Այսօր Մեղրիում նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց՝ իր բոլոր սխալների ու բացթողումների համար: Փաշինյանին մոտեցավ մի մեղրեցի՝ ներկայանալով պահեստազորի գնդապետ Զաքարյան՝ ասելով. «Ես խոսում եմ բազմաթիվ մեղրեցիների անունից: Ուզում եմ խոսել մի մարդու մասին, ով իր ամբողջ կյանքը նվիրել է այս պետությանը, պետականությանը, ամբողջ կյանքը դրել է նրա զարգացման գործի մեջ եւ երբեք ոչ մի կառավարության կողմից չի գնահատվել: Խոսքը Դավիթ Մաթեւոսյանի մասին է: Խնդրում եմ, որ ձեր կառավարությամբ որոշում կայացրեք, Դավիթ Մաթեւոսյանին բոլորն են ճանաչում, այդ թվում՝ դուք, գիտեք, թե ինչ անցյալ ունի Դավիթ Մաթեւոսյանը ու նրան կարելի է շնորհել Ազգային հերոսի կոչում՝ ի տարբերություն շատ շատերի: Թող ինձ ներեն, ով համաձայն չլինի: Բոլոր մեղրեցիները ճանաչում են այդ մարդուն եւ իր արածը, բոլորս գիտենք, թե հանրապետության մասշտաբով ով է»:
Փաշինյանը արձագանքեց. «Դավիթ Մաթեւոսյանն իմ ընկերն է ու ընկերն է եղել: Ես ուզում եմ դուք իմանաք, որ նրա մահվանից ոչ շատ առաջ ես նրա հետ հանդիպում եմ ունեցել, մենք խոսակցություն ենք ունեցել ու նրան ներգրավել եմ մեր պետական խնդիրների կատարման գործում: Ես ձեզ լսեցի, կարծում եմ, որ այո, արժանի է, բայց ես չէի ուզում եւ չէի կարող զուտ իմ ընկերական տրամաբանության մեջ այդ հարցը դնել»: Փաշինյանը խոստացավ, որ, անպայման, կդիտարկի նրա՝ պետական բարձր պաշտոնի արժանացնելու հարցը:
Կարդացեք նաև
Գնդապետը նաեւ հարցրեց՝ ուզում ենք իմանալ, եթե ընտրություններից հետո 51 եւ ավելի տոկոսով մտնեք խորհրդարան, պատրաս՞տ եք առողջ քաղաքական ուժերի հետ համագործակցելով՝ երկիրը փրկեք այս ճգնաժամային վիճակից: Փաշինյանը պատասխանեց, որ, անպայման, կդիտարկի բոլոր այդ հնարավորությունները:
Ի դեպ, Փաշինյանի նախընտրական քարոզարշավին մասնակցում են մեծ թվով դպրոցահասակ երեխաներ, որոնց Փաշինյանը հորդորում է իր հետ վանկարկել «Ապագա կա» կարգախոսը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ