«Հայցում եմ բացառապես ՀՀ քաղաքացիների աջակցությունը, եւ որեւէ մեկից այլ աջակցություն չեմ ակնկալում։ Ինչ վերաբերում է կես կատակ-կես լուրջ ասված՝ «Крым наш» արտահայտությանը, ապա դրանից հետո ես շարունակել եմ իմ խոսքը»,-«Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի եթերում այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ռուսաստանցի մեկնաբան Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցը ոմանք մեկնաբանում են որպես Մոսկվայի աջակցությունը հայցելու քայլ։
Արթուր Վանեցյանը շարունակեց․ «Ասել եմ, որ Ղրիմի ժողովուրդը 95%-ից ավելի ձայներով քվեարկել է եւ դիրքորոշում արտահայտել՝ ՌԴ կազմ մտնելու հետ կապված։ Այսինքն, ինքնորոշվել են։ Այսինքն, ՌԴ-ն իրացրել է Ղրիմի ժողովրդի կամարտահայտության իրավունքը։ Ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի, եւ մենք չենք կարող պահանջել, որպեսզի արցախյան հակամարտության հարցում ինքնորոշման իրավունքը լինի անշրջելի, իսկ Ղրիմի վերաբերյալ ասել, որ այդ իրավունքը չպետք է իրացվի։ ՀՀ 90%-ից ավելի մարդիկ ՌԴ-ից մշտապես օգնություն են ակնկալում, ասելով, որ ռուսը պետք է խառնվի, մեզ պաշտպանի։ Կապիտուլյանտն ասում է, որ Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանները պետք է պահեն ռուսները։ Եթե ռուսներից պաշտպանություն եւ լավ վերաբերմունք ենք պահանջում, չենք մտածո՞ւմ, որ ռուսները եւս մեզանից լավ վերաբերմունք են ակնկալում»,-հարցադրում արեց Արթուր Վանեցյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև