Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես չամուսնացածներին ամուսնացնել, ժողովրդի պարտքերն ու վարկերը փակել․ Գագիկ Ծառուկյանը Գյումրիում էր

Հունիս 15,2021 22:33

Այսօր Գյումրիում քարոզարշավ անցկացրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Չնայած նրան ուղեկցում էին ԲՀԿ պատգամավորների տեղի թեկնածուները, սակայն  Գյումրու Թատերական հրապարակում միայն նա ելույթ ունեցավ՝ մոտ 25 րոպե մանրամասնելով նախընտրական ծրագիրը։ ԲՀԿ առաջնորդին, ինչպես միշտ,  դիմավորելու  էին եկել  նաև սոցիալական տարբեր խնդիրներ ունեցող մարդիկ, սակայն նկատենք, որ նախկին հանդիպումների պես հրապարակը բազմամարդ չէր։

Գագիկ Ծառուկյանին դիմավորեցին «Ծառուկյան, վարչապետ» գոչելով, նրա ելույթն էլ պարբերաբար ընդհատում էին՝  նույնը կրկնելով։

ԲՀԿ առաջնորդը իր խոսքը սկսեց անվտանգ հայրենիք  ու հզոր պետություն ունենալուց։ Սակայն նշեց, որ ժողովուրդը պարտքերի, վարկերի տակ է, աշխատատեղեր չկան, երիտասարդները չեն ամուսնանում բնակարաններ չունենալու պատճառով։

Ըստ Գագիկ Ծառուկյանի, Հայաստանում կա 650 հազար ընտանիք,  62 միլիոն 107 վարկառու։

«Ժողովուրդ ջան, մինչև չկարողանանք մեր ժողովրդին ապահովել աշխատանքով, մեր ժողովրդի վարկերը, պարտքերը, տույժերը փակել,  անհնար է ունենանք հզոր պետություն։ Հզոր պետություն լինում է այն ժամանակ, երբ ժողովուրդը բարեկեցիկ կյանքով ապրում է, ոչ թե ամեն ընտանիք ճարահատված 3-4 վարկ է վերցնում, որ վարկերը փակի, տունը չկորցնի, փողոցում չհայտնվի։

Ժողովուրդ ջան, էս երկու տարում տույժ-տուգանքներն էնքան են կուտակվել, որ ցանկացած քաղաքացի հույս չունի փակելու։ Մարդը մտահոգ է , հիասթափված է․ ոչ մեկին  ո՛չ ուզում է լսի, ո՛չ ուզում է հավատա, իր դարդ ու ցավով է՝ իր օրվա խնդրով մտահոգ, որ մնալու է փողոցում, կորցնելու է, գործ չկա։

Ամեն ընտանիքից 2-3-4 մարդ վարկի տակ է։ էլ էդ մարդը ո՞նց կարող է հզոր, բարեկեցիկ լինել։ Այդ բոլորը կուտակվել  է  այս երկու տարում՝ արտակարգ իրավիճակ, տնտեսական ճգնաժամ, համաճարակ, պատերազմ», -ասաց  Գագիկ Ծառուկյանը։

Նա նաև նշեց, որ իր հաշվարկներով, մեկ միլիարդ  դոլար է անհրաժեշտ ժողովրդին  վատ վիճակից հանելու համար։ Իշխանության գալու դեպքում  իրենք  պետական մակարդակով այդ գումարը կտրամադրեն, որպեսզի ժողովուրդը  վարկերը փակի, դուրս գա այս խայտառակ վիճակից։

Նրա պատկերացմամբ, Սովետական Միության տարիներին որ մարզը, որ քաղաքը ինչ արդյունաբերությամբ որ զբաղվել է, այդ նույն գործարանները պետք է բացվեն։ Իսկ իրենք փող կբերեն Հայաստան, ժողովրդի վարկերը կտան, նաև ներդրումներ կանեն։

Նա ասաց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի արտերկիր գնացածները վերադառնան հայրենիք, ժողովրդի կեսից ավելին Հայաստանում չեն։

«Էսօր բնակչության կեսից ավելին չկա, գրանցված են, բայց չկան, մարդիկ դրսում են, արտագնա աշխատանքի են, կնոջ է թողել , երեխուն է թողել , հորն ու մորն է թողել, գնացել է, որ գլուխը կախ տունը չմտնի, որ կարողանա կերակրի, վարկերը փակի, պարտքերը տա»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Ըստ նրա, իրենք պայման պիտի ստեղծեն, որ նրանք վերադառնան ու երջանիկ ապրեն։

Գագիկ Ծառուկյանի ասելով, եթե իրենք գան իշխանության, անմիջապես  վարկերի  հարցը լուծելու են, 20 միլիարդ դոլար են երկիր բերելու՝ 1 տոկոսով, 10 տարի ժամկետով, երկու տարի մայր գումարը չվճարելու արտոնությամբ։

Նա անդրադարձավ նա գյումրեցիների 30 տարուց ավելի տնակներում բնակվելուն։

«Այսօր ունենք 2500 դոմիկներ, ցանկացած պահի ամեն մեկն իր հնարավորության սահմանում աջակցել է իր հոգու, իր խղճի համար, բայց սա պետական խնդիր է,  կարելի է մեկ տարվա մեջ լուծել։

Ժողովուրդ ջան, ասեմ՝ 3 ամսում Աբովյանում 20 հատ շենք եմ կառուցել, որը 1000 ընտանիքի էր հասնում, բայց էսօր, սիրելի գյումրեցիներ, պետությունը կարա 1 տարում  ասենք թե 2500 հոգու համար բնակարան կառուցել։ Եթե անհատը կարա  երեք ամսում 1000 հոգու համար կառուցի, կարծում եմ պետությունը կարա 1 տարվա ընթացքում լիարժեք  2500 հոգու համար կառուցել», -ասաց ԲՀԿ առաջնորդը։

Նա անդրադարձավ  նաև երիտասարդների չամուսնանալուն՝  նշելով, որ  պատճառը բնակարան չունենալն է, իսկ վարձը թանկ է։

«Տարեկան մի տաս հազար քառակուսի պիտի կառուցվի, կապ չունի  ծանոթ-բարեկամը, կուսակցական պատկանելությունը, այլ  ով որ զագսավորվում է, հերթականությամբ մարդկանց տրամադրեն», – առաջարկեց Գագիկ Ծառուկյանը։

Նա ասաց, որ երիտասարդները պիտի  ընտանիք կազմեն, բազմանան, ոչ թե երկիրը լքեն։

«2 սենյակում բնակվում է 4-5 հոգի, երիտասարդը ո՞նց ամուսնանա, ասեք հասկանամ։Դրա համար թողնում, գնում են, քայլեր պիտի կատարել։

Պետք է թոշակները բարձրանա, ժողովուրդ, ասենք դրամն արժեզրկվել է, ամեն ինչ թանկացել է, 400 դրամանոց ձեթը դարձել է 1400 դրամ, ճիշտ է, թե՞ ոչ: Բա եթե հիմա  թոշակը նույնն է մնացել, ամեն ինչ թանկացել է , մարդը ո՞նց է ապրելու, ո՞նց է  այդ վճարումներն անելու։

Գոնե 3 ամիսը մեկ, 6 ամիսը մեկ պետք է ինդեքսավորեն, գոնե նայեն՝ ինչքան է թանկացել, դրամն ինչքան է արժեզրկվել, գոնե էդ չափով կարողանան թոշակը բարձրացնել»։

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իրենց ծրագրով թոշակները 10 տոկոսով պտի ավելանան։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930