ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց, որ մեր պարտության համար նույնքան մեղավոր է մտավորականությունը։
«Այն, ինչ տեղի ունեցավ, երբ մենք չօգտագործեցինք մեր 90-ականների հնարավորությունը՝ գնալու փոխզիջումային լուծման եւ չունենալու այս պարտությունը, դրանից հետո մյուս իշխանությունները, եւ մինչեւ հիմա մեր մտավորականությունը, փաստորեն, իր հրապարակային խոսքով չտարբերվեց ֆիդայիններից, մեր ակադեմիկոսները չտարբերվեցին, ասենք՝ Սեֆիլյանից՝ իրենց մտածողությամբ, իրենց խոսքով։ Հակառակն արեցին, որպեսզի հայրենասեր երեւային»,-ասաց Տեր-Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ մեր Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտը, համալսարանի պատմության ֆակուլտետը երեք սերունդ է դաստիարակել հայդատականության, ոչմիթիզականության վրա․ «Դասագրքրերը փոխեցին անմիջապես այն օրվանից, երբ Լենդրուշ Խուրշուդյանը դարձավ պատմության ֆակուլտետի հայագիտական, թե հայոց պատմության ամբիոնի վարիչ։ Երեսուն տարում երեք սերունդ դաստիարակեցին՝ հայդատականության, ոչմիթիզականության, ֆիդայինների սերունդ, եւ հենց այդ ակադեմիկոսների, պրոֆեսորների շնորհիվ»։
Առաջին նախագահը մի հուշ պատմեց․ «Իմ հրաժարականից մի քանի օր անց ինձ այցելեց ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանն եւ ասաց՝ Լեւոն, եկել եմ քեզ ասելու, որ քեզ դավաճանեց Հայաստանի մտավորականությունը։ Ասացի՝ ոչ, սխալվում եք, պարոն Բարխուդարյան, այդ մտավորականությունն ինձ հավատարմության երդում չի տվել, որ դավաճանած լինի, նա դավաճանեց ժողովրդին։ Այս մեր պարտության մեջ, մեր ողբերգության մեջ որքան մեղավոր են իշխանությունները, կուսակցությունները, հայդատականները, նույնքան մեղավոր են նաեւ մտավորականները»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ Արման Կարախանյանի ֆեյսբուքյան էջից