«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանն ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներին կոչ արեց՝ անպայման մասնակցե՛ք ընտրություններին. «Մեր հայրենակիցների մի մեծ զանգված կա, որ կա՛մ չեն մասնակցելու ընտրություններին կա՛մ չեն կողմնորոշվել կա՛մ ընտրություն չեն տեսնում: Մեր քաղաքացիները պետք է արագ կողմնորոշվեն, որովհետեւ չմասնակցել ընտրություններին, ես համարում եմ դասալքություն»,-«Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում ասաց Մհեր Տերտերյանը:
Նա հորդորեց ուշադրություն դարձնել նոր ստեղծված քաղաքական ուժերի ծրագրերին, մասնավորապես՝ «Միասնական հայրենիքի», որը լուծումներ է առաջարկում թե՛ սահմանների անվտանգությունն ամրապնդելու, թե՛ գերիների հարցի, թե՛ Արցախի եւ այլ սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ: Ասաց, որ հանդիպել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, որը վստահեցրել է՝ որեւէ քաղաքացու ձայն «չի կորչի, չի փոշիանա, ընտրությունները կանցնեն վերահսկման մթնոլորտում»:
Մհեր Տերտերյանի խոսքով՝ իրենց կուսակցությունն ունի հստակ մոտեցում բանակաշինության, արտաքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական ոլորտում, հատուկ կարեւորում են սփյուռքի հետ աշխատանքը: Ասաց, որ ծրագրեր ունեն զինվորի ծառայության ժամկետը կրճատել՝ երկու տարին դարձնելով մեկ տարի, բանակաշինության գործում էլ ունեն հատուկ մոտեցումներ. «Մենք կարող ենք ստեղծել հայկական լեգեոն, պետք է պատվեր դնենք բանակի առջեւ: Յուրաքանչյուր բանակ դա պետական պատվեր է, հատկացնում են X ժամանակահատված՝ X գումարներով եւ պետք է ստանանք, օրինակ՝ կա՛մ պաշտպանական բանակ կա՛մ հարձակողական բանակ: Ինչ խնդիր դնում ենք, այդ խնդրին ձգտում ենք»:
Մհեր Տերտերյանը գտնում է, որ ընտրությունները միակ ճանապարհն են՝ առանց արյունահեղության ձեւավորելու նոր իշխանություն, կառավարություն: Կուսակցության ղեկավարն ասաց, որ հողային որեւէ զիջման դեմ են, եւ երկրի տարածքային ամբողջականությունը իրենց համար սրբության պես է, եւ այն հողային ֆոնդը, որը Հայաստանն ունի, պետք է անգամ մի թիզ չթողնել անմշակ:
Կարդացեք նաև
Բիզնեսի առնչությամբ էլ ասաց, որ այն պետք է լինի անձեռնմխելի, քանի որ դրա աշխատանքի շնորհիվ է գոյանում պետության բյուջեն:
Ասուլիսին ներկա «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Տիգրան Պարսամյանն ասաց, որ պետք է վերականգնել գյուղնախարարությունը, որպեսզի վերջինս լուծի գյուղացիների խնդիրները: Ըստ նրա՝ գյուղատնտեսությունը մեր տնտեսության 20-25 տոկոսն է կազմում եւ պետք է հասցնել նրան, որպեսզի գյուղատնտեսությունը դառնա տնտեսության 40 տոկոսը: Իսկ դրա համար, ըստ Տիգրան Պարսամյանի, չպետք է ունենանք ազատ հողատարածքներ:
Կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարի պատգամավորի թեկնածու Լուսինե Ավագյանն ասաց, որ կուսակցության գաղափարախոսությունը սոցիալ-իրավական է. «Այսինքն՝ պետք է ունենանք հասարակություն, որտեղ կա օրենքի գերակայություն, որտեղ հիմքում ընկած է յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական շահը՝ ով ընտրել է Հայաստանի Հանրապետությունը ` որպես երկիր, որտեղ պետք է ապրի: Բացի սոցիալականը, հիմքում ընկած է նաեւ ազգայինը: Այսօր պետք է ամեն ինչից վեր դասենք մեր ազգային գաղափարախոսությունը»: Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում պառակտության, քաոսի ու անտարբերության ամենաբարձր աստիճանն է, եւ «Միասնական հայրենիքը» ստանձնելու է հաշտարարի դերը:
Ըստ Մհեր Տերտերյանի՝ նախկիններին եւ ներկաներին այլընտրանքային կա եւ այդ այլընտրանքը «Միասնական հայրենիքն» է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ