Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվային ապացուցեցին, որ նրանք էլ կարող են Ալիեւի հետ պայմանավորվել
15 հայ ռազմագերի վերադարձավ Հայաստան: Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվը հասավ 88-ի: Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում, ի դեպ, ոչ միայն ռազմագերիներն են, այլեւ Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված երկու ադրբեջանցիները։
Իհարկե, Փաշինյանի իշխանությունը հույս ուներ, որ հայ ռազմագերիների վերադարձը նախընտրական թեժ փուլում նրա քաղաքական ուժին վարկանիշ կապահովի, սակայն բոլորի համար պարզ է, որ գործընթացում ներգրավված էին կողմեր, եւ այդ ջանքերի արդյունքը ամենաքիչը Հայաստանի իշխանության նախաձեռնությունների հետ կապ կունենան: Հունիսի 12-ին Ադրբեջանում պահվող 15 հայ գերիների ազատ արձակումից ժամեր անց պաշտոնական Վաշինգտոնը, Բրյուսելը, Մոսկվան ու Թբիլիսին մանրամասներ հաղորդեցին կուլիսային բանակցություններից:
Նախ` Նիկոլ Փաշինյանը հայտնեց. «Երկու օր առաջ հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, ով ասաց, որ ԱՄՆ պետքարտուղարի հանձնարարությամբ ունի առաքելություն` այս օրերի ընթացքում ինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում, եւ եթե մենք պատրաստ ենք նման համագործակցության, իրենք պատրաստ են ներգրավվել գործին: Ես, բնականաբար, ասացի, որ պատրաստ ենք, եւ ահա այսօր` գործադրված ջանքերի արդյունքում, այդ թվում` Վրաստանի վարչապետի, նաեւ ուզում եմ հիշատակել ԵՄ մեր գործընկերներին, որ նախորդ օրերին ջանքեր են գործադրել, մեր 15 գերեվարված եղբայրները վերադառնում են Հայաստան»:
Կարդացեք նաև
Նկատենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ իր հերթին հայտնեց, որ Բաքուն հայկական կողմին է փոխանցել 15 ռազմագերիների, որի դիմաց ստացել է Աղդամի շրջանի ականապատման քարտեզներ: Ըստ հայտարարության, այս գործողությունն իրականացվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի աջակցությամբ: Պարզվեց, որ այո, Վրաստանի վարչապետն անձամբ է ներգրավված եղել գործընթացում: Վրաստանի վարչապետի գրասենյակը հաղորդեց, որ Իրակլի Ղարիբաշվիլիի ջանքերի շնորհիվ հայկական կողմն էլ իր հերթին կարեւոր տեղեկություններ է փոխանցել Բաքվին ականապատված տարածքների վերաբերյալ: «Վրաստանի վարչապետն անձամբ է մշտական կապի մեջ եղել Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ», – նշեցին Թբիլիսիից, հավելելով. «Վրաստանի վարչապետը ողջունում է հարեւան պետությունների այս որոշումը, որը պետք է հիմք դառնա տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու եւ երկարաժամկետ կտրվածքով համագործակցության մթնոլորտ ձեւավորելու համար: Վրաստանն ամենասկզբից հենց ակտիվորեն համագործակցել է ամերիկացի դաշնակիցների, ինչպես նաեւ հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ` այս հարցի դրական կարգավորման համար: Վրաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ համագործակցության մթնոլորտի ձեւավորմանը, եւ բազմիցս է հայտարարել այդ գործում իր ներդրումն ունենալու պատրաստակամության մասին»:
Այնուհետեւ հատուկ հայտարարություն տարածեց ԱՄՆ պետքարտուղարությունը` ողջունելով 15 հայ ձերբակալվածների ազատ արձակումը, ինչպես նաեւ Ադրբեջանին կարեւոր տեղեկություններ փոխանցելու` Հայաստանի որոշումը: «Այդօրինակ քայլերը տարածաշրջանի ժողովուրդներին կմոտեցնեն խաղաղ ապագային, որին նրանք արժանի են»,- նշեց ԱՄՆ պետքարտուղարը` հատուկ շնորհակալություն հայտնելով Վրաստանի կառավարությանը` այս հարցի շուրջ «կողմերի միջեւ երկխոսություն նախաձեռնելու հարցում ունեցած կենսական դերակատարության համար»: Բլինքենը նաեւ կոչ արեց վերադարձնել բոլոր ձերբակալվածներին, ընդգծելով, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել տարածաշրջանի երկրներին` համագործակցությունը շարունակելու եւ չլուծված հարցերը կարգավորելու ջանքերում. «Մենք նաեւ հորդորում ենք Հայաստանին ու Ադրբեջանին վերականգնել առարկայական բանակցությունները` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո` հակամարտության համապարփակ քաղաքական լուծումը գտնելու համար»:
Փաշինյանի` Բրյուսել կատարած այցից հետո, ինչպես հայտնի է, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ: Այսինքն, պարզ է, որ նաեւ Բրյուսելն է ներգրավված եղել հայ ռազմագերիների վերադարձի ջանքերում: Ավելի ուշ արդեն Միշելը Թվիթերի իր էջում ողջունեց՝ Հայաստանի եւ Ադրբեջանի «զուգահեռ մարդասիրական ժեստերը», հավելելով. «Սա առաջին քայլն է կողմերի միջեւ վստահությունը վերականգնելու ուղղությամբ»: Եվրոպայի խորհրդի ղեկավարն ընդգծել էր, որ Բրյուսելը նպաստել է այս գործընթացին եւ կշարունակի իր աջակցությունն առաջարկել` առաջընթացի հասնելու համար:
Իր հերթին պաշտոնական Երեւանն էլ շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին մեր տարածաշրջանում հումանիտար բնույթի, հատկապես հայ գերիների հայրենիք վերադարձի ուղղությամբ գործադրվող բոլոր ջանքերի համար, ասված էր Նիկոլ Փաշինյանի խոսնակի գրառման մեջ: «Ձեռք բերված համաձայնությամբ, 15 ձերբակալված հայերի ազատ արձակման դիմաց Բաքվին են փոխանցվել Աղդամում տեղակայված 97,000 ականների քարտեզները` վրաց-ադրբեջանական սահմանին` Վրաստանի ներկայացուցիչի մասնակցությամբ», – հայտարարեց նաեւ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ հավելելով. «Քարտեզների ձեռքբերումը կփրկի հազարավոր մարդկանց կյանքեր եւ կարագացնի Աղդամը վերակառուցելու` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախաձեռնած ծրագրերն ու տեղահանվածների վերադարձը այդ բնակավայրեր»:
Այնուհետեւ Փաշինյանը հարկ համարեց պարզաբանել, թե Երեւանը ոչ թե փոխանակել է ականապատ տարածքների քարտեզները գերիների դիմաց, այլ` Ադրբեջանի ընդառաջ քայլին պատասխան քայլ արել. «Վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն իր հայտարարություններում անընդհատ շեշտում էր հումանիտար ականազերծման անհրաժեշտությունը։ Ուզում եմ ընդգծել` խոսքն այն ականների մասին է, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում, այսինքն` դրանք չեն բաժանում մեզ՝ այլեւս հայտնի հանգամանքների բերումով, այլ գտնվում են նրանց թիկունքում»: Փաշինյանը պնդել է, թե ականապատված տարածքների քարտեզներ Բաքվին փոխանցել է նաեւ մինչ այս` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջոցով. «Պաշտոնապես ասում եմ` մենք երբեք չենք հրաժարվել քարտեզներ տրամադրել Ադրբեջանին, այդ Ադրբեջանն է, որ դադարեցրել է գերիների վերադարձը։ Երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եկել էր Երեւան եւ նախորդ օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, թե կոչ են անում ականապատ տարածքների մասին տեղեկություններ տրամադրել` նաեւ Լավրովի հետ եմ որոշ քարտեզներ Ադրբեջան ուղարկել»։ Ի դեպ, պաշտոնական Մոսկվան՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի մակարդակով արձանագրեց միայն հետեւյալը. «Երկար սպասված եւ հրաշալի նորություն է», եւ նույնպես ողջունեց կողմերի միջեւ արձանագրված վերջին զարգացումները:
Հայաստանում տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է դարձել ականապատման քարտեզները՝ 15 ռազմագերիների համար վերադարձնելու պաշտոնական Երեւանի ժեստը: Անկախ ամեն ինչից, իհարկե, մեր հայրենակիցների վերադարձը դրական փաստ է: Այլ հարց է, թե ինչու են ՀՀ իշխանությունները հայտնվել այս վիճակում: Բայց այստեղ էլ, ցավոք, որեւէ զարմանալի բան չկա:
Ադրբեջանի հետ չի կնքվել խաղաղության համաձայնագիր, բայց անգամ եռակողմ հայտարարության դրույթները Բաքուն չի կատարում:
Այսինքն, միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի իշխանությունների ապօրինի գործողությունները մի քանի ամիս միջազգային հանրության կողմից հանդուրժել են, եւ վաղուց էր պարզ, որ Ադրբեջանը հայ ռազմագերիներին պահում է՝ միջազգային հանրության հետ «առեւտրի» նպատակով: Իսկ այժմ, երկար բանակցություններից հետո Ադրբեջանը քայլ արեց՝ այն էլ պարտադիր հայկական կողմից ցանկալին ստանալուց հետո: Այնպես որ, այս դեպքում բոլորովին էլ գործ չունենք Ադրբեջանի կողմից մարդասիրական քայլի հետ, ամիսներ շարունակ եռակողմ հայտարարության դրույթները չկատարող, միջազգային նորմերը խախտող Ադրբեջանն իր համար հարմար պահի որոշեց իրականացնել քայլ՝ ստանալով դրա համար հայկական կողմից իր համար կարեւոր նշանակության՝ ականապատման քարտեզները:
Ընդ որում, ակնհայտ է, որ այդ գործընթացում Արեւմուտքի ձեռքով ի ցույց դրվեց մի հանգամանք. այն, ինչ մեծ ջանքերով է հաջողվում ռուս խաղաղապահներին, հաջողվեց նաեւ ԱՄՆ-ին ու ԵՄ-ին: Նկատենք, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի՝ տարածաշրջանային վերջին այցի ընթացքում Վաշինգտոնի ուղերձները բավական հստակ էին ու կոշտ:
Ռիկերը Բաքվում Ալիեւի հետ հանդիպմանը՝ մտահոգություն հայտնելով հայ զինվորների գերեվարման կապակցությամբ, նշել էր. «Վերջին շրջանում մենք շատ մտահոգված էինք Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով զարգացումներից, այդ թվում՝ ադրբեջանական ուժերի կողմից վեց հայ զինվորների գերեվարումից եւ ականի վրա երկու լրագրողների պայթելու ողբերգական մահվան վերջին միջադեպից: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության հետեւանքով չափազանց շատ զոհեր են եղել, եւ մենք մտահոգություններ ունենք, որ սահմանի վրա իրավիճակը կարող է սրվել: Մենք կոչ ենք անում կողմերին շուտափույթ եւ խաղաղ ճանապարհով լուծել այդ միջադեպերը: ԱՄՆ-ը կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմանի չգծանշված հատվածների երկայնքով ցանկացած շարժում կարող է լինել սադրիչ եւ անտեղի: Մենք մերժում ենք ուժի կիրառումը, որպեսզի կատարվի սահմանի գծանշում, եւ կոչ ենք անում կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքեր ու դադարեցնել չգծանշված սահմանի ռազմական ամրացումները եւ ականների տեղադրումը»:
Վաշինգտոնը հստակ ընդգծեց, որ ԱՄՆ-ն հայ-ադրբեջանական սահմանի տեղաշարժերը համարում է սադրիչ քայլ եւ հորդորեց վերադառնալ ելման դիրքեր, այսինքն՝ ուղերձը միանշանակ էր՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն իրենց զբաղեցրած դիրքեր: Բացի այդ, գերիների վերադարձի հետ կապված ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը միանշանակ էր՝ ԱՄՆ-ի կառավարության դիրքորոշումն է, որ 44-օրյա պատերազմի հետեւանքով բոլոր գերեվարված, ձերբակալված անձինք պետք է ազատ արձակվեն, Երեւանում «Ազատության» հետ զրույցում շեշտեց Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի պաշտոնակատարը։
Հետաքրքիր կլինեն, իհարկե, այսուհետ պաշտոնական Մոսկվայի քայլերը՝ հետագայում եւս հայ գերիների վերադարձի հարցում նախաձեռնողականության տեսանկյունից: Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվային հասկացնել տվեցին, որ մեր տարածաշրջանում նույնիսկ ռուս խաղաղապահների առկայության պայմաններում կարող են Ալիեւի հետ պայմանավորվել եւ արդյունք արձանագրել:
Ինչպե՞ս է իրեն դրսեւորելու այսուհետ Ադրբեջանը… Ալիեւը Հայաստանի իշխանությունների անհեռատես քաղաքականության արդյունքում ստացել է հնարավորություն ապագայում նույնպես «գործարքների» դիմաց փոխանակել հայ ռազմագերիներին, մինչդեռ դա Ադրբեջանի պարտավորությունն է, որը ադրբեջանական կողմը պետք է անվերապահ իրականացներ:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.06.2021