«Անշուշտ, քաղաքական Սարդարապատը, որ մենք հայտարարել ենք և որի վերջնական նպատակը պետք է լինի ազգային պետության կառուցումը, չի ավարտվելու ընտրություններով»,- Մարտունիում քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության (ԱԺԲ) ընտրական ցուցակի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը:
Բևեռի անդամները Մարտունիում իրականացրին քայլերթ և իրազեկում:
Վարուժան Ավետիսյանը վստահեցրեց՝ հասկանում են, որ ծանր ճանապարհ են դուրս եկել, փորձություններով են անցել և էլի, ցավոք, լինելու են փորձություններ, բայց նաև նշեց, որպեսզի այդ փորձությունները հնարավորինս նվազ ազդեցություն ունենան մեզ վրա, կարևոր որոշում ունենք կայացնելու. «Ընտրություններն ընդամենը մեկ քայլ է այդ ճանապարհին և հնարավորություն է մեզ լծակ տալու, որպեսզի մենք ԱԺ մտնելով՝ ի վերջո կարողանանք ճեղքել տեղեկութային շրջափակումը և արագ համախմբել ժողովրդին»:
ԱԺԲ ընտրական ցուցակի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը մարտունեցիներին վստահեցրեց՝ այս ընտրությունները հնարավորություն են տալու Հայաստանը քանդող ուժերին երկիրը տանել լիակատար ավերման, կամ հնարավորություն են տալու մեզ Բևեռին իր համակիրների քվեներով անցնելով խորհրդարան՝ կանգնեցնել այն ընթացքը, որը երկիրը տանում է պետության և պետականության լիակատար կորստյան:
Կարդացեք նաև
Նա հորդորեց բնակիչներին չքվեարկել նախկինների և ներկաների միջև ու ասաց. «Իրականում երկուսն էլ նախկին են և երկուսն էլ ներկա են»:
Բևեռը նաև քարոզարշավ իրականացրեց Արարատի մարզի Արարատ և Արտաշատ, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան քաղաքներում, Երևանի Շենգավիթ, Աջափնյակ, Նոր Նորք վարչական շրջաններում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ