Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ տեղեկացրել են, որ համայնքների վերջին միավորման մասին միավորվող համայնքներն իրենք իմացել են մամուլից». ԵԽ Կոնգրեսն ընդունեց Հայաստանի մասին մոնիտորինգային զեկույց

Հունիս 15,2021 21:44

«Չնայած Հայաստանի տեղական ինքնակառավարման ոլորտում տեղի ունեցող դրական տեղաշարժերի, համայնքապետարանների լիազորություններին համապատասխան չեն տրամադրվող ֆինանսական ռեսուրսները, հանրային ծառայությունների մատուցման հարցում նրանց դերակատարությունը շարունակում է մնալ սահմանափակ, ինչը հակասում է սուբսիդիարության սկզբունքին»,- ամրագրված է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) կողմից ընդունված Հայաստանի վերաբերյալ մոնիտորինգային զեկույցում:

Նշենք, որ հունիսի 15-17-ը հեռավար կարգով անցկացվում է Կոնգրեսի 40-րդ նստաշրջանը: Կոնգրեսի նստաշրջանին հեռավար կարգով մասնակցում են ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

Կոնգրեսի լիագումար նիստի ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Հունիսի 15-ին կայացած լիագումար նիստի ընթացքում Կոնգրեսն ընդունեց Հայաստանի վերաբերյալ մոնիտորինգային զեկույցը: Զեկույցը հիմնված է 2019 թվականին Կոնգրեսի համազեկուցողների՝ Հայաստան կատարած այցելության արդյունքների վրա:

Էմին Երիցյանը մտահոգություն հայտնեց, որ Կոնգրեսի համազեկուցողների այցից հետո դրական տեղաշարժ չկա ապակենտրոնացման հարցով: Նա Կոնգրեսին տեղեկացրեց՝ Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ փորձագետները պատրաստել են Հայաստանում ապակենտրոնացման վիճակի վերաբերյալ զեկույց, և արդյունքները գորշ տոների մեջ են:

Կոնգրեսի համազեկուցող Գուն Մարի Հելգեսենը հայտարարեց. «Մեզ տեղեկացրել են, որ համայնքների վերջին միավորման մասին միավորվող համայնքներն իրենք իմացել են մամուլից: Մինչդեռ, որպեսզի բարեփոխումը լինի հաջողված, համայնքներն իրենք պետք է որոշեն, պետք է նրանց ձայնը լսելի լինի, համայնքները պետք է ստանան ավելի մեծ լիազորություններ, համապատասխանաբար նաև ֆինանսական ռեսուրսներ այդ լիազորություններն իրականացնելու համար»:

Կոնգրեսի համազեկուցող Բրիոնի Ռուդկինն էլ մտահոգություն հայտնեց, որ Հայաստանում համայնքները շարունակում են ունենալ ֆինանսական սղության խնդիր իրենց պարտականություններն իրականացնելու համար: Այս պատճառով էլ շատ համայնքներ կամ չեն կարողանում իրականացնել իրենց պատվիրակված լիազորությունները, կամ դրանք իրականացնում են ոչ բավարար որակով»:

Կոնգրեսը ՀՀ կառավարությանը կոչ է անում համապատասխանեցնել համայնքներին ֆինանսական հատկացումները նրանց պատվիրակվող լիազորությունների հետ:

Բրիոնի Ռուդկինը նաև դատապարտեց պետական չարդարացված միջամտությունը համայնքների լիազորությունների իրականացման հարցում, վարչական վերահսկողությունը: Նա հորդորեց ՀՀ իշխանություններին ապահովել կառավարության, տեղական իշխանությունների և ասոցիացիաների միջև խորհրդակցական մեխանիզմները, որոնք ընդհանուր առմամբ այժմ տեսանելի չեն Հայաստանում: Համազեկուցողների բնութագրմամբ՝ կարծես նրանք բարիկադի երկու կողմերում լինեն: Կոնգրեսի համազեկուցողը շեշտեց՝ դա հակասում է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթներին:

Զեկույցով Կոնգրեսն ողջունում է կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնությունները ՝ կապված տեղական հանրաքվեների, հանրային լսումների և համայնքապետարանների ֆինանսական օժանդակության հետ կապված: Միևնույն ժամանակ Կոնգրեսը մտահոգություն է հայտնում, որ տեղական իշխանությունները իրենց իսկ ֆինանսակավորմանը վերաբերող հարցերում բավարար ներգրավվածություն չունեն, ինչպես նաև նրանց հետ չեն ապահովվել խորհրդակցական մեխանիզմները իրենց իսկ համայնքների վարչատարածքային փոփոխությունների վերաբերյալ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930