Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի դեմ թուրք-ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը պետք է իրականացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո. ՀՀ ԱԳՆ

Հունիս 15,2021 18:20

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Արցախի օկուպացված տարածքներ այցելության առնչությամբ

Որպես տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք՝ խստորեն դատապարտում ենք հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցելությունն Արցախի՝ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական պատմական և մշակութային կենտրոն՝ Շուշի քաղաք:

Հատկանշական է, որ այս այցելությանը նախորդել էր բռնի կերպով տեղահանված հայկական բնիկ բնակչության կրոնական և պատմամշակութային ժառանգության ավերումը, այդ թվում` Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո թիրախավորված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի սրբապղծումը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ամբողջական ոչնչացումը։

Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող նմանատիպ գործողությունները, որոնք միտված են` ամրագրելու Արցախի ժողովրդի դեմ ուժի կիրառման հետևանքները, էականորեն վնասում են տարածաշրջանում կայունության հաստատման միջազգային ջանքերին և ամբողջովին անընդունելի են։ Հայ ժողովրդի հանդեպ թուրք-ադրբեջանական ցեղասպան սպառնալիքի չեզոքացումը հրամայական է դարձնում արցախահայության իրավունքների վերականգնումը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության գրավված տարածքների դեօկուպացիան և այդ տարածքներից տեղահանված ազգաբնակչության անվտանգ վերադարձի ապահովումը:

Այս սադրիչ գործողությունները հստակորեն բացահայտում են նաև Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ պաշտոնական Անկարայի և Բաքվի կողմից հնչող հայտարարությունների կեղծ և ապակողմնորոշող բնույթը։

Մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը պետք է իրականացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930