Տնտեսական աճի կանխատեսումը կենտրոնական բանկը վերանայել է. 2021 թվականին տնտեսական աճն, ըստ ԿԲ ղեկավար Մարտին Գալստյանի, կլինի 4,6 տոկոս: Այսօր Կենտրոնական բանկում պարոն Գալստյանը մեկնաբանեց՝ ինչու է կանխատեսումը փոխվել: Ասաց, որ տնտեսական աճին հիմնականում կնպաստի ծառայությունների ոլորտը, որը նախկինում կանխատեսված 1,2 տոկոսից վերանայվել է՝ դառնալով 6,1 տոկոս: Իսկ արդյունաբերության աճն էլ 0,7-ից՝ 4,5 տոկոս, որն էլ հիմնականում պայմանավորված է հանքահումքային ապրանքների գների աճով եւ արդյունահանման ծավալների ավելի մեծ լինելով: Մարտին Գալստյանի խոսքով, տուրիզմի որոշակի ակտիվություն է նկատվում, ինչը նույնպես անդրադառնում է ծառայությունների աճի վրա: Փոխարենն, ըստ Մարտին Գալստյանի, մասնավոր ներդրումները շարունակում են պասիվություն դրսեւորել:
Հիշեցնեն, որ այսօր ԿԲ-ն հայտարարեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսով բարձրացնելու մասին: Պարոն Գալստյանն ասաց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման հետեւանքով վարկերի տոկոսների որոշակի բարձրացում տեղի կունենա, որը կազդի ներդրումների վրա: Ըստ ԿԲ ղեկավարի, միջազգային շուկայում պղնձի պահանջարկ կա եւ գները չեն նվազի: Իսկ համաշխարհային պահանջարկի արագ աճի եւ մի շարք ապրանքային շուկաներում առաջարկի սահմանափակ հնարավորությունների հետեւանքով հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում պահպանվում է բարձր գնաճային միջավայր:
«Մեր գործողությունները միտված են մասնավոր սպառման արագանցիկ աճը որոշակիորեն զսպելուն, որովհետեւ այն իր մեջ պարունակում է որոշակի գնաճային էլեմենտներ: Մենք պետք է հետեւողականորեն գնանք նրան, որ գնաճը կայունացնենք մեր թիրախի շուրջ»,-ասաց Մարտին Գալստյանը: Ըստ նրա, կանխատեսվում է, որ կարճաժամկետ հատվածում 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետեւ աստիճանաբար կնվազի եւ կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ:
Կարդացեք նաև
Հարցին՝ ընտրություններն ի՞նչ ազդեցություն կթողնեն տնտեսության վրա Մարտին Գալստյանն ասաց, որ Կենտրոնական բանկի բազային սցենարով, ընտրություններն անցնում են հարթ, առանց միջադեպերի եւ քաղաքական գործընթացները տնտեսական գործընթացների վրա ազդեցություն չեն ունենում: Ինչ վերաբերում է պատվաստումները որքանով կօգնեն, որպեսզի տնտեսական ակտիվությունը վերականգնվի, ԿԲ ղեկավարն ասաց, որ գործընթացը որոշակիորեն առաջ է գնում, բայց ակնկալում են, որ պատվաստման գործընթացն ավելի պետք է արագ լինի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ