Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխական անկայունությունը մեկ-երկու ընտրություններով չի ավարտվում

Հունիս 16,2021 14:00

Հեղափոխություն իրականացրած ժողովուրդները պետք է ամբողջությամբ ստանան ցնցումների իրենց բաժինը

Ինչպես հայտնի է, 232 տարի առաջ 1789 թվականի հուլիսի 14-ին Բաստիլի գրավմամբ Ֆրանսիայում սկսվեց այդ երկրի եւ ողջ աշխարհի համար բախտորոշ հեղափոխությունը: Հին, իրենց դարն ապրած կարգերը պատմական օրինաչափություններով թելադրված, պետք է փոխարինվեին նորերով:

Սկզբից հիշեցնենք, թե քանի անգամ հեղափոխության ժամանակ փոփոխվեց օրենսդիր մարմինը: Սկզբից, Բաստիլի գրավումից մի քանի օր, անց այդ կառույցն, այսպես ասած, առանձնացավ թագավորի կողմից գումարված «Գլխավոր վեհաժողովից»՝ բուրժուազիան եւ նրան «առնետավազքի» արդյունքում միացած մի շարք ազնվականներ եւ հոգեւորականներ ցանկանում էին ունենալ սահմանադրական միապետություն: Այդպիսի սահմանադրություն, ի վերջո, ընդունվեց, եւ 1791 թվականի հոկտեմբերի 1-ին ընտրվեց Օրենսդիր ժողովը: Բայց այն գոյատեւեց ընդամենը մեկ տարի. Հեղափոխական զանգվածները, որոնց անընդհատ գրգռում էին պոպուլիստները, ներխուժում էին թե՛ խորհրդարան եւ թե՛ թագավորի պալատ՝ արյան վրեժով լցված: Օրենսդիր ժողովն այդ «պողոսների» (կամ տվյալ դեպքում ճիշտ կլինի ասել՝ Paul-երի) համար չափից դուրս «հանդարտ» էր, նրանք իրենց առաջնորդների դրդմամբ պահանջեցին «վերջ տալ թավիշին», եւ 1792 թվականի սեպտեմբերի 21-ին Օրենսդիր ժողովը փոխարինվեց Ազգային կոնվենտով: Վերջինս ուներ «պողպատյա մանդատ», եւ իր մեջ համատեղում էր օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունը:

Գիլյոտինը սկսեց աշխատել մեծ ակտիվությամբ. գլխատվեցին թե՛ «նախորդ հանցավոր ռեժիմի» ազնվականներն ու նրանց ենթադրյալ համակիրները, թե՛ նրանք, ովքեր «չէին պահպանել հավատարմությունը հեղափոխության գաղափարներին» (օրինակ, Ժորժ Դանտոնը): Երբեմն հեղափոխականներն իրենց նեղություն չէին տալիս ձեւական դատավարություններով. պարզապես գերաններով զինված մարդկանց ուղարկում էին բանտեր, որտեղ ժողովրդական զանգվածները, հրապարակավ դատաստան տեսնելով, տանջամահ էին անում «հեղափոխության թշնամիներին»:

Բայց Կոնվենտը նույնպես երկար չձգեց՝ զանազան ցնցումներից եւ հեղաշրջումներից հետո 1795 թվականի հոկտեմբերի 26-ին այն փոխարինվեց Դիրեկտերիայով, մինչեւ որ 1799 թվականի նոյեմբերի 9-ին հերթական հեղաշրջումից հետո իշխանության չեկան զինվորականները՝ գեներալ Բոնապարտի գլխավորությամբ:

Հեղափոխական մղձավանջը տեւեց 10 տարի:

Հետեւություն. երբ սկսվում է հեղափոխությունը, մեկ կամ երկու ընտրություններով ամեն ինչ չի ավարտվում: Հեղափոխությանը ենթադրում է ցնցումների եւ հետցնցումների շարք, եւ այդ շարքը արհեստականորեն, քաղաքացիների կամ քաղաքական գործիչների կամքով հնարավոր չէ կանգնեցնել: Հնարավոր է ինչ-որ բաներ մեղմացնել, դանդաղեցնել կամ արագացնել, բայց կանգնեցնել հեղափոխության ընթացքը հնարավոր չէ: Այդ ընթացքն անկասելի է:

Հիմա հակիրճ անդրադառնանք, թե ինչպես էր Ֆրանսիան պատերազմում հեղափոխության ժամանակ: Քանի որ հեղափոխական իշխանությունները, որպես կանոն, երկիր կառավարելու հմտություններին չեն տիրապետում, եւ մի համակարգից անցումը մյուսին հանգեցնում է նաեւ օբյեկտիվ դժվարությունների, Ֆրանսիայում սկսվեց սով եւ անիշխանություն: Դժգոհության ալիքը հանգցնելու ամենակարճ ճանապարհը պատերազմն էր: Եվ ահա 1792 թվականի ապրիլի 20-ին ժիրոնդականները պատերազմ հայտարարեցին Ավստրիայի եւ Պրուսիայի դեմ: Խռովություններով եւ անկարգություններով քայքայված ֆրանսիական բանակը սկզբնական շրջանում խայտառակ պարտություններ էր կրում: Ձգտելով իրենց վրայից գցել պատասխանատվությունը, ժիրոնդականներն ու յակոբինականները սկսեցին համոզել paul-երին, որ ամեն ինչում մեղավոր են հակահեղափոխականները եւ արքունիքը: 1792-ի հունիսի 20-ին իշխանության կողմից «սրսկված» ամբոխը ներխուժեց, ինչպես արդեն ասվեց, թագավորական պալատ, որտեղ վերջին հայհոյանքներն էր հնչեցնում թագավորի եւ թագուհու հասցեին: Ֆրանսիայի ռազմական գործերը սկսեցին շտկվել միայն 7-8 տարրի անց՝ նույն Բոնապարտի ջանքերով:

Հետեւություն. հեղափոխությունները եւ ռազմական պարտությունները հաճախ փոխպայմանավորված են: Կարծում եմ, դուք հեշտությամբ կգտնեք օրինակներ այլ երկրների (Գերմանիայի, Թուրքիայի, Ռուսաստանի) պատմությունից:

Եվ վերջապես. հեղափոխականների վերաբերմունքը կրոնին, եկեղեցուն:

Ցանկացած հեղափոխական ձգտում է ապացուցել, որ այն, ինչին մարդիկ մինչ այդ հավատում էին, սխալ էր, սուտ էր, խաբելու, ստրկացնելու նպատակ ուներ, եւ իրենք եկել են՝ նոր երկիր, նոր կրոն եւ նոր մարդ կերտելու: Հեղափոխական Ֆրանսիայում քրիստոնեությունն օրենքից դուրս հայտարարվեց՝ ուղեկցվելով եկեղեցիների ավերումով եւ հոգեւորականների հետապնդմամբ: Ծայրահեղ յակոբինականները՝ էբերի եւ Շոմետի գլխավորությամբ ուզում էին ընդհանրապես վերացնել կրոնը եւ հաստատել Բանականության պաշտամունք (այստեղ, եթե հնարավորության լիներ, ես սմայլիկ կդնեի, որովհետեւ նման լուծումն իրականում բանականությունից դուրս է): Ռոբեսպյերը, սակայն, հասկանում էր, որ դա ժողովրդի մեջ ընդվզում կառաջացնի, եւ 1794-ին հրամայեց այդ ծայրահեղականներին մահապատժի ենթարկել: Հեղափոխության առաջնորդը որոշել էր ներմուծել Գերագույն էակի պաշտամունքը, եւ փորձում էր հանդես գալ որպես այդ պաշտամունքի քրմապետ:

Հետեւություն. կռապաշտների՝ հեղափոխության առաջնորդի հանդեպ «դու Քրիստոսն ես» բացականչությունը պատահական չէ՝ «նոր մարդը» պետք է ունենա «նոր կրոն»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930