Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորիս առջև շատ կարևոր խնդիր է ծառացած՝ մեր մշակութային, ազգային ժառանգության պահպանությունը». Երևանում անցկացվում է «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 10-րդ միջազգային սեմինարը

Հունիս 15,2021 18:08

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցությամբ հունիսի 15-18-ը Երևանում անցկացվում է «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 10-րդ միջազգային սեմինարը:

Այս տարի սեմինարը նվիրված է Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակին։

Սեմինարին մասնակցում են վերականգնողներ, ֆոնդապահներ, թանգարանային աշխատողներ, գրադարանավարներ, արխիվագետներ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ ԱՊՀ երկրներից, Եվրոպայից և Վրաստանից:

«Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 10-րդ միջազգային սեմինարի բացման արարողությունն այսօր տեղի է ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Նախարարի տեղակալը ողջունել է մասնակիցներին, հյուրերին՝ սեմինարի շրջանակում մաղթելով մասնագիտական ձեռքբերումներ, հետաքրքիր և արդյունավետ օրեր: Արա Խզմալյանն իր երախտագիտությունն է հայտնել ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամին՝ շարունակական աջակցության, համագործակցության և անցած տարիներին համատեղ իրականացրած սեմինարների «խոսուն» արդյունքների համար:

«Այս տարի սեմինարը մեզ համար իրականանում է շատ արտասովոր պայմաններում՝ համավարակով պայմանավորված շուրջ երկու տարի տևողությամբ ընդհատված մարդկային, մասնագիտական շփումներով և հետպատերազմական իրավիճակով: Այդ իսկ պատճառով սեմինարը մեզ համար այս անգամ ունի ոչ միայն մասնագիտական, այլև հսկայական բարոյահոգեբանական նշանակություն: Համավարակը մի կողմից ցույց է տվել թվային տեխնոլոգիաների կարևորությունը՝ մասնագիտական շփումներում, մյուս կողմից ընդգծել է մարդկային, մասնագիտական կենդանի շփումների անփոխարինելիությունը»,- նշել է Արա Խզմալյանը և հավելել, որ 10-րդ հոբելյանական սեմինարն ամենամեծ նվերն է մասնագետներին. այն բարդ պայմաններում իրականություն է դարձել՝ շարունակելով իր առաքելությունը մարդկային ու մասնագիտական նոր կապերի ձևավորման ուղղությամբ:

Տեսակապի միջոցով սեմինարի մասնակիցներին ողջունել է Ռուսաստանի պետական գրադարանի գլխավոր տնօրեն Վադիմ Դուդան:

«Մեր գրադարանի ֆոնդապահների, վերականգնողների, բոլոր աշխատակիցների և իհարկե իմ անունից շնորհավորում եմ այս հրաշալի սեմինարի կայացման կապակցությամբ: Բոլորիս առջև շատ կարևոր խնդիր է ծառացած՝ մեր մշակութային, ազգային ժառանգության պահպանությունը: Փնտրելով պատասխաններ այս ընդհանուր խնդիրների լուծման ուղղությամբ՝ շատ կարևոր է այլ երկրների և քաղաքների մեր գործընկերների փորձառությունը: Այս համատեքստում սեմինարն արդեն 10 տարի հրաշալի հարթակ է մտքերի, փորձի, գիտելիքների փոխանակման, արդի մարտահրավերների և խնդիրների, ֆոնդերի կոնսերվացման մասնագետների հանդիպումների և քննարկումների համար: Ուրախալի է, որ այն հարթակ է ոչ միայն ԱՊՀ, այլև եվրոպական երկրների փորձագետների՝ պատմամշակութային ժառանգության ոլորտի վերականգնող մասնագետների համար: Վստահ եմ, որ մեր աշխատանքը պահանջում է հենց անձնական շփումներ, ինչը փորձի և տեղեկությունների փոխանակման լավագույն ձևաչափն է: Մեր գրադարանի համար շատ կարևոր է մասնակցությունը «Հիշողության կերպարանքներ» սեմինարին, քանի որ դրա շրջանակում իրականացվող կենդանի շփումները հնարավորություն են տալիս փորձագետներին և մասնագետներին վերապատրաստվել և գրանցել մասնագիտական աճ»,- նշել է Ռուսաստանի պետական գրադարանի գլխավոր տնօրենը՝ սեմինարի մասնակիցներին մաղթելով մասնագիտական հաջողություններ, արդյունավետ, ստեղծարար կապերի ձեռքբերում:

Նշենք, որ սեմինարն անցկացվում է միաժամանակ երկու բաժիններում. առաջին բաժինը նախատեսված է վերականգնողների համար, երկրորդում կներգրավվեն ֆոնդապահներն ու գրավոր ժառանգության պահպանման համար կիրառվող բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները: Բաժանմունքների աշխատանքը կընթանան Հայաստանի ազգային պատկերասրահում և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում:

Մասնագետները կմասնակցեն վարպետության դասերի, կունկնդրեն հեղինակավոր փորձագետների զեկույցներ՝ մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտում առկա խնդիրների, դրանց լուծման ուղիների մասին:

«Հիշողության կերպարանքներ» միջազգային սեմինարի խնդիրն է՝ բարձրացնել թանգարանային, գրադարանային և հուշաձեռագրային ֆոնդապահների և վերականգնողների որակավորումը, որոնք հետագայում, անհրաժեշտության դեպքում, կկարողանան ինքնուրույն փոխանցել ձեռք բերված հմտություններն ու գիտելիքները:

Սեմինարը, անկասկած, օգտակար է նաև թանգարանների, արխիվների և գրադարանների երիտասարդ աշխատակիցների համար, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում ձեռագիր և տպագիր ֆոնդերի պահպանման ու վերականգնման խնդիրների, համաշխարհային պրակտիկայում բարձր տեխնոլոգիաների կիրառման նորամուծությունների նկատմամբ:

Սեմինարի ծրագիրը հագեցած է նաև մշակութային միջոցառումներով:

«Հիշողության կերպարանքներ…» սեմինարի մասնակիցները ներկա են գտնվել Այվազովսկու «Չումակներ: Սայլավորներ» կտավի ցուցադրությանը

Բացման պաշտոնական արարողությունից հետո սեմինարի մասնակիցները ներկա են գտնվել Հայաստանի ազգային պատկերասրահի «Վերականգնված ցուցանմուշների պատմություն» ծրագրի շրջանակում անցկացվող Հովհաննես Այվազովսկու «Չումակներ: Սայլավորներ» (1857) կտավի ցուցադրությանը՝ կտավի վերականգնման յուրահատուկ պատմությամբ։

Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի խոսքով՝ քանի որ հյուրերի մեծ մասը ԱՊՀ երկրներից է, ուստի որոշել են ցուցադրությունը համալրել հենց Հովհաննես Այվազովսկու կտավով, քանի որ նա բոլորի նկարիչն է:

«Այվազովսկին աշխարհահռչակ ծովանկարիչ է, սակայն նրա այլ թեմաներով աշխատանքներից շատերն ինչ-որ չափով ստվերում են մնում, այդ իսկ պատճառով ընտրեցինք «Չումակներ: Սայլավորներ» աշխատանքը, որը վերականգնվել է հեղինակի 200-ամյակի առթիվ: Մինչ այդ կտավը երկար տարիներ պատկերասրահի պահոցում է եղել»,- տեղեկացրել է տնօրենը:

ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930