Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյան․ «Հիմա ոչինչ չունենք, որի պատճառով Ադրբեջանը համաձայնվի գոնե ինչ-որ մի ստատուս-քվոյի ապահովմանը»

Հունիս 15,2021 23:55

Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից հաղորդավարը հետաքրքրվեց՝ ասում եք Արցախի հարցում դաշնակից չունենք, այսինքն՝ այն պատկերացումները, որ մենք ունենք, աշխարհում կիսող չկա, բայց ակնհայտ է, որ մենք մեր ռեսուրսով չենք կարող հասնել Արցախի խնդրի լուծման այն պատկերացմանը, որը մենք համարում ենք հայանպաստ։ Դուրս է գալիս, որ մենք պետք է թանկ գնով հանձնե՞նք, եթե մենք իրատես լինենք։

Տեր-Պետրոսյանն ի պատասխան ասաց՝ նախ ասեք, որ մենք չունենք այդ պատկերացումը, այդ ունեցածն աբսուրդ է․«Աբսուրդն այն է, որ կարող ես ինչ-որ մեծ հաջողություններ ունենալ, մեծ տարածքներ ունենալ, տեսեք՝ 4,5 հազար կիլոմետրից 12,5 հազար կիլոմետր էր դարձել Արցախը, եւ դա կարողանալ պահել հավերժ ու ոչինչ չանել, աբսուրդը սա էր։ Մենք հասկանում էինք, որ դա հավերժ պահել հնարավոր չէ, մենք տեսնում էինք ուժերի հարաբերակցությունն ինչպես է փոխվում Հայաստանի ռեսուրսները, Ադրբեջանի ռեսուրսները, տեսանք՝ կամաց-կամաց․․․Ադրբեջանը շատ համբերատար է գործել, հանգիստ, երեսուն տարի պատրաստվեցին եւ իրենց հարցերը լուծեցին։ Դա չհասկացան մերոնք, ո՛չ քաղաքական ուժերը, ո՛չ մտավորականությունը, ո՛չ ամբողջ Սփյուռքը։ Էլեմենտար բան էր։ Ղարաբաղի հարցի լուծման ամենահարմար պահը 1994 թվականին էր, եւ այդ ժամանակ Ադրբեջանն այնքան խեղճ էր եւ պատրաստ էր ընդունելու այդ լուծումը՝կարգավիճակի հարց դեռ չէր լուծվում, ԼՂԻՄ-ի սահմանները եւ Լաչինի շրջանը պահպանվում էին, խաղաղարար ուժեր էին տեղադրվում եւ կարող էր այս վիճակը երկար շարունակվել։ Դա մեզ տալիս էր հնարավորություն ե՛ւ Ղարաբաղը դարձնելու ուժեղ պետություն, ե՛ւ Հայաստանը դարձնել ուժեղ պետություն, ե՛ւ հավասարը հավասարի պես քննարկել այս հարցերը։ Դա դեռ չէր նշանակում Ղարաբաղի կարգավիճակի որոշում, դա կարող էր երկար տեւել։ Մենք տեսել ենք այդպիսի կոնֆլիկտներ՝արաբա-իսրայելականն արդեն 70 տարի է տեւում, հյուսիսային Կիպրոսինը՝ հիսուն տարի։ Ոչինչ, կմնար, կարեւորը պատերազմ չկար, խաղաղություն էր եւ այդ հարցը դարձել էր միջազգային հարց, որը մի օր պիտի լուծվեր»։

ՀՀ առաջին նախագահը նորից կրկնեց՝ Արցախի հարցում դաշնակից չկա եւ երբեք չի եղել։

Թե ի՞նչ է լինելու Արցախի հարցը, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ հիմա արդեն շատ դժվար է, այն ժամանակ փոխզիջելու բան ունեինք, հիմա չունենք, հիմա ոչինչ չունենք, որի պատճառով Ադրբեջանը համաձայնվի գոնե ինչ-որ մի ստատուս-քվոյի ապահովմանը, մենք զիջելու հնարավորությունը կորցրեցինք։

«Ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղը տալիս ենք Ադրբեջանին, հողերը տալիս էինք, երբեք այդպիսի բան չկա։ Մենք խոսել ենք փոխզիջման մասին, այսօր արդեն լրիվ ուրիշ իրավիճակ կլիներ, Ղարաբաղի հարցն իսկապես կդառնար միջազգային հարց՝ ՄԱԿ-ի մակարդակի քննարկելիք, կբարձրանար Մինսկի խմբից ավելի բարձր»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930