անցած անգամ հիշում եք հենց էդ էր, է, որ էդ ո՞նց, ի՞նչ իրավունքով են գաղտնի իրականացրել (…): Եվ վերջապես, Ձեր օգնականից գրություն ունեի, որտեղ գրած էր, որ մեկ ու ինը միլիարդի հասնող պարտավորություններ չեն կատարվել (…), հիմա ասենք ցիկլը, բանը, էտ աշխատատեղերը, հարց չկա (…), բա փողն ո՞ւր է, սա ենք, է, խոսում (…)»։ Իսկ մայիսի 14-ին «168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասում է հետեւյալը. «Գլխավոր դատախազության գրության մեջ սեւով սպիտակի վրա գրված է, որ գաղտնի ծախսեր են իրականացվել։
Այդ Հիմնադրամը գաղտնի ծախսեր անելու իրավունք չուներ, այս Հիմնադրամն ունի միայն մեկ հոդված՝ հատուցումներ, ծախսային հոդված ունի, ի՞նչ իրավունքի մասին ա խոսքը, բա ո՞վ ա դրա պատասխանը տալու, բա ո՞վ ա դրա համար դատվելու»։ Նույն հարցազրույցի ընթացքում Ուրիխանյանը նշել է. «Ինձ Հիմնադրամից հանելը կապված էր մի հարցի հետ՝ «ո՞ւր են փողերը»։ Երբ այս խնդիրը բարձրացվեց, Հիմնադրամը, չասեմ՝ ապօրինի, բայց ապօրինության տարր ունեցող նիստ գումարվեց, նիստ՝ ոչ հեռավար, այլ հեռակա, փաստաթղթեր ուղարկեցին, ասացին՝ ով համաձայն է էլեկտրոնային ճանապարհով՝ հայտնեք Ձեր «այո»-ն, ով համաձայն չէ՝ «ոչ», քվեարկություն չեղավ եւ էդպես էլ տեղի չի ունեցել նիստը, որի մասին ես, ի դեպ, էլի բարձրաձայնել եմ Ազգային ժողովում, եթե հիշում եք։ Դրանից հետո նիստեր չեն եղել, նիստեր չլինելուց հետո էլ ինձ հանել են Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից»:
Ըստ հայցվոր Հիմնադրամի, պատասխանողի`պատգամավորի զրպարտչական եւ ակնհայտորեն սուտ հրապարակմամբ արատավորվել է Հիմնադրամի անունը եւ գործարար համբավը, որը ենթակա է դատական կարգով պաշտպանության: Հիշեցնեմ, որ պատգամավորի ներկայացուցիչ Լուսինե Ավագյանի կողմից 13.07.2020 թվականին դատարան էր մուտքագրվել հայցադիմումի պատասխան: Իսկ ըստ պատասխանող պատգամավորի, իր հիշատակված արտահայտություններում առկա չէ որեւէ արտահայտություն ուղղակի ուղղված հայցվորին՝ գործարար համբավը, պատիվն ու արժանապատվությունը արատավորելու մասով. «Միակ գործողությունը, որը ուղիղ իմաստով կարող է վերագրվել հայցվորին, դա՝ «բայց ապօրինության տարր ունեցող նիստ գումարեց» արտահայտությամբ հաստատված գործողություն է, որը ընդամենը պատասխանողի գնահատականն է նիստի գումարման գործընթացին եւ հետեւաբար խոսք չի կարող գնալ այն մասին, որ իբր «ապօրինության տարր ունեցող…» արտահայտությունում, կամ մնացած բոլոր արտահայտություններում առկա գործողություններն ուղիղ իմաստով հայցվորին վերաբերելի են, նմանատիպ արտահայտությունների օգտագործումը յուրաքանչյուր վերլուծության պայմաններում չի կարող վկայել հայցվորի կողմից որոշակի գործողություններ կատարելու փաստը»:
Պատասխանող կողմը պնդել էր, որ հիմնվել է գլխավոր դատախազության, վարչապետի օգնականի գրությունների եւ Հիմնադրամի հաշվետվությունների վրա, որտեղ կատարված փոխանցումները, որոնք պետք է համապատասխանեն գրանցված աշխատողների թվաքանակին, իրապես չեն համապատասխանում եւ չեն համապատասխանում ամիսների կտրվածքով. «ՀՀ գլխավոր դատախազության գրավոր պատասխանը՝ ուղղված պատասխանողին, թույլ է տալիս գալ հետեւության, որ գլխավոր դատախազությունը պարզել է, որ իրապես հայցվոր կազմակերպության հաշվետվության եւ պարտադիր վճարներից գոյացած մուտքերի միջեւ առկա է տարբերություն՝ պայմանավորված մի շարք օբյեկտիվ հանգամանքներով»:
Բողոքի քննության օրը հայտնի չէ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.06.2021