Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեկամերոնն» այսօր

Հունիս 16,2021 12:30

«Կպատմենք ձեզ պատմություն մենք այն մասին, թե ինչպես պատեց ժանտախտը ժողովրդին»:

Այսպես է սկսում «Դեկամերոն» ներկայացումը, իսկ ավելի շուտ ներկայացման էքսպոզիցիան: Ներկայացվում է հուզական շեշտադրումով, որը փոքր-ինչ տարակուսելի է, չէ՞ որ պաթոսը առավել բնորոշ է ֆինալային վերջնական իրադարձությանը… բայց… Բայց ամեն ինչի մասին փորձենք խոսել հերթականությամբ: Երգի միջոցով ներկայացվում է իրավիճակը, որը ներքաշում է հանդիսատեսին իրադարձությունների շրջապտույտ: Ըստ էության սա է էքսպոզիացիան:
Պետք է նշել, որ երգը թե՛ իր խոսքային իմաստով, թե՛ մեղեդայնությամբ օգնում է միջավայրի ընկալմանը ու թե կուզեք ներկայացմանը հաղորդում է հուզական երանգ (հեղ՝. Մարիամ Շահինյան): Հենց այս միջոցով մերթ բացահայտվում է գործողությունը, մերթ էլ լուծվում կառուցվածքային խնդիրներ՝ չէ՞ որ ըստ էության այս ներկայացումը թատրոն-ցույցք է թատրոնի ներսում, եւ սյուժետային գիծը պահելու կարիք ունի: Ռեժիսոր Լիլի Էլբակյանը հմտորեն օգտագործել է երգի, երաժշտության հնարավորությունները, որոնք կատարում են նաեւ զոնգի գործառույթ՝ օտարման էֆեկտի գործառույթ: Ոմանց մեջ կարող է հարց ծագել, թե ուր մնաց հուզականությունը, որը մակերեսորեն, տառացիորեն ընկալողները, անկախ նրանից՝ թատերասեր են, թե մասնագետ, փորձում են տարանջատել հուզականությունից, որտեղ օտարման էֆեկտ, ասել է թե էպիկական թատրոն, այնտեղ հուզականության բացակայություն:

Այսպես ավելի հեշտ է ձերբազատվել հոգեբանական դպրոցի մեխանիզմը աշխատեցնելու, դրսեւորելու բարդ ու դժվարին խնդրից: Փորձենք բացատրել, որ օտարման տեսությունը բոլորովին էլ չի նշանակում հույզեր չարտահայտել: Լիլի Էլբակյանը չի փորձել վերեւից կամ ինտելեկտուալիզմի դիրքերից դիմել հանդիսատեսին: Մի խոսքով, նա հանդիսատեսի հետ խոսում է հենց թատրոնի լեզվով («Խոսքը միայն միջոց է թատրոնի լեզվով խոսելու համար» Մեյերխոլդ), իհարկե՝ չարհամարհելով տեքստը, ընկալելով եւ փորձելով բացահայտել հեղինակին: Մեր օրերում սնկի պես աճող թատրոնների ու դրանց տեսակների կողքին ռեժիսորը հիմնականում կարողացել է եւս մեկ անգամ հաստատել, որ թատրոնն ի վերջո ցույցքի եւ դերասանի արվեստ է, որն էլ հենց հրապարակային արվեստի բացահայտ մենաշնորհը կրողն է, անշուշտ մեր օրերում նաեւ ընդհանուր կազմակերպչական ու գաղափարական լիդեր-առաջնորդի պահանջ ունեցող, որպիսին կարողացավ այս ներկայացման մեջ իրեն դրսեւորել Լիլի Էլբակյանը:

Թե խոսեցինք Բրեխտյան թատրոնի ու օտարման էֆեկտի մասին, կարծում եմ ժամանակն է անդրադառնալ նաեւ հրապարակային թատրոնի ու թերեւս նրա ամենահայտնի տեսակներից մեկի՝ Կոմեդի դել արտեի: «Դեկամերոն» ներկայացումը վերոհիշյալ գաղափարի դրսեւորումներից մեկն է, իհարկե՝ ժամանակակից մոտեցումներով: Մեր առջեւ են հայտնվում դիմակների այդ թատրոնի այլաբանական պատկերների ու պերսոնաժների մի ամբողջ շարք՝ Առլեկին, Կապիտան ու Դոկտոր, Պուլչինելլա ու Բրիգելլա… Դիմակ-պերսոնաժների միջոցով հանդիսատեսը հնարավորություն է ստանում մխրճվել այլաբանական պատկերների մեջ ու շոշափելի են դառնում պայմանականության եւ իրականության եզրերը: Շոշափելի հենց հրապարակային թատրոնի, կամ էլ եթե կուզեք, բրեխտյան հնարանքների միջոցով, որոնք ինչ-որ առումով գրոտեսկային են, բայց ոչ կենցաղային, որոնք ո՛չ կոպիտ են, ո՛չ անճոռնի ու ո՛չ էլ անպատկառ, այլ հնարավորինս հեգնական, կուռ ու տրամաբանական: Այս տրամաբանությունը մեկ անգամ եւս գալիս է հաստատելու, որ հոգեբանական դպրոցը, հոգեբանության մեխանիզմը աշխատեցնելու դժվարին խնդիրը լուծելու համար իրավունք է վերապահված համատեղել, թվում է թե անհամատեղելին՝ էպիկական եւ դրամատիկական թատրոնները: Եվ այս ամենն առանց նյարդայնության, առանց ավելորդ ճիգերի, առանց ցինիզմի ու անպատկառության… բայց լիուլի, ինչպես արդեն նշեցինք վերեւում, հեգնանքով ու տրամաբանությամբ:

Հիմա հուզական շեշտի կամ էլ պաթոսի մասին, որը մեզ սկզբից փոքր-ինչ մտահոգեց: Պարզվում է, որ պաթոսը այնքան էլ անտրամաբանական չէ: Պարզվում է, որ դրամատիզմից ու կյանքի շրջապտույտից երբեք չես փախչի, չէ՞ որ մարդն ըստ էության ոչնչով ավելի լավը չի դարձել, չէ՞ որ սերունդների մեղքերը մեր մեջ են… ու պիտի շարունակվեն:

Ուրեմն առաջին տեսարանի հուզականությանը, որպես որոշակի արդարացում, հնչում է ֆինալային ոչ պակաս պաթոսային խոսքերն ու մոտեցումը… «Ժանտախտը մեր մեջ է, ինքդ քեզնից չես փախչի, բայց արհավիրքն ու մահը մաքրում են սերունդների մեղքերը»:

Բոկաչչոյի ստեղծագործությանը ծանոթ լինելու դեպքում հանդիսատեսը մի փոքր զարմանք է ապրում, գուցե եւ տարակուսում: Ներկայացման մասնակիցները միայն կանայք են, որոնք առանց տղամարդկանց հրավիրելու մեկնում են մերձքաղաքային դղյակ:

Նշենք, որ ամբողջ ներկայացումը կայանում է բացօթյա տարածքում, որը նկարչի վարպետ ձեւավորման շնորհիվ (Գարեգին Եվանգուլյան) ե՛ւ խիստ ֆունկցիոնալ է, ե՛ւ կարողացել է իրոք համապատասխան միջավայր ստեղծել… Իսկ հիմա տղամարդկանց բացակայության մասին… Չէ, նրանք կան… նրանց դերերը պիտի խաղան հենց կանայք… Ոչ, ոչ թե «կախարդական փայտիկի» օգնությամբ վերածվելով տղամարդու… դրա կարիքը բոլորովին չկա… Կարիք չկա համոզելու, որ տղամարդ են… նրանք կին են, որոնք ներկայացնում են տղամարդկանց… ներկայացնում հումորով, երբեմն գրոտեսկով, կատակով, վառ թատերայնությամբ… չէ, ոչ թե ներկայացնում, այլ խաղում: Չէ՞ որ սա խաղ է, կատակ… Չէ՞որ սա թատրոն է…

Նշենք այս խաղ-թատրոնի մասնակիցներին՝ Լիլի Էլբակյան, Ռուզաննա Հախնազարյան, Արաքսյա Մելիքյան, Մարիամ Շահինյան, Ծովինար Մարտիրոսյան, Մարիամ Դավթյան, Գայանե Մողրովյան, Սաթենիկ Գասպարյան, որոնք աչքի ընկան նաեւ հանկարծախաղին տիրապետելու իրենց հմտությամբ, օգտագործելով բաց տարածքի անհարմարությունները, որպես առավելություններ… լսվող մեքենայի ազդանշանները, երկնքում հայտնված թռչունների աղմուկը ու ճախրող բազեին (որը բախտի քմահաճույքով հայտնվեց ճիշտ ժամանակին, երբ հերթական նովելում բազեն «գլխավոր» դերակատարներից մեկն էր), կարծես ներքաշելով խաղի մեջ, եւ ենթարկեցնելով նրանց խաղի կանոններին, թատրոնի կանոններին, մի խոսքով՝ սա իրոք թատրոն է, բառիս լավագույն իմաստով:

Տիգրան ՔԵԼԵՄՅԱՆ
Թատերագետ, դրամատուրգ

«Առավոտ» օրաթերթ
15.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930