Այսօր վաղ առավոտից «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները, ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ շրջում էին Վանաձոր քաղաքի տարբեր թաղամասերում, հանդիպում ընտրողների հետ:
Իսկ արդեն երեկոյան հանրահավաք անցկացրեցին Արցախ պուրակում: Հանդիպման ժամանակ Էդմոն Մարուքյանը, դիմելով ժողովրդին ասաց, որ նախկին ու ներկա իշխանությունները երկիրը տանում են քաղաքացիական պատերազմի. «Երկիրը շատ պառակտված է, հասարակությունը պառակտված է: Ամենօրյա ռեժիմով երկրում գնում է ատելության քարոզչություն, ամենօրյա ռեժիմով երկրում գնում է բռնության քարոզչություն: Եվ մեր երկրի նախկին, ներկա ղեկավարները հաստատուն քայլերով մեզ բոլորիս տանում են քաղաքացիական պատերազմի: Արդեն մի քանի օր է, բացի բռնության մասին խոսակցությունները, գործող վարչապետը չաքուչով է քարոզարշավն իրականացնում: Այսօր Սերժ Սարգսյանն ասել, է որ դագանակով պետք է գլխին տալ չաքուչով եկողների դեմ: Մինչ այդ, Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ դուելի է կանչում:
Եվ ահա, այս պայմաններում մենք գնում ենք ընտրությունների»,- ասաց Էդմոն Մարուքյանն ու հավելեց, որ ստեղծված իրավիճակում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ընտրություններին մասնակցում է մեկ օրակարգով՝ համախմբման ու համերաշխության. «Ի՞նչ է սա նշանակում: Այսինքն երկրի վիճակն այնքան բարդ է, այնքան ծանր է, որ մենք այլեւս ժամանակ չունենք եւ ճոխություն է իրար կոկորդ կրծելու այս քարոզչությունը: Ճոխություն է իրար դեմ չաքուչներ, դագանակներ հանելու այս քարոզչությունը: Եվ հետեւաբար մենք ասում ենք, որ մենք ունենք հնարավորություն հունիսի 21-ին համախմբելու ամբողջ քաղաքական դաշտը: Հունիսի 21-ին բոլորով, միասնական ձեւավորելու ազգային համաձայնության կառավարություն՝ ներառական մեթոդով, որտեղ կլինեն բոլորը: Եվ ահա մենք բոլորի ներուժը ներառելով կսկսենք շենացնել մեր երկիրը»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ