Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը փաստաթուղթ էր հրապարակել, ըստ որի՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Թուրքիայի գործակալ է։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արարատ Միրզոյանը հաստատել էր, որ ստորագրել է այդ փաստաթուղթը, ասելով, թե ԱԱԾ-ն դիմել է իրեն որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտի և գիտաշխատողի, և ինքը որպես հայրենասեր մարդ պատրաստակամություն է հայտնել օժանդակել ազգային անվտանգության ծառայությանը։
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը իր ֆեյսբուքյան էջում ևս անդրադարձել էր Միրզոյանի՝ գործակալ լինելուն։
Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ աշխարհի բոլոր երկրները պետք է ունենան հատուկ ծառայություններ, որոնք լուծում են երկրի անվտանգության խնդիրը՝ հիմնականում ուշադրություն դարձնելով արտաքին հետախուզությանը։
«Իմ գրառումը չէր վերաբերում հատուկ ծառայություններին, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության աշխատողներին։ Շատ դեպքեր կան և՛ համաշխարհային պատմության մեջ, և՛ նորագույն պատմության մեջ տարբեր երկրների, որ հատուկ ծառայությունների աշխատողները և նաև բարձրաստիճան պաշտոնյաները քաղաքականություն են հետագայում մտել և զբաղեցրել են նաև բարձր պաշտոններ՝ նախագահի, վարչապետի և այլն։ Հիշենք՝ Հեյդար Ալիևին, Էդուարդ Շևարդնաձեին, Պուտինին, Ամերիկայի նախագահներին, որոնք անցել են այդ ճանապարհը, Իսրայելի վարչապետներին։ Խոսքը նրանց մասին չէ, խոսքը ազգային անվտանգության աշխատակիցների մասին չէ։ Խոսքս, այսպես ասած, «ստուկաչների» մասին է»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Ավետիք Իշխանյանի խոսքով՝ մարդկանց պարզապես հավաքագրել են, որ իրենք տեղեկություններ տան իրենց շրջապատի մասին. «Ընդհանրապես քաղաքակիրթ հասարակությունները չեն ընդունում այդ տիպի մարդկանց։ Երբ որևէ մեկը այլ տեղ է աշխատում, բայց համագործակցում է և մատնում է իր հարազատներին։ Եվ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իմ պատկերացմամբ, ոչ այնքան զբաղվում էր իր կարևոր գործառույթներով, որքան իշխանությանը սպասարկելով»։
Նա նշեց, որ 90-ականներից սկսած շատ գործիչներ ԽՍՀՄ ՊԱԿ (պետական անվտանգության կոմիտե) և ԱԱԾ գործակալների լյուստրացիայի հարց են բարձրացրել. «Վերջին շրջանում՝ հատկապես հեղափոխությունից հետո, այդ նույն հարցը միշտ բարձրացրել են Հայաստանի քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ։ Եվ աբսուրդը կայանում է նրանում, որ երբ որ պարզվում է, որ այդպիսի անձնավորություն է եղել Ազգային ժողովի նախագահը, այդ նույն քաղհասարակության ներկայացուցիչները, որոնք անընդհատ այդ հարցը բարձրացրել են, չեն պահանջում նրա հրաժարականը և որ ցուցակում այլևս չլինի, այլ շարունակում են աջակցել այս քաղաքական ուժին։ Սա նշանակում է, որ Հայաստանի քաղհասարակության շատ ներկայացուցիչներ, եթե ոչ բոլորը, սկզբունքներ չունեն»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ