ՔՊ վարչության անդամ, պատգամավորության թեկնածու Հակոբ Արշակյանն այսօր Կապանում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց, որ մի մեծ հարստություն ունեինք՝ արդյունաբերական Հայաստան, գործարաններով լի, մեր նախկին իշխանությունները այդ ամենը մսխեցին կազինոներում ու գինետներում. «Այսօր ինստիտուցիոնալ առումով Հայաստանը կարող ենք համեմատել մի օրգանիզմի հետ, որն ունի լսողություն, տեսողություն, սիրտ, գլուխ, մարսողություն ու այդ ամենը ծանր վիճակում է հայտնվել հենց նրա արդյունքում, որ այդ ամենը մսխվել, ծախսվել է ապաշնորհ կառավարման արդյունքում»:
Արշակյանն ասաց, որ այսօր պատերի տակ հայհոյել են ընտրողներին. «Մի անբարո բան է տեղի ունենում,այստեղ պատերի տակ մարդիկ հայհոյում են ընտրողներին: Սիրելի ժողովուրդ, դուք այդքան դուխ ունե՞ք, որ հայհոյում եք, անցնում եք այդ բարոյականության սահմանները: Հայհոյեք ժողովրդին թալանածներին, եթե կարողանում եք հայրենասիրություն դրսեւորել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ