Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում նախազգուշացրեց, որ Հայաստանը վտանգի տակ է, թշնամին քայլ-քայլ առաջ է գալիս, հետևաբար և անփորձ երիտասարդները պիտի հեռանան իշխանության ղեկից։ Ըստ նրա, ինքը 2020 թվականի հունիսին էր նախազգուշացրել, որ պատերազմ կսկսվի, կկորցնենք Արցախը, սակայն իր բառերով ասած՝ իրեն ոչ մեկը բանի տեղ չի դրել, ո’չ կուսակցությունները, ո’չ էլ ժողովուրդը։
Այժմ էլ ԲՀԿ առաջնորդը նախազգուշացնում է՝ այսպես շարունակվելու դեպքում կկորցնենք Հայաստանը։
«Ես 2020 թվականին ասել եմ, ոչ մեկը դա բանի տեղ չի դրել, ո՛չ կուսակցությունները, ո՛չ էլ ժողովուրդը, որ ասի՝ 4 ամիս ժամանակ ունենք, ժողովուրդ ջան, մեզ վատ բան է սպասվում, Ղարաբաղն ենք կորցնելու, ժամանակ է լինելու մարդիկ սնունդ չեն գնելու, չեն կարողանալու գնեն, հունիսին ասել եմ, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր։
Պատերազմը սկսվեց, որ ասում էի՝ պետք է էս անփորձ երիտասարդները հրաժարական տան, նրանք փորձ չունեն, շատ էլ ցանկանում են, մեծ-մեծ խոսում են, բայց լիարժեք փորձ չունեն։ Պետք է Ազգային համաձայնության կառավարություն լինի, մարդիկ համախմբվեն, իրենց կապերը, իրենց հնարավորությունները ներդնեն, ամրապնդեն, բանակցեն։ Ասե՞լ եմ, թե՞ չեմ ասել, բայց ոչ մեկը չի աջակցել։
Կարդացեք նաև
Այսօր նույնպես նույնը ձեզ ասում եմ, էն ժամանակ Արցախն էլ, այսօր ասում եմ՝ Հայաստանն է վտանգի տակ, ժողովուրդ։ Այսօր պետք է քայլ կատարվի, տեսնում եք՝ քայլ-քայլ առաջ են գալիս։ էսօր արդեն Ալիևն ու Էրդողանը Շուշիում են, ծրագիր են գրում մեր հողում։ Հասկանում եք՝ ինչքան ցավ է, դա կարող էր չլիներ։
Եթե Ալիևը Էրդողանի հետ է գործընկեր, բանակցություններ է վարում, մենք պիտի Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի հետ, որ մենք ամուր լինենք, մեր սահմանը ռուս ու հայ զինվորը պիտի պահեն, որ անսասան լինի, որ ճանճ չանցնի, որ վստահ լինենք, ժողովուրդն ամուր լինի, անվտանգ լինի։
Հիմա, ինչ-որ ասում եմ, ով ոնց է ընդունում, չգիտեմ, նորից եմ ասում՝ Աստված չտա, գա էդ ժամանակը․․․ Ես ինչ-որ ասում եմ, ես տեսնում եմ, շփվում եմ, վերլուծում եմ, անհնարին ոչինչ չկա, ժողովուրդ։
Պետք է կարողանանք կազմակերպվել, պետք է համախմբվենք, էսօր սև ու սպիտակ չկա, էսօր կա մի ազգ՝ հայ ազգ», -ասաց Գագիկ Ծառուկյանը։
Նա նշեց, ով կարող է բարձրացնել այս ծանրությունը, նա պետք է բարձրացնի, և դա պիտի անի ոչ թե դատարկ խոսքերով, այլ գործով՝ իր կապերով ներդրումներ բերի, անվտանգությունն ապահովի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ